-Պարո՛ն Հովհաննիսյան, ՍԴ-ի և, մասնավորապես, ՍԴ նախագահի շուրջ ծավալվող գործընթացի քննարկումները տեղափոխվեցին Ազգային ժողով: Ի վերջո, ՍԴ դիմելու որոշումն ընդունվեց երեկ: Դիտարկելով իրավական դաշտում առկա հարցերն ավելի լայն համատեքստում ՝ ի՞նչ եք կարծում՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացների հետ գործ ունենք:
-Իմ կարծիքով, սա ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական գործընթաց է։
Մեկ մարդը խնդիր է դրել երկրում ունենալ լիակատար և անվերահսկելի իշխանություն, և նա համառորեն իրականացնում է այդ ծրագիրը։
Կարդացեք նաև
Ունենք մեկ հոգու կառավարություն, մեկ հոգու ԱԺ, հիմա խնդիր է դրված ստանալ մեկ հոգու դատաիրավական համակարգ, որից հետո խնդիրը լինելու է ունենալ մեկ հոգու լրատվականվերլուծական համակարգ։
Այս շղթան ակնհայտ էր դեռևս ամիսներ առաջ, երբ մեկ հոգու ցանկությանը չբավարարող դատավճիռներից հետո սկսվեցին ցուցադրական հարձակումները դատավորների նկատմամբ. դատարանների շրջափակում, Ալեքսանդր Ազարյանի հանդեպ արշավը, Դավիթ Գրիգորյանի դեմ գործը և այլն։
Սա չափազանց վտանգավոր պրոցես է։ Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ, որտեղ որևէ մեկն այլևս պաշտպանված չէ։ Սա խիստ տհաճ, խիստ վտանգավոր, բայց նաև ոչ երկարատև փուլ է։
Նման վիճակները մեր տիպի երկրներում չեն կարող երկար տևել։
Ներքին կամ արտաքին շոկերը կփոխեն վիճակը, այլ հարց է գինը։ Ի՞նչ գնով ենք կանգնեցնելու մեր պետության այս փորձաշրջանը։
-Գնալով ավելի հաճախ է խոսվում իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության մասին: Երկակի ստանդարտների կիրառման հարցն ինչո՞ւ ակնհայտ դարձավ, ո՞րն է վտանգը:
Խնդիրը նույնիսկ երկակի ստանդարտները չեն։ Բանաձևն այլ է. կա՛մ դուք անում եք իմ ցանկությունը, կա՛մ դուք ներքին թշնամի եք, հակահեղափոխական։
Իրականում սա շատ պարզունակ բանաձև է։
Ամիսների ընթացքում բոլոր նրանք, ովքեր սեփական կարծիք, տեսակետ, առաջարկություն կամ անհամաձայնություն են հայտնել, միանգամից տեղավորվել են ռևանշիստ կամ հակահեղափոխական հարթության մեջ։
Եթե վեց ամիս առաջ դա դեռ աշխատում էր, այսօր հանրության նորանոր շերտեր են հրաժարվում ինքնախաբվելուց, հանրային նոր շերտեր են դատարկախոսության փոխարեն արդյունք պահանջում։
Եվ, վերջապես, շատ մեծ թվով մարդիկ են սկսել գիտակցել այն ռիսկերը, որոնք սրընթաց կանգնում են մեր առջև։
Նորից եմ կրկնում, սա երկակի ստանդարտների խնդիր չէ, սա մեկ հոգու անվերահսկելի իշխանության հաստատման փորձ է, որի համար սկզբնական փուլում եղել է պարարտ հող, հանձինս նախկին կոպիտ սխալների, բայց այսօր հասարակությունը տեսնում է, որ իրեն երկար ժամանակ խաբել են, մոլորեցրել են, որ իր խնդիրները չեն լուծվում, իսկ անծրագիր և ոչ ռացիոնալ կառավարման արդյունքում պետությունը չափազանց լուրջ խնդիրների առաջ է կանգնում։
– Արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը, հայհոյանքն ու թշնամանքը չափազանց վտանգավոր չափերի են հասել մեզ մոտ: Այս մասին նաև ՄԻՊ-ն էր բարձրաձայնել: Ընդ որում՝ դեռ մինչ իմքայլական պատգամավորի հայտնի հարցազրույցն ու որակումը՝ ուղղված նախկին պատգամավորին, նախարարին: Այն, որ քաղաքական բանավեճի մակարդակի առումով խնդիր ունենք, բացահայտում չէ, բայց ինչո՞ւ երևույթը խորացավ, ո՞ւր է տանելու այս ճանապարհը: Ի դեպ՝ հասարակությունը ևս ներքաշվեց այդ ամենի մեջ, և ավելի լայն շրջանակներ են ընդգրկում ատելությունն ու թշնամանքը, մաղձն ու հայհոյանքը:
-Նախ՝ առաջարկում եմ կոնկրետ այդ միջադեպին նայել այլ տեսանկյունից. կա կոնկրետ մարդ, որն իրեն թույլ է տվել ո՛չ հանրային գործչին, ո՛չ տղամարդուն, ո՛չ պատգամավորին, ո՛չ ուղղակի մարդուն վայել արարք։ Եվ այս միջադեպին կարելի էր մեծ նշանակություն չտալ:
ԱԺ իր խմբակցության գործընկերները չդատապարտեցին, չսաստեցին։
Շատերը լռեցին՝ իրենց հոգու խորքում հասկանալով կատարվածի ողջ այլանդակությունը, ոմանք էլ պաշտպանեցին։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան մեկ հոգու վարքագիծը։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում