Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հոկտեմբեր 05,2019 22:33

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13, ԳԼՈՒԽ 14, ԳԼՈՒԽ 15, ԳԼՈՒԽ 16

          ԳԼՈՒԽ 17

Հավիտենական սեր

 

Ավգուստան արթնացավ  պաղ քրտնքի մեջ, մղձավանջային երազից փշաքաղվելով։ Ճերմակ սարսուռներ էին վխտում մարմնի վրա, իսկ կոկորդում ճապաղել էր դառնահամ լորձը։

Հիվանդագին գունատ էին պատուհանի ապակիները, իսկ հորիզոնը երկնում էր լույս։

Վա՛խն էր շղթայել կնոջ մարմինը։

Թվում էր՝ գերբնական մեկ այլ իրականության գերին է կյանքը, և գերի է մարդն իր չվերծանվող բանականության մեջ։ Թվում էր՝ ինչ որ Մեկի քմահաճույքն է շնորհում պատասխաններ, որոնք քամում է մարդն իր օրերի հեգ չարչարանքից, իսկ ապագան կանխավ հայտնի անորոշություն է լոկ։ Եվ երկնքի երազից մտամոլոր կինը, կյանքում առաջին անգամ, ճակատագիր էր տեսնում իր կյանքի մեջ։ Նա մտաբերում էր եղելություններ, որոնք ընդունվել էին իբրև նվեր, իբրև երջանկության առատաձեռնություն, սակայն կյանքը բոլորովին այլ պարգևներ էր հրամցրել։ Առաջին անգամ, այո՛, երբևէ առաջին անգամ նա լիակատար ազնվությամբ էր շոշափում իր խոստովանությունը, որից միշտ էլ խուսափել էր հալածական գազանի պես։ Ապա և չէր գտնվել սեփական անձի առջև անարատ ազնվությամբ կանգնելու համարձակությունը։ Դառնաղի արցունքներ էին հոսում այտերն ի վար՝ ջլատելով ուժեր, որոնք կեղծ համոզմունքով էին պահպանվել առ այս։ Ավգուստան գիտեր, որ ինքը երբեք երջանիկ չի եղել Ջերոմ Մայերի հետ, սակայն ապրել է՝ ընդունելով իսկապես արժանավոր տղամարդու իշխանությունը։ Ապրել է կարգ ու կանոնով, ամուսնական երդմանը հավատարիմ, և փաղաքշանք, սեր ու հոգատարություն է ստացել ազնվազարմ ամուսնուց, բայց կատարյալ այս փոխհարաբերություններում երբեք չի գտնվել ճշմարիտ խենթության այն թրթիռը, որից ծնվում են ճախր ու թռիչքներ։

Ժամն էր ինքնաճանաչման, և գերբնական վախից ազատություն կորզելու ժամանակն էր։

Դեմքը բարձի մեջ թաղելով՝ Ավգուստան շշնջում էր նրբանույշ բառեր, որոնք Ալեքսանդր Գոմեսի համար էին։

«Եթե կա նախախնամություն,- մտածում էր կինը,- և եթե վերերկրային կամքն է իշխում մարդկանց արարքների վրա, ապա, ուրեմն, ինչ-որ տեղ պետք է լինի նաև աստվածային գութը, և ինչ-որ մեկը աստվածային խղճահարությամբ պիտի օծվի իր մեծամեծ տառապանքի պահին»։

Ընդամենը մեկ հանդիպման ընթացքում նրանք ճանաչել էին արտասովոր զգացմունքներ, որոնք պարզաբանման կարիք չեն ունենում երբևէ։ Եվ սա շատ ավելին էր, քան մերկ հրապուրանքը, որ հաճախ է այցելում անփորձ երիտասարդներին՝ ընդունվելով իբրև սեր։

«Ոչ,- շշնջում էր Ավգուստան,- չկան պատրանքներ, և մարմնական հաճույքի ցանկություն չկա։ Այլ առկա է ձգողականության թերևս զարմանալի ու թերևս անհաղթահարելի ուժը, որ բոլորովին այլ ճշմարտություն է բացահայտում և մաքրամաքուր սիրո վկայություն ունի։ Ա՜խ, Ալեքսանդր… Չէ՞ որ իմ պատկերն էր արտացոլվում աչքերիդ մեջ, իսկ քո էության ներսում բնակվող տղամարդը փակում էր բերանդ, որպեսզի հանկարծ չշպրտես ավելորդ բառը։ Քանզի Ջերոմն էր նստած մեր արանքում՝ իր բացակա ներկայությամբ, իսկ մահը պահանջում էր սրբություն։ Բայց  չէ՞ որ կյանքը շարունակվում է, և մենք պիտի ապրենք ի վերջո, որովհետև ինչ որ Մեկը կամեցել է, որ աշխարհի ճանապարհներին նաև մե՛ր ոտնահետքերը լինեն»։

Լույս էր թափվում պատուհանից, իսկ վաղորդյան շողերը պարզաջրում էին ապրումներ, որոնք թելի պես նուրբ կնճիռներ էին թողել երիտասարդ կնոջ աչքերի անկյուններում։

* * *

Ապրիր ինձ հետ քո օրերի վայելքը, սեր իմ, և մենացիր կանացի իմ գաղտնարաններում։

Ալեքսանդր…

Մենք բոլորս մանկանում ենք երբևէ և վերադառնում ենք այնտեղ, ուր բովանդակ աշխարհն է պարփակված սիրո աննշան հատիկի մեջ։

Մենք ցանկանում ենք ապրել հենց այն, ինչը չենք ապրել, այլ դատապարտել ենք մահվան՝ անփութորեն թողնելով սիրո աննշան հատիկի մեջ։

Եվ մենք բոլորս ծնկում ենք ակամա, երբ հանկարծ հասունանում են ակնթարթներ, որոնք մնացին անձայնության մեջ, քանզի չգտնվեց ամենակարևոր ու ամենաանհրաժեշտ խոսքն այնժամ, երբ ժամանակը հոսում էր դեռ։

Հրաժեշտ…

Երբևէ ամենահանդիսավոր և ամենատխուր պահը, որ չենք ընտրում, բայց տրվում է երբևէ։

Այսպես ուժասպառվում է մարդը՝ իր եզակի գոյության մեջ բազմիցս գայթելով, բազմիցս պատռելով կենաց շապիկը, որի վրա արցունքի աղն է չոր։

Ես չեմ ընդունում լռությունը, երբ սիրելի մարդն է բացակա, չեմ հասկանում այն իրականությունը, որ շարունակություն չունի։

Ահա գալիս եմ՝ «Մի սպանի՛ր» պատվիրանը վկայելով, սակայն չգիտեմ, թե պատվիրան Տվողն ինչպես է հանդուրժում իր պատկերով արարված հողեղենի վախճանը։

Ահա գալիս եմ, սեր իմ, քանզի չունեմ քո ներկայությունը կորցնելու ուժն ու առանց քեզ ապրելու համարձակություն չունեմ։

Արմատախիլ ճշմարտություններ…

* * *

Սպասման և անորոշության օրեր մաշելով՝ Ավգուստան փափագում էր Ալեքսանդր Գոմեսի վերադարձն ու երազում էր հանդիպում, որից փոխհարաբերություններ կարող էին սկզբնավորվել։ Սերը գաղտնիք էր սրտի մեջ, և չէր գտնվում սրտամոտ մի մարդ, ում կարելի էր վստահել նվիրական ճշմարտությունը։ Ավգուստան խուսափում էր ընկերական հավաքույթներից, բոլոր այն վայրերից, որտեղ ծանոթ և հետաքրքրասեր կանայք կարող էին լինել։ Սիրտը փակ էր անգամ Մերի Ռոբինսոնի համար։ Վերջինս կասկածներ ուներ և չէր կարողանում հասկանալ, թե երիտասարդ կինն ինչով է տառապում։ Քանզի հալվում էր Ավգուստան, քանզի թախծոտ էր ու սիրադալուկ… Սիրո կայծն այրում էր կնոջ գեղեցկությունը, բայց թափանցիկ գունատությունն է՛լ ավելի գեղեցիկ էր դարձնում նրան՝ կանացի հմայքը շեշտելով։

Եղան օրեր, երբ Ավգուստան թերևս դուրս չէր գալիս այն սրճարանից, որի լուսամուտները կապիտան Գոմեսի բնակարանին էին նայում։ Նա տեսնում էր, թե ինչպես էին ներսուդուրս անում Թերեզան ու Միքայելը, իսկ Ալեքսանդրը չկար։ Այդպես անցավ շաբաթը, և Ավգուստան հասկացավ, որ կապիտանն այլևս չի կենում այս բնակարանում և անկողին չի կիսում Թերեզայի հետ։

Արդյոք որտե՞ղ, որտե՞ղ կարող էր լինել նրա սիրելի ներկայությունը, և մի՞թե կապիտանն ինքը չէր ձգտում հանդիպման։ Չէ՞ որ վերադարձի խոստում կար նրա ցնորափայլ աչքերում, իսկ լռությունը պերճախոս վկայություններ ուներ։ Իհարկե, լինում էին պահեր, երբ անտանելի կասկածներ էին հասունանում՝ խաբված լինելու սարսափ ծնելով, բայց սիրո անլեզու բոցը լափում, ոչնչացնում էր ամեն խելամտություն, և Ավգուստան կյանքից առավել սիրում էր իր սերը։

Հետո նա ծանոթություններ հաստատեց Վիետնամից զորացրված վետերանների հետ։ Նրանցից շատերը ճանաչում էին Ալեքսանդրին, քանզի հաշմանդամություն ունեին, իսկ ոմանք լեգենդներ էին պատմում կապիտան Գոմեսի մասին՝ մարդկային ֆանտազիային բնորոշ չափազանցությամբ ներկայացնելով սխրանքներ, որոնք, իհարկե, չէին կարող մոռացվել։ Նման պատմություններ լսելիս՝ Ավգուստան ցնծում էր սրտով, բայց խոսակցություններն անցնում-գնում էին, իսկ Ալեքսանդրը չէր գտնվում։

Որտե՞ղ ես…

Դո՛ւ, որ ներխուժեցիր իմ կյանքի մեջ՝ չափագրված իմ վիշտն ու ապրումները սրբագործելով։

Դո՛ւ, հեգ օրերի իմ տրուբադուր, եղերական ցնորքների վերջին կանթեղ…

Վերջին երազ…

Ճակատագի՛ր…

Սիրո անեծք, որից երջանկության մանուկներ են ծնվում, քանզի օրհնյալ է այն նզովքը, որ մեկ մարմին է դարձնում կնոջն ու տղամարդուն և սիրվում է սիրո՛ բառերով։

Որտե՞ղ ես…

* * *

Ավգուստան չէր գտնում ինքն իրենից ուժեղ լինելու զորությունը, և նրա նշաձև, խաժ աչքերում անհուսության մոմեր էին հալչում։ Արտասվելու պահանջը երբեմն դառնում էր անտանելի՝ գնալ-կորչելու տարօրինակցանկություն ծնելով։ Ու թեև նա ամեն կերպ խուսափում էր հանդիպումներից, միևնույն է, մարդկանց մեջ ապրող մարդը չի կարող հանդիպումներ չունենալ։ Ահա և հեկեկում էր Ավգուստան՝ դեմքն ափերի մեջ, ճարահատության բռի մեջ մի բուռ դարձած, զբոսայգու մեկուսի անկյունում, երբ նրան գտան հավատարիմ կանայք՝ Մերի Ռոբինսոնը, Աստղիկն ու Իրինա Մալցևան։ Տեսարանն արտասովոր էր, սրտառո՛ւչ, և նրանք նախ չգիտեին՝ մոտենա՞լ, թե ոչ։ Լռելյայն հեռանալու ցանկություն ունեցան անգամ, բայց դա ակնթարթային, թույլ զեղում էր սոսկ, ու նրանք շրջապատեցին նստարանը։

Ցավոտ մի հառաչանք ազատագրվեց Ավգուստայի կրծքից, և նա, ամոթից կարմրելով, գետնի տակն անցնելու ցանկություն ունեցավ։ Այտուցված կոպերն ու քիթը անառարկելի հանցանշաններ էին, և հիմա՝ անխուսափելիորեն հասունանում էր բացատրություն տալու խնդիրը։

– Քեզ ի՞նչ է եղել, սիրելի քույրս,- ասաց Մերի Ռոբինսոնը՝ Ավգուստայի ուսերը գրկելով։

– Մի քանի անգամ այցելել ենք,- խոսքն առաջ տարավ Իրինան,- բայց դու տանը չէիր։ Ապա որտե՞ղ ես լինում։ Իսկ երեխա՞ն։ Դիաննային ո՞ւմ մոտ ես թողել։

– Ծնողներիս տանն է։

– Ծնողներիդ տա՞նը… Երբվանի՞ց։

– Չեմ հիշում…

– Ինչպե՞ս թե՝ չես հիշում,- իսկապես տարակուսելով՝ զարմացավ Աստղիկը։

– Առաջարկություն ունեմ,- ասաց Մերի Ռոբինսոնը,- եկեք հավաքվենք մեկնումեկիս տանն ու խոսենք մի բաժակ սուրճով սեղանի շուրջ։ Ի՞նչ կասեք։

Ավգուստան չէր պատասխանում։ Նա անկեղծորեն սիրում էր հավատարիմ իր ընկերուհիներին, բայց հիմա այրվում էր նրանցից ազատվելու ցանկությամբ։

– Այստեղից ամենամոտը իմ բնակարանն է, եկեք իմ տանը հավաքվենք։ Համաձա՞յն եք։- Իրինան պատասխան էր ակնկալում, բայց նրանք բոլորը, իհարկե, սպասում էին Ավգուստայի արձագանքին։

– Ես հիմա չեմ կարող,- րոպեներ անց խոսել սկսեց Ավգուստան,- այսօր ոչ մի կերպ չի ստացվի…

– Այստեղ էլ կարող ենք զրուցել,- Մերի Ռոբինսոնին աչքով անելով՝ պատասխանեց Աստղիկը,- ինչ վատ տեղ է որ։

– Լավ,- համաձայնեց Մերին,- ինչպես կուզեք։

Ապա լռություն իջավ. ձյութի պես կպչուն և մածուցիկ մի լռություն, որ չէր պատռվում ոչ մի կերպ։

– Ես չգիտեմ, թե ինչ պիտի ասեմ,- հեծկլտաց Ավգուստան՝ կրկին ծածկելով կարմրատակած երեսը,- չեմ կարող բացատրել, թե ինչ ցավով եմ տառապում, հասկանո՞ւմ եք։

Այս հայտարարությունը պատ էր, ծանրաշուք անջրպետ, որ նախադասություններ էր բացառում՝ շեշտելով ուրիշի կյանքն ու գաղտնիքը հարգելու պարկեշտությունը։ Եվ կանայք չգիտեին՝ թողնել-հեռանա՞լ՝ վշտի մեջ լքելով նրան, ով սիրված էր իսկապես, թե՞ շարունակել սատարելու, ինչ-որ կերպ օգտակար լինելու փորձերը։

– Սիրում եմ ձեզ,- կրկին խոսեց Ավգուստան,- և գիտեմ, որ անկեղծ է ձեր հոգատարությունը։ Բայց կան բաներ, որոնք բարձրաձայնելն իմ ուժերից վեր է։

– Ասա քո ցանկությունը,- ի վերջո պատասխանեց Մերին,- և մենք կանենք այնպես, ինչպես կկամենաս։

– Ես ի՛նքս կգտնեմ ձեզ… Հետո՛… Իսկ հիմա, խնդրում եմ, ճիշտ հասկացեք ինձ, հիմա չկա մեկը, ով կկարողանա վշտակից լինել։

Մենության պատեր։

Ահա այսպես, Ավգուստա Մայերը կառուցեց օդեղեն իր դղյակը՝ ինքնակամ բանտարկություն ընդունելով, իսկ դղյակի պատուհաններին մոտեցող փոստատար աղավնիները վերադառնում էին ձեռնունայն։

Ապա լինում էին օրեր, երբ Ավգուստան թափառում էր աննպատակ՝ ամենուրեք տեսնելով ուրվականներ, որոնք ժպտում էին ծաղրալից ու անհայտանում։

Աշնան առաջին անձրևների շրջանն էր։

Քամի, արցունք ու տերևներ, որ իրենց գոյության օրերն էին հաշվում։

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել