Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան․ Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի քաղաքական որոշում՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով․ «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 05,2019 11:00

Այսօր Հայաստանում կավարտվեն լայնածավալ զորավարժությունները, որ սկսվել էին սեպտեմբերի 24-ից: Դրանց հաջորդելու են պլանային զորահավաքներ: Այս ընթացքում հակառակորդը սահմանին փոքր ինչ ակտիվացել է: Հակառակորդի ակտիվացում նկատվում է նաեւ քաղաքական եւ հրապարակային դաշտում: Մասնավորապես երեկ ելույթ ունենալով Սոչիում մեկնարկած «Վալդայ» համաժողովի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությանը եւ փորձել հակադարձել. «Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչական նշան»,- ասել է Ալիեւը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր նույն «Վալդայ» ֆորումի ժամանակ վիճահարույց հայտարարություն արել: Այս ամենի շուրջ զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ.

– Այս զորավարժությունների ընթացքում, ինչպես եւ կանխատեսվում էր, հակառակորդն ակտիվացել էր: Տավուշում զոհ ունեցանք, ավելի վաղ Արցախում զինվոր էր վիրավորվել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները անպատասխան չեն մնա: Ըստ ձեզ՝ սա չի՞ սրի իրավիճակը:

– Տեսեք, 1994 թվականի զինադադարի կնքումից հետո ամեն անգամ, երբ Ադրբեջանը փորձել է սրել իրավիճակը կամ կրակել է, պատասխան եղել է: Այնպես որ բնական եւ ընկալելի է, որ որեւէ զոհ անպատիժ չի մնալու եւ այդ պատիժը պետք է այնքան անհամարժեք լինի, որ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ մտածի որեւէ արկածախնդրության գնալուց առաջ: Երկրորդ խնդիրը. ես հակառակորդի ակտիվացումը չէի կապի միայն զորավարժությունների հետ: Երեկ «Վալդա»-ում ելույթ էր ունենում Ալիեւը, որն ինչ-որ չափով պատասխանում էր վարչապետի ներկայացրած մոտեցմանը: Իսկ մենք գիտենք, որ ցանկացած հանդիպումից առաջ, միջազգային որեւէ ամբիոնից խոսելուց առաջ Ադրբեջանը փորձում է գնալ սրացումների, որ ասի, թե տեսեք՝ մենք այսպես ենք խոսելու եւ բացի խոսքից կարող ենք նաեւ «գործով» ապահովել: Մենք պետք է զգոն լինենք միշտ, բայց ամեն անգամ, երբ որ Ալիեւը մեկնում է որեւէ տեղ, պետք է սահմանում իրավիճակն ավելի զգոնանա: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի քաղաքական որոշում՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով: Դրա մասին են նաեւ «Վալդա»-ում Ալիեւի խոսքերը: Եվ միայն մեր պատրաստակամությունից եւ մեր գործողություններից են կախված լինելու՝ ոնց ենք պարտադրելու խաղաղություն:

– Նույն «Վալդայում» ելույթ ունեցավ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ասաց, որ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Առաջինը՝ Լավրովը, ինչպես համանախագահ երկրի ներկայացուցիչ, պետք է ավելի նրբանկատ լիներ եւ ոչ միայն Փաշինյանին ցիտեր, այլ նաեւ ասեր, որ նույն կերպ Ալիեւի տարբեր հայտարարությունները չեն նպաստել ժամանակին խաղաղ բանակցություններ տանելուն: Այդ ժամանակ կասեի, որ իմաստ կա: Բայց մյուս կողմից հնարավոր է, որ այդպես է պատասխանել հարցին, քանի որ Ալիեւն այդ րոպեին Ռուսաստանում էր: Իրականության մեջ այդքան էլ ոչ թե կարեւորության խնդիրն է, այլ պետք է մի բան գիտակցել. դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, միջազգային հարաբերությունները՝ հարաբերություններ, բայց իրականում Արցախի հարցի լուծման բանալին գտնվում է մեր ձեռքում: Այն, ինչ մենք իրականության մեջ ենք անելու, ուշ թե շուտ աշխարհը գալու է եւ ընդունի այդ փաստը, որ կա հողի վրա, իսկ դրա համար մենք պետք է զարկ տանք մեր գիտությանը, տնտեսությանը, ռազմաարդյունաբերությանը, ժողովրդագրությանը եւ կարողանանք ապահովել մեր անվտանգության խնդիրները: Դրանից հետո արդեն մնացած դիվանագիտական մարտավարական մոտեցումները, թե ով, ինչ, երբ, որտեղ, ոնց է ասել, ինչքան է նպաստում, չի նպաստում, դառնալու է երկրորդական խնդիր: Հակառակը՝ աշխարհին եթե պետք լինի հարցի լուծման մոտեցումները գտնել, սկսելու են մեզ հետ հաշվի նստել: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը միշտ խոսելու է այդ րոպեի Ռուսաստանի շահերից, ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Ամերիկայի միացյալ նահանգների շահերից, Ֆրանսիայինը՝ Ֆրանսիայի, բոլորն իրենց շահերից: Իսկ մենք պետք է մեր շահերից խոսենք եւ երբեւէ չամաչենք մեր ասած խոսքից, այլ հակառակը՝ բոլորս միասնական մեկ բռունցք դառնանք եւ մեր շահերը տանենք առաջ:

Այդ տեսակետից՝ Լավրովն ասել է, լսել ենք, անցել-գնացել է: Մենք մեր տնային աշխատանքը պետք է այնպես անենք, որ իրենք էլ սկսեն հասկանալ՝ պետք է շատ նրբանկատ լինել: Ուրախ եմ, որ ԱԳՆ-ն արձագանքել է դիվանագիտական լեզվով, բայց մենք էլ պետք է մեր խոսքն ասենք՝ որ, պարոն Լավրով, էդ խոսքից հետո եղել է Փաշինյանի ՄԱԿ-ում ելույթը, եղել են արտգործնախարարների հանդիպումները, որոնց մասին ձեր համանախագահը երեւի ձեզ զեկուցել է, ձեր ինչի՞ն է պետք լրագրողին այդպես պատասխանել: Մենք պետք է հասկանանք, որ միգուցե Ալիեւի այնտեղ լինելու ժամանակ Ռուսաստանն ինչ-որ խնդիրներ ուներ իրենց հետ լուծելու եւ փորձել է ի նպաստ Ռուսաստանի շահերի միայն այդ տեսանկյունից հարցին պատասխանել: Չմոռանանք այստեղ կապել այն մոտեցումը, որ նույն Ալիեւը «Վալդա»-ում ելույթ ունենալիս ասաց, որ պայմանավորվել են Ռուսաստանի հետ շարունակել ռազմաարդյունաբերական համագործակցությունը: Միգուցե եւ ունեն ինչ-որ մեծ կոնտրակտի խնդիր եւ փորձում էին այդ խնդիրն իրականացնել, դրա համար դիվանագիտորեն փորձում էր նաեւ այդտեղ նպաստել, որ հանկարծ որեւէ խնդիր չառաջանա: Բայց նորից եմ ասում՝ սա դիվանագիտության մարտավարություն է, որն ամեն երկիր, իր շահերից ելնելով, ընտրում է: Մենք պետք է շատ հանգիստ վերաբերվենք այդպիսի երեւույթներին եւ ոչ թե դրանից խնդիրներ ստեղծենք: Պետք է ներսում մեր խնդիրները ճիշտ կատարենք, որ հետո ասենք՝ դուք ինչ էլ ասեք՝ մենք ներսում լինելու ենք այս մեկ բռունցքը, միասնական ուժը՝ պատրաստ ամեն ինչին դիմակայելու, եւ թեկուզ 500 տարի այդ հարցը տանելու այնպես, որ լուծվի հայանպաստ:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031