Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն. կայացավ «Իմ խաչը» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբեր 05,2019 16:05

Հոկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: «Իմ խաչը» պատմում  է 1991-1992 թվականների ղարաբաղյան պատերազմի մասին: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:

Գլխավոր դերակատարներն են Նարինե Գրիգորյանը և Երո Մուրյանը: Ֆիլմը պատմում է վրիժառու դարձած արցախցի կնոջ՝ Սոնայի և բժշկական առաքելությամբ Բաքու ժամանած բժիշկ Ժակի մասին:

Ֆիլմի պրոդյուսեր Հրաչյա Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2014 թվականից եղել է գաղափարը և երկար ու ծանր աշխատանքներից հետո այն նկարահանվել է.

«Դերասանական կազմի ընտրությունը դժվար էր, քանի որ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և կային հերոսների նախատիպերը, հետևաբար պետք է ընտրեինք այնպիսի դերասաններ, որոնք նման են կերպարներին»։

Գլխավոր դերակատար Երո Մուրյանը Ֆրանսիայից Հայաստան է եկել այս ֆիլմի համար: Դերասանը խոստովանում է, որ այս դերը իր համար տարբերվող էր, նրան հատկապես հետաքրքրել են իր կերպարի ներքին խնդիրները: Նա խոսեց նաև իր ունեցած դժվարությունների մասին.

«Միակ դժվարությունը ռուսերենի հետ էր կապված: Ժակը Ֆրանսիայից ժամանած բժիշկ է, ով խոսում է ռուսերեն, բնականաբար ֆրանսիական ակցենտով: Սցենարը ի սկզբանե գրվել է մաքուր ռուսերենով և որպեսզի խոսելաոճը համապատասխան լինի հերոսին, ռուսերեն դիալոգները թարգմանվել են ֆրանսերեն, ֆրանսերենից ռուսերեն: Բժշկի կերպարին ավելի համապատասխան լինելու համար հիվանդանոցում պրակտիկա եմ անցել»:

Ֆիլմում տեղ են գտել  ռեժիսորի՝ Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից կադրեր, որոնք նախկինում որևէ տեղ չեն հրապարակվել.

«Այդ տարիներին ես եղել եմ Արցախում և մասնակցել եմ պատերազմին ոչ թե զենքով, այլ տեսախցիկով, որպեսզի սերունդներին փոխանցվի այդ ամենը: Այդ նկարահանած նյութերի հիման վրա 5-6 դոկումենտալ ֆիլմ եմ նկարել, բայց հետո միտք առաջացավ խաղարկային ֆիլմ նկարահանելու»:

Ֆիլմի կոմպոզիտորը Հայկոն է, որը նշեց, որ այսպիսի ֆիլմերը իրեն շատ հոգեհարազատ են և հաճույքով է աշխատում.

«Այս ֆորմատով արդեն 3-րդ ֆիլմն է, որի երաժշտությամբ զբաղվում եմ ես: Առաջինը եղել է «Մի վախեցիր»-ը, երկրորդը՝ «Գարեգին Նժդեհը» և երրորդը՝ «Իմ խաչը»: Ամեն անգամ չեմ հավատում, որ կկարողանամ գործը գլուխ բերել և շուրջ 1 ամիս մտածում եմ՝ ինչ կարելի է անել: Այս ֆիլմի երաժշտության վրա աշխատել ենք 1 տարի»:

Ֆիլմը ունի նաև սաունդթրեք, որը կոչվում է «Վերադարձ»: Երաժշտության հեղինակն է Րաֆֆի Ալթունյանը, իսկ խոսքերի հեղինակը Արթուր Սաֆարյանն է: Երգը կատարում է Լիլիթ Մռավյանը:

«Իմ խաչը»-ում հանդես են եկել դերասաններ Շանթ Հովհաննիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Հովակ Գալոյանը, Անի Խաչիկյանը, Գնել Ուլիխանյանը և այլք:

Ֆիլմի ստեղծագործական կազմը նշեց նաև, որ պլաններ կան մասնակցելու միջազգային փառատոններին:

 

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031