Խորհրդային տարիներին Երևանի կենտրոնում գտնվող մեր բակի մանկապարտեզը ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ էր։ Այն ժամանակներից ի վեր այն համարվել է «էլիտար»։ Անկեղծ ասած մինչ այժմ չեմ հասկանում թե ինչն էր այդ «էլիտարության» պատճառը, բայց մի բան հաստատ է, որ մանկապարտեզը ռուսական էր։ Այսինքն դաստիարակներն ու փոքրիկները պետք է շփվեին ռուսերեն լեզվով, մանկապարտեզում երեխաների կրթական ծրագիրը ամբողջովին ռուսերեն լեզվով էր կազմակերպվում՝ մի խոսքով այն «Պուշկին», «Չեխով» և կենտրոնում գտնվող այլ ռուսական դպրոցների ավելի փոքրիկ մոդելն էր։ Պարզվում է, որ ահա արդեն երեսուն տարի՝ ուսուցիչների ու ծնողների մեջ ամեն ինչ նույնն է մնացել․․․
Դեռևս խորհրդային ԿԳՆ կարգադրությամբ հայ երեխաներին արգելվեց ռուսական դպրոցների ընդունելությունը։ Հետո առաջին խորհրդարանը ընդունեց լեզվի մասին օրենքը, ըստ որի հայ մանուկների կրթությունը պետք է իրականացնել մայրենի լեզվով։ Զարմանալի է, որ այդ օրենքը հայ ծնողների մի որոշակի զանգվածի կողմից մեկնաբանվում է որպես օտար լեզուների իմացության դեմ նախաձեռնված օրենք։ Սա մի ուշագրավ թեմա է ու թերևս արժե դրան անդրադառնալ առանձին։ Միայն ցավալիորեն պետք նշեմ, որ անկախության երեք տասնամյակը քիչ փոփոխություն մտցրեց հայ ծնողների մտածողության մեջ, որի հիմնական պատճառը ոչ միայն ծնողների քարացած օտարամոլությունն է, այլև «իշխող վերնախավի» գավառամտությունը։ Նախկին առաջին տիկնոջ «սպռավոչկա»-ներն ու ԿԳ նախարարության կողմից ռուսերենը համարյա պետական կարգավիճակի հասցնելու քաղաքականությունը՝ ձեզ օրինակ։
Լավ, իսկ հիմա՞․․․ երբ անընդհատ կրկնվում է, թե իրավիճակ է փոխվել․․․ Համենայնդեպս, այդ ժամանակվանից ի վեր խնդրո առարկա մանկապարտեզը շատ չի փոխվել։ Ավելին՝ ներկայումս մանկապարտեզը տեղավորվել է կառուցված մեկ այլ «էլիտար» այս անգամ արդեն բնակելի շենքի առաջին հարկում և վերանվանվել «Երեխաների Զարգացման Կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ Ոչ Առևտրային Կազմակերպություն։ (Հիշեցի սնկի նման աճող կոոպերատիվ «ակադեմիաների» և «տաճարների» ու տպավորիչ այլ անուններով ստեղծվող կրթական «օջախների» առատությունը Հայաստանում, որոնց նպատակը միայն խաբելով փող աշխատելն էր)։ Այսինքն մանկապարտեզը մնաց «էլիտար»՝ տեղավորվելով ավելի հարմարավետ՝ «էլիտար» շենքում։ Ռուսական մանկապարտեզի կարգավիճակը անկախության երրորդ տասնամյակում ոչ միայն չփոխվեց, այլ քանի գնաց՝ ավելի «բարձրացավ»։
Այժմ շենքի բնակիչները առավոտյան արթնանում են բարձրախոսով ռուսերեն լեզվով կատարվող հրահանգներից․․․ռազ, դվա, տրի, չետիրի․․․ մանուկների առավոտյան ամառային տողանը վեր է ածվում «հին, բարի ժամանակների» հոկտեմբերիկ-պիոներական ճամբարների կրկնությամբ իրագործվող միջոցառման։ Մանուկները ըստ տարիքի բաժանվում են խմբերի ու բացի բարձրախոսով տարվող հրահանգները, առանձին դաստիարակչուհիները հաղորդակցվում են մանուկների հետ ռուսերենով, ինչպես «հին ու բարի» խորհրդային ժամանակներում։
Կարդացեք նաև
Մի խոսքով, այս մանկապարտեզից «Ռուսական ոգու» հոտ է գալիս ․․․ մանկապարտեզի ղեկավարության մտքի թռիչքը սահմանափակվում է մանուկներին ռուսերեն լեզու ներարկելով․․․ դե Թումանյանն ու Աղայանը կսպասեն՝ ուր պետք է փախչեն․․․ նաղդ հլը փոքրիկները թող թոթովեն օտար լեզվով՝ հետո կերևա։ Երբ ես ամենափոքր տարիքի խմբի հետ «պարապող» դաստիարակչուհուն հարցրի, թե այս փոքրիկները արդյո՞ք ռուսներ են, որ հաղորդակցվում եք ռուսերենո՞վ․․․ պատասխանը եղավ, թե ոչ․․․ բոլորն էլ հայեր են․․․ իսկ երբ ես ասացի, որ օրենք եք խախտում՝ պատասխանը եղավ․․․ ի՞նչ օրենք, բա լավ չի՞ երեխաները ռուսերեն իմանան․․․
Խորհրդային ժամանակներում այսպիսի պատասխաններ բազմիցս լսում էինք կենտրոնի ռուսական դպրոցների ուսուցիչների ու ծնողների կողմից։ Բայց, երբ լեզվի օրենքը կիրառվեց՝ կարծես թե դրանից հետո ինչ-որ մտածողություն փոխվեց։ Դե կարող ենք հաստատել այս «նոր ժամանակներում» ամեն ինչ վերադառնում է «ի շրջանս յուր»։ Եթե իրավիճակ է փոխվել, արդյո՞ք այն փոխվել է նաև դպրոցներում ու մանկապարտեզներում․․․ Պատասխան եմ սպասում ԿԳՄՍ նախարարից․․․
Մայիս ՎԱՆՈՅԱՆ