Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով «Հայելի» ակումբում կատարվածը՝ ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը հայտնեց. «Այս պահին երկրում չեմ, կվերադառնամ ու կարձագանքեմ, բայց կարող եմ փաստել, որ կատարվածը այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Սա է իրենց հռչակած նոր Հայաստանի դեմքը՝ հարձակում լրատվամիջոցի վրա»:
Անժելա Թովմասյանը նաեւ հավելեց. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:
Հիշեցնենք, որ չորս անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը եւ պահանջում էին փակել այն, նաեւ ձվեր էին նետում ու պաստառներ փակցնում ակումբի դռներին:
Կարդացեք նաև
Այս նույն խումբը` Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանն ու Սարգիս Մանուկյանը 2019թ.-ի սեպտեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք էր կազմակերպել եւ հարձակվել էին ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա:
Դավիթ Հովհաննիսյանը հրապարակված տեսանյութում հայտարարում է. «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անժելա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից