Հայաստանի ԱԳ նախարարությունը, «Արարատ» թենիսի ակումբը՝ «ROYAL Interiors» ընկերության աջակցությամբ, «Արարատ» ակումբի կորտերում կազմակերպեցին դիվանագիտական թենիսի 21-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ:
Հաղթող դարձավ Հայաստանում Էստոնիայի Հանրապետության պատվո հյուպատոսության ներկայացուցիչ Գագիկ Սիմոնյանը: Եզրափակչում նրան զիջեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարպը, իսկ 3-րդ տեղն զբաղեցրեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն:
Թենիսի դիվանագիտական առաջնությունների հիմքը Հայաստանում դրվել է դեռ 90-ականների սկզբին: Հիմնադիրը նախկինում ՀՀ ԱԳՆ վարչության պետ, այժմ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-խորհրդատվական խմբի գլխավոր փորձագետ Վահան Չարխչյանն է: Նա Aravot.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես է սկսվել նախաձեռնությունը: «1991 թվականին, երբ սկսեց ձեւավորվել Անկախ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Երեւանում աստիճանաբար սկսեցին դեսպանություններ բացվել: Դիվանագիտական մրցաշարերի անցկացման ավանդույթ բոլոր երկրներում էլ կա: Ես ինքս խաղացել եմ Վիեննայում, Բեռլինում, երբ դիվանագիտական ծառայություն էի իրականացնում: Մեր մոտ էլ այդպիսի ավանդույթ ձեւավորելու նպատակով դիմում էինք Հայաստանում գործող դիվանագիտական եւ միջազգային կազմակերպություններին, ու նրանք հաճույքով մասնակցում էին անկախ անձանց դիվանագիտական աստիճանակարգից:
Կարդացեք նաև
Հայաստանյան մրցաշարերից հինգում հաղթել եմ, մի երկու-երեք անգամ էլ զբաղեցրել եմ 2-րդ տեղ: Հիմա, չեմ խաղում, թեեւ մրցաշարը սիրողական է: Բայց ուրախ եմ, որ կազմակերպիչներն ինձ հրավիրել են՝ ներկա լինել (2014 թվականից հետո այս մրցաշարը չէր կազմակերպվել: Ա.Հ.)», – ասաց դիվանագետը:
Հարցին, թե ի՞նչ են տալիս այսպիսի մրցաշարերը, պարոն Չարխչյանը պատասխանեց. «Խթանում են դիվանագետների համագործակցությունը, ստեղծում են ընկերական մթնոլորտ: Ինչո՞ւ չէ, երբեմն այսպիսի հանդիպումների ընթացքում նաեւ լուրջ հարցեր են քննարկվում անկաշկանդ պայմաններում: Եվ որ ամենակարեւորն է՝ կոփում են առողջությունը: Գիտե՞ք, դրսում աշխատելիս նկատել եմ, որ մարդիկ ինքնաբուխ են զբաղվում իրենց առողջությամբ: Հայաստանում վերջին տարիներին են սկսել ակտիվորեն առողջ ապրելակերպ քարոզել: Եվ պատկերացրեք, տեղաշարժ կա, ինչը ողջունելի է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ