Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Զարկերակ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում շնորհավորելով ուսուցիչներին տոնի առիթով, այնուամենայնիվ նշեց, որ այն միջավայրն ու համատեքստը, որտեղ գործում են մեր ուսուցիչները, շատ անբարենպաստ է, որովհետեւ ընդհանուր առմամբ կորել է հետաքրքրությունը կրթության նկատմամբ:
«Մի կողմից կան ուսումնատենչ երեխաներ, որոնց թիվը մեծ չէ, մյուս կողմից՝ աշակերտների հսկա բանակ, որոնք անտարբեր են սովորելու նկատմամբ, հետեւաբար այս համատեքստում դժվար է ուսուցիչների համար աշխատելը: Մենք տեսնում ենք, որ շարունակում է անկումը մանկավարժական բուհեր դիմողների, այս տարի եւս ամենաքիչ հետաքրքրություններ առաջացնում էին մանկավարժական մասնագիտությունները: Նույնիսկ առաջին հայտով մանկավարժականի ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետ մեկական հոգի էր դիմել: Այս ամենը ցույց է տալիս, որ ուսուցիչների խնդիրը հասնում է նրան, որ ոչ թե որակը լավն է կամ լավը չէ, այլ ավելի խորը խնդրի առաջ ենք կանգնում՝ կարող է ընդհանրապես ուսուցիչ չունենանք»,-ասաց կրթության փորձագետը:
Նրա խոսքերով, երկուհազարականներին անգամ ուսուցիչներ էին կրճատվում, մինչդեռ այսօր եւ ապագայում բախվելու ենք ուսուցիչների պակասի հետ, խոսքը վերաբերում է հատկապես գյուղական դպրոցներին: «Երբեմն հնարամիտ լուծումներ են գտնում, գյուղ ուսուցիչ են հարս բերում, որ գյուղն ուսուցիչ ունենա… Ուսուցիչներն ունեն բազմաթիվ, այդ թվում՝ տրանսպորտային խնդիրներ, հաճախ միջհամայնքային տրանսպորտ չկա, երբեմն իրենք խնդրում են գյուղ հաց տանող վարորդին, որ իրենց տանի-բերի»,-փաստեց Սերոբ Խաչատրյանը:
Ըստ փորձագետի, ուսուցիչներն իրենց արած աշխատանքի արդյունքը չեն տեսնում, կարող է երեսուն հոգանոց դասարանից հինգ-վեց հոգին սովորի, ինչը հոգեբանական ճնշում է ուսուցիչների համար: «Հայաստանում աշխատավարձերը բավականին ցածր են: Օրինակ Էստոնիայի կառավարությունն ուսուցիչներին խոստացել է ամեն տարի 100 եվրոյով բարձրացնել աշխատավարձերը, այսինքն՝ ամեն տարի մոտավորապես այնքան, որքան մեր ուսուցիչների միջին աշխատավարձն է: Էստոնացի ուսուցիչները նույնիսկ դժգոհ են մնացել, որ 100 եվրոյով պետք է բարձրացնեին, բայց քանի որ իրենց կառավարությունը խնդիր ուներ, 65-ով էր բարձրացրել»:
Կարդացեք նաև
Սերոբ Խաչատրյանի խոսքերով, երբ ուսուցչին ցածր աշխատավարձ ես տալիս, նա մեկ այլ աշխատանք է փնտրում. «Դա կարող է լինել դասապատրաստող, կրկնուսույց, «Օրիֆլեյմ» տարածող, գյուղատնտեսական աշխատանք: Ընդ որում, գյուղերում ուսուցիչների համար շատ ավելի կարեւոր է գյուղատնտեսական աշխատանքը, քան դպրոցում դաս տալը: Վերջինս մի փոքր կայուն եկամուտ է ընդամենը՝ առաջնային ծախսերի համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ