Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությո՞ւն, թե պետական հեղաշրջում

Հոկտեմբեր 05,2019 22:00

https://mirrorspectator.com. Ես երբեք 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձություները հեղափոխություն չորակեցի, երկու հիմնական պատճառով: Առաջինն այն  է, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը զիջեց բանականությամբ և իմաստությամբ, և իշխանության փոխանցումը եղավ առանց արյունահեղության:

Երկրորդն այն է, որ ճշմարիտ հեղափոխությունը, իր քաղաքական ըմբռնումով, պետք է պահանջեր, որ հիմնովին փոխվեին պետության հիմքերը, նրա Սահմանադրությունը և քաղաքական ամբողջ համակարգը: Այդպիսի բան տեղի չունեցավ: Ընդհակառակը, նոր իշխանախումբը հագավ նախորդի տարազը և, ընդհանուր առմամբ, շարունակեց նախկին կառավարությունների քաղաքական ընթացքը, բացառությամբ փտախտի (կոռուպցիայի) դեմ պայքարի հարցերի:

Այսպիսով, նոր իշխանությունը բավարարվեց գոյություն ունեցող սահմանադրական կարգով: Այս վերջինը ներկայումս խոչընդոտում է իր հետապնդած քաղաքական նպատակներին, ուստի սահմանադրական կարգի անտեսումները ստացվում են ավելի բիրտ: Ժողովրդական աջակցությունը չի կարող արդարացնել ամեն բան: Եթե Սահմանադրությունը այլևս հարմար չէ, ապա պետք է ձեռնարկվի սահմանադրության բարեփոխում: Իսկ առկա վիճակում այն պետք է հարգվի:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 26-ի իր ելույթում Վարչապետը ներկայիս սոցիալական և տնտեսական բոլոր խնդիրները վերագրեց նախկին փտած (կոռումպացված) ղեկավար ընտրանուն: Այս առումով, ասվածը խնդրահարույց է: Դատապարտել նախորդների դրամական կարողությունների ձեռքբերումը և միաժամանակ ընդունելի համարել, որ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած Հիմնադրամը ստանա այդ նույն անձանց նվիրատվությունները, այնքան էլ հետևողական ընթացք չէ: Հայտարարել, որ մնայուն զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կազմում են մեկ ամբողջություն, բայց բռնություններ բանեցնել Քոչարյանի և Սարգսյանի կառավարությունների հիմնական դերակատարների և համակիրների դեմ՝ նույնպես հետևողական մոտեցում չէ:  Ինչ վերաբերում է Վարչապետին, որ իր ամբողջ ընտրապայքարը կառուցեց իր նախորդի իշխանական ծայրահեղ գործիքակազմով, հարկ է նշել, որ այդ ամենը ոչ միայն չբարեկարգվեց, այլև խորացվեց, մասնավորապես վերացնելով հինգ նախարարություններ, ուժեղացնելով իր անձնական իշխանությունը և վարչախումբը:

Խոսուն պատկերացնելու համար այս ամենը հիշատակենք որոշ թվական տվյալներ: Հայաստանի (2,5 միլիոն բնակչությամբ) վարչապետի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 720 աշխատակիցներից: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայի (67 միլիոն բնակչությամբ)   վարչապետի աշխատակազմը կազմում  է 1900 մարդ:

Ինչպե՞ս կարելի է արդարացնել նման քաղաքականությունը: Արդյոք սա անվստահությո՞ւն է իր շրջապատի հանդեպ: Սա համոզմու՞նք է, որ ինքը միակն է, որ կարող է իրականացնել փոփոխությունները: Սա իշխանությունը չկիսելու կա՞մք է: Վա՞խ է, որ նախկին հանրապետական իշխանությունները կվերականգնվեն պետական մարմիններում: Հավանաբար այս բոլոր ազդակները առկա են միաժամանակ: Խնդիրների բազմությունն այնպիսին է, որ անկարելի է մեկ անձի մեջ մեկտեղել ռազմավարական մտածողությունը և կազմակերպել ընթացիկ գործունեությունը, մանավանդ որ վարչապետի անմիջական շրջապատը կազմված է առանց քննական մտքի և անփորձ անձանցից:  «Զվարճալի» է տեսնել 28 տարեկան նախարար, որ նշանակման պահին ասում  է, թե ինքն արդեն ունի նշանակալից փորձառություն: Մտահոգիչ է նաև այն, որ այս կամ այն բնագավառում, երիտասարդ նախարարները հարկադրված են այստեղից-այնտեղից ծրագրերի և առաջարկությունների կարկատաններ անել, քանի որ իրենք եկել են միջազգային կառույցներից և տեղյակ չեն երկրի ներքին ու պատմական կացությանը կամ մարդկանց  մտայնությանը:

Իրականացված դրական փոփոխությունները կարևոր առաջընթաց են: Դրանք վերաբերում են փտախտի (կոռուպցիայի) դեմ ելույթներին, նախաձեռնություններին և պայքարին, ինչպես նաև այն պահանջներին որ վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու և ձեռնարկության կողմից պետական բյուջեի օգտին հարկեր վճարելուն, պետական պաշտոնյաների անբասիր վարքագծին, պետության  և հասարակության շահերի դեմ շահադիտական գործողությունների անթույլատրելիությանը:

Ճիշտ է, որ փթածությունը (կոռուպցիան) սպառնալիք է ազգային շահերին: Սակայն նախկին երկու ղեկավարներին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և իրենց գործընկերներին այդ ամենը վերագրելն արդյո՞ք ազդում է նշված ախտի առաջացման պատճառների վրա: Չեմ կարծում, քանի որ այդ ախտն արմատացած է մարդկանց մտայնության մեջ խորհրդային պետության ծննդից ի վեր և փոխանցվել է սերնդե սերունդ: Եսասիրական անհատապաշտությունը սոցիալական բոլոր խավերում ընդունեց սանձարձակ ձևեր Խորհրդային Միության անկումից հետո, կարևորելով անհատական շահը և անտեսելով պետականը: Ամենից ավելի ճարպիկները և եսասերները մյուսներից ավելի շատ օգտվեցին ստեղծված կացությունից: Իհարկե անհրաժեշտ է դատել դրանցից ոմանց՝ իբրև օրինակ մյուսներին և ողջ հասարակության համար, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում Սահմանադրության կոպիտ խախտումերով ներկայիս դատական հալածանքը մի շարք անձանց դեմ: Ավելին, անհրաժեշտ է կրկնել, որ եթե «վերացնենք» բոլոր այն անձանց, ովքեր փտած (կոռումպացված) անցյալ ունեն, ապա կհանգենք հայկական պետության անհետացմանը:

Ներկա կառավարության մի շարք անդամներ կամ խորհրդարանական մեծամասնության անդամներից ոմանք չեն  կարող զերծ մնալ այդ ամենից: Բարձրաստիճան պաշտոնյաների «հրաժարականները» ի ցույց են դնում նման ինքնաքանդման սահմանները: Գործարար և նախկին դեսպան Միքայել Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան) առաջարկում է վերջ տալ այս ատելության և բաժանման քաղաքականությանը: Ես կիսում եմ այդ մոտեցումը: Պետք է օգտվել նախկին երեք նախագահների փորձառությունից, անգամ անտեսելով նրանց իշխանության ժամանակաշրջանի այն սխալներն ու ապօրինությունները, որոնց մի մասը նույնիսկ կարել է համարել քրեական հանցագործություններ: Հետապնդումների քաղաքականության դադարեցման համար նպատակահարմար կարելի է համարել անցումային արդարադատության համակարգի ստեղծումը, որը կզբաղվի զանազան խախտումների և դատապարտելի այլ արարքների բացահայտմամբ:

Հայաստանը, ներքին  և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար կարիք ունի իր բոլոր ուժերի հաշտեցմանը: Պետության ղեկավարը պարտավոր է միավորել ազգին, երաշխավորել հարգանքը Սահմանադրության  հանդեպ և բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը  օրենքի առջև: Ներկայիս լարվածությունը սպառնալից է, իսկ Վարչապետի բազմաթիվ հայտարարությունները և որոշումներն ավելի քան մտահոգիչ են:

Նախ, Վարչապետն ինքն է ասում, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չեն կարող քաղաքական գործունեություն ունենալ: Նման բան հայտարարելը և միաժամանակ ժողովրդավարություն հաստատելը հակասության մեջ են մտնում, քանի որ ինքը չէ , որ կարող է նման բան որոշել՝ դա անում են քվեատուփերը:

Երկրորդ, սեպտեմբերի 23-ին, Լոս Անջելեսում կայացած մամլո ասուլիսում, Վարչապետը հայտարարեց, որ չի կարելի բացառել, որ կառավարությունը միջամտի Եկեղեցու գործերին: Պնդեց, որ եթե հայ ժողովուրդը ցանկանա, ապա կառավարությունը միջամուխ կլինի Եկեղեցու գործերին: Այդ դեպքում Կառավարությունը դա դարձնելու է օրակարգ և կքննարկելո՞ւ է, թե կան գործնական միջոցներ նման միջամտության համար:

Երրորդ, Վարչապետը պետության ղեկավարի համար անվայել կարծիք է հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում (13 սեպտեմբերի, Երևան): ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչների առջև, նա ասել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ, ո՞վ է մարդ, ո՞վ կարող է տեր լինել իր իրավունքներին, որոշ դեպքերում անհրաժեշտություն կարող է լինել ճշտելու, թե արդյոք ոմանք ավելի մարդ են, քան մյուսները… Սա նույն ա՞նձն է, որ ՄԱԿ-ի ամբիոնից պաշտպանում է մարդու իրավունքները: Այս խոսքերը կարող էինք անտեսել, եթե նկատի չունենայինք Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների խախտման հանգամանքները:

Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԵԱՆ

Վերջին ամիսներին միջազգային ասպարեզում ականատես եղանք Հայաստանի վարկի տեսանկյունից քիչ պատվաբեր դրվագների, որոնք ցուցադրում են մենատիրական խոտորումներ: Այս խնդիրը ավելի քան հակասական է: Վարչապետը միջազգային հանդիպումներում գովերգում է «թավշյա հեղափոխության» արդյունքները և Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը: Սակայն, բանն այն է, որ տարածաշրջանային և միջազգային շրջանակներում ուր պետությունների ղեկավարները տևաբար ավելի զգուշավոր են իրավունքի գերակայության և ժողովրդավարության հարցերում, ՀՀ վարչապետի վարկն այժմ զգալիորեն տկարացած է:

Արդարև, Վարչապետի կողմից սահմանադրական կարգի ներկայիս խախտումները բավականին կոպիտ են: Այդ իրավիճակում, արդեն հնարավոր է թվում անտեսել Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները, մասնավորապես Ռ. Քոչարյանի հետ կապված հարցերով (մի՞թե Վարչապետն ավելի իրավասություն ունի, քան Սահմանադրական  դատարանը կամ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները), կամ հրապարակավ հրահանգելու դատավոր Աննա Դանիբեկյանին Ռ. Քոչարյանի վերաբերյալ գործի կապակցությամբ:

Հայաստանի Վարչապետի գործելաոճն իրեն մոտեցնում է նախագահ Էրդողանին (2016թ. նա մերժել է Սահմանադրական դատարանի «անօինական որոշումները», որով պահանջվում էր ազատ արձակել ապօրինի բանտարկված երկու լրագրողների): Կարելի է զուգահեռներ անցկացնել նաև պետական կառույցների և քաղաքացիական շրջանակների մեջ: Օրինակ, գյուլենական շարժմանը հարելու ենթադրությամբ, Էրդողանի կատարած կադրային ջարդը և Հայաստանի վարչապետի ձգտումը նույնն անելու հայկական պետական կառույցներում և կրոնական շրջանակներում բոլոր այն անձանց հանդեպ, որոնք կարող է ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած լինեն Հանրապետական նախկին կուսակցության, իշխանության կամ Ռ. Քոչարյանի հետ:

Հարձակումները Սահմանադրական դատարանի անդամների դեմ և նրանց պաշտոնանակ անելու բացահայտ միտումը կոպտորեն խախտում են Սահմանադրությունը: Այդ փորձերը սկսել են նոր դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամներին ուղղված նամակով, որով լեզվական իմաստագիտության և մեկնաբանության մեկ աննշան հարցով ժխտում էր դատավորների իրավասությունը: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը մերժել է նման փաստարկումները, հիշեցնելով, որ Սահմանադրության 213 և 215 հոդվածները հստակորեն նախատեսում են, որ օրենսդրական փոփոխություններից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի Նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը: Այս ամենը շարունակվում է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի բոլորովին աննախադեպ նախաձեռնությամբ, որին աջակցում է արդարադատության նախարարը՝ ընդունել որոշում Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու համար:

Աշխարհում չկա որևէ այլ պետություն, ուր հնարավոր լինի հանդես գալ նման նախաձեռնությամբ: Այդ սահմանադրական կարգի խախտումը վերածվում է ծանր հարվածի, որ տանում է դեպի մենատիրություն (դիկտատուրա): Անկարելի է կառավարական ակտով կամ խորհրդարանական  օրենքով պաշտոնանկ անել դատավորների, բացառությամբ այն դեպքերի, երբ հաստատվի նրանց կողմից «ոճիր» գործելու փաստը: Կացությունը անհեթեթ է: Սահմանադրական դատարանի առաքելություններից մեկը կայանում է ընդունված օրենքների սահմանադրականության ճշտումը՝ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկության վերաբերյալ նման օրենքը պետք է մերժվի: Ուստի, մի քանի օրից, հավանաբար  շրջանառության մեջ կդրվեն Հրայր Թովմասյանի կողմից թույլ տրված պաշտոնական դիրքի չարաշահումների մասին լուրեր:

Հայաստանն ինքն իրեն ծիծաղելի է դարձնում Սահմանադրական դատարանի դեմ ուղղված այս բռնի գործողությամբ: Վարկաբեկվում են կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Այս հակաժողովրդավարական կացությունը սպառնալիք է հանդիսանում հանրապետության հիմքերի համար: Իշխանության գալու օրվանից, ներկայիս կառավարությունը ճգնում է փաստարկներ գտնել պաշտոնավարող դատավորների դեմ: Հայաստանն անգամ հանձնարարել է Եվրոպական Դատարանում իր պաշտոնատարին, որ նա թույլ տա Հայաստանի դատապարտումը դատական գործերով, որպեսզի հարցականի տակ դրվեն նախկին կառավարության օրոք դատավճիռներ կայացրած դատավորները:

Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի նախագահը 2019թ. մայիսի 22-ի իր նամակով հիշեցնում է Վարչապետին, որ արդարադատության ոլորտում բարեփոխումները պետք է նախաձեռնվեն և գործադրվեն հարգելով օրենքները և Սահմանադրությունը, ղեկավարվելով մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական չափանիշներով: Հայաստան կատարած այցելությունից հետո, Վենետիկի հանձնաժողովը, 2019թ. հուլիսի 15-ի տեղեկագրով հայտնում է, որ համաձայնություն  է ձեռք բերվել կառավարության հետ առ այն որ նպատակահարմար չէ վերահսկողության գործընթաց իրականացնել պաշտոնավարող դատավորների ողջ կազմի նկատմամբ: Բավարար կլինի խստացնել կարգապահական գործընթացները և ուսումնասիրել նրանց ունեցվածքի և եկամուտների միջև հարաբերության հարցը:

Սա արգելք չի հանդիսացել, որպեսզի կառավարությունը նախաձեռնությամբ հանդես գա՝ պատժելու այն դատավորներին, որոնց վճիռները կհակասեն Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային: Սա ի ցույց է դնում տիրող մոլորությունը և միջակության մակարդակը: Պետք է հիշեցնել, որ վճիռը կայացնում են մարդիկ և նրանք իրավունք ունեն սխալվելու: Ավելին,  Եվրոպական կոնվենցիան, ինչպես և ցանկացած այլ օրենք, կարող է մեկնաբանվել յուրաքանչյուր առանձին գործի կապակցությամբ: Համենայն դեպս, Եվրոպական  դատարանը, որոշակի հանգամանքներում,  ընդունում է մեկնաբանություններ կատարելու լայն հնարավորությունը:

Այսօր ես ամբողջական զորակցությունս եմ հայտնում Սահմանադրական դատարանին, նրա նախագահին և անդամներին և մաղթում եմ, որ նրանք դիմադրեն հակասահմանադրական այս անընդունելի և անարգ ճնշումներին, ինչն արվում է մի պետության կողմից, որը միջազգային հարթակներում դրվատում է ժողովրդավարությունը: Կոչ եմ անում նաև բոլոր քաղաքական ուժերին, Ազգային ժողովի ներսում և դրսում՝ ունենալ նույն վերաբերմունքը:

Հայաստանը քիչ թվով որակյալ իրավագետներ ունի: Հրայր Թովմասյանը համահեղինակն է ներկայիս գործող մի շարք կարևոր օրենքների, մասնավորապես այն օրենքների, որոնք վերաբերում են պետական կառավարմանը: Հայաստանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարության ժամկետն ավարտվելուց հետո երեք տարի որոնում էր փոխարինողի թեկնածություն:

Ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքը ցավագին է: Վարչապետը և իր խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ունեին ստեղծելու նոր մթնոլորտ, ուր հարգանքով կվերաբերվեին ժողովրդավարությանը և օրինականությանը: Հրապարակվող ճառերի տարողությունը և հայտարարությունները, որքան էլ գրավիչ լինեն, հակասում են ամենօրյա իրականությանը: Թվում է, թե անհատական նպատակները գերադասվում են ազգային շահին:

«Հեղափոխության» մասին խոսելու փոխարեն, այսօր ավելի է ճիշտ կլինի խոսել մնայուն և շարունակական հեղաշրջման մասին:

 

Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031