«Համայնքապետարանի դռները բացվեցին ոստիկանների օգնությամբ, բայց խնդիրը դրանում չէ: Դուռը բացվեց, իսկ շարունակությո՞ւնը: Աշխատակազմը բարձրաձայնում է խնդիր, որ անօրինական փաստաթուղթ կա, որին ամեն օր պետք է բախվենք»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Նորաշենի համայնքապետի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր են անում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով վերականգնել Նորայր Գրիգորյանին համայնքապետի պաշտոնում: Գյուղում ստեղծված լարված իրավիճակի պատճառով գյուղապետարանի դռները կողպվել էին:
«Նորաշենցիներն անպայման իրենց խոսքն արտահայտելու են, պարզապես հիմա բերքահավաքով են զբաղված: Բոլոր իրավապահներին խնդրում եմ զբաղվել հարցով: Մեզ ասում են՝ «դիմեք դատարան»: Կդիմենք… Մարզպետին առաջարկում եմ վերանայել որոշումը: Աշխատակազմը հրաժարվում է այս պայմաններում աշխատել»,-նշեց Վարդան Մինասյանը:
Նրա խոսքով՝ հինգ օր է, ինչ համայնքապետարանի աշխատանքը կանգնած է, բնակիչներին չեն կարողանում ծառայություններ մատուցել. «Միայն իրավական ճանապարհով ենք ուզում խնդիրը լուծել, բախումները մեզ ոչինչ չեն տալու: Բախվել ենք իրավական հարթության մեջ, խնդիրներն իրավական են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ