Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես հաջողություն եմ մաղթում վարչապետ Փաշինյանին. տա Աստված` գոնե այս ոլորտում չխայտառակվի»

Հոկտեմբեր 05,2019 10:15

«Թե իրականում ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, ցույց կտան գազի գնի բանակցությունները, Լարսի անցակետի կուտակումներն ու ռազմատեխնիկական համագործակցությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը:

– Ուկրաինայի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել, որով Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելել պատրաստվող իր քաղաքացիներին հորդորում է առաջնորդվեն Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ, և որ այդ օրենքների խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն, քանի որ Ուկրաինան հետևողականորեն պաշտպանել է Վրաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ ՀՀ ԱԳՆ-ն հերթական անգամ կրավորական կեցվածք ընդունեց: Սա նոր մարտահրավե՞ր է Հայաստանի համար. ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ Ուկրաինայից:

– Մարտահրավերը նոր չէ: Սա ավելի քան քսան տարվա ուկրաինական արտաքին քաղաքական ստրատեգիա է: Ուկրաինական պետական այս մոտեցումը նորություն չէ: Այլ բան, որ Ղրիմի և Դոնբասի շուրջ ծավալված իրադարձություններից հետո Ուկրաինան ավելի է կարծրացել իր այս դիրքորոշման մեջ: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ-ի կեցվածքին, ապա կարծում եմ` կարելի էր շատ ավելի կտրուկ գործել, հատկապես որ հեղափոխական իշխանությունն առավոտից երեկո խոսում է իր միջազգային հաջողություններից, տեղի-անտեղի ինքնիշխանության մասին է խոսում և հոխորտում:

Վարչապետն էլ ներկայանում է` որպես ժողովրդավարության Դանկո, և սա լավ առիթ էր խոսքը գործի վերածելու, լավ առիթ էր ապացուցելու, որ այդ հայտարարությունները միայն ներքին լսարանի համար չեն, ժողովրդին տեսարաններով զբաղեցնելու և ականջներ շոյելու համար չեն: Ավելին` ԱԳՆ-ի և խորհրդարանական դիվանագիտության խողովակներով հնարավոր էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մարդու իրավունքների հետ կապված այս կարևոր խնդիր վրա: Կարելի էր լրջագույնս բարձրաձայնել, որ 21-րդ դարում աշխարհում դեռ կան պետություններ, որոնք իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն են սահմանափակում և սպառնում վարչական ու քրեական պատասխանատվությամբ: Ավաղ, հեղափոխական իշխանությունը միայն իր քաղաքացիների վրա է հոխորտում ու մատ թափ տալիս, իսկ միջազգային ասպարեզում «խոնարհ հարսի» դերում է:

– Հայաստանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Ի՞նչ արդյունքներ, ըստ Ձեզ, գրանցվեցին: Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման հնարավորությունները, նաեւ ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորությունները` նկատի ունենալով Տիգրան Սարգսյանի քննադատությունները, որ ԵԱՏՄ-ն ունի 46 վերահսկող կառույց, որոնցից յուրաքանչյուրն իրավասու է կանգնեցնել ԵԱՏՄ տարածքով անցնող բեռը, և որ դրանով մենք սպանում ենք այդ կառույցի տարանցիկ ներուժը։ Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանն այս քննադատություններն ավելի վաղ բարձրաձայն չէր հնչեցնում, մանավանդ ինքը մշտապես քննադատաբար է վերաբերվել ԵԱՏՄ-ին:

– Որպես ինտեգրացիոն հարթակ` ԵԱՏՄ-ն Հայաստանի համար այլընտրանք չունի: Որպես ապրանքների և ծառայությունների իրացման շուկա` ԵԱՏՄ-ն միակ ինտեգրացիոն հարթակն է, որտեղ հայկական արտադրանքի սպառումն ապագա ունի: Հայաստանը մեծ օգուտներ ունի ԵԱՏՄ-ից, բայց և հսկայական պոտենցիալ կա այդ օգուտները բազմապատկելու տեսանկյունից: Այս ուղղությամբ օրնիբուն աշխատել է պետք: Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հրապարակային բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որ կան ԵԱՏՄ-ում:

Դա պարզ ապացույցն է փաստի, որ ԵԱՏՄ-ն կայացել է, և անդամ պետությունների ղեկավարներն ու կազմակերպության օպերատիվ մենեջմենտով զբաղվող օղակները բարձրաձայնում են կազմակերպության արդյունավետության բարձրացման խնդիրները: Եվ կարծես այդ խնդիրները լուծումներ են գտնում: Դա նշանակում է, որ Տիգրան Սարգսյանի ասած արագ փոփոխվող աշխարհում ԵԱՏՄ-ն չի լճանում, ժամանակին համահունչ խնդիրների լուծումներ է փնտրում և գտնում: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ ղեկավարությունը ադեկվատ է գնահատում առկա մարտահրավերները և արագ արձագանքում է դրանց: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ն քննադատելուն, ապա ես չեմ կարող կիսել այդ տեսակետը, հատկապես որ այդ տարիներին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչակազմում եմ աշխատել, և ինչպես ասում են` այդ շրջանի գործընթացների անմիջական ականատեսներից եմ: Նման բան երբևէ չի եղել: Խնդիրը կապված է եղել Մաքսային միության անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունենալուն, բայց այդ խնդիրն իր լուծումը գտել է: Ասածիս ապացույցն այն է, որ հենց Տիգրան Սարգսյանը Հայաստանի կողմից ներկայացվեց և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվեց` որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Մնացածը քաղաքական և քարոզչական շահարկումների դաշտից են:

– ԵԱՏՄ նիստի շրջանակներում Հայաստանում եղած ժամանակ ՌԴ նախագահը հանդիպել է նաեւ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ: Ի՞նչ «մեսիջ» ունի այս հանդիպումը:

– Ձեր նշած մեսիջն ընկալումների հարց է` մարդկային, քաղաքական, հնարավոր է նաև աշխարհաքաղաքական երանգներով: Իմ անձնական ընկալումն այն է, որ ՌԴ նախագահը ցանկանում է ցույց տալ, որ անթաքույց պահպանում է կապն իր երբեմնի գործընկերոջ ու նրա ընտանիքի հետ: Վլադիմիր Պուտինը, հանդիպելով ակնհայտ ապօրինի հիմքերով կալանքի տակ գտնվող, քաղբանտարկյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը, ցույց տվեց, որ Հայաստանի գործող իշխանությունների հետ ֆորմալ հարաբերությունները պահպանելով` նաև չի պատրաստվում հրաժարվել մի գործչի հետ հարաբերություններից, ում հետ` որպես դաշնակից պետությունների ղեկավարներ, շատ արդյունավետ համատեղ աշխատանք են ծավալել:

– «Եվս մեկ՝ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,- ԵԱՏՄ գագաթաժողովից հետո իր եւ ՌԴ նախագահի հանդիպման մասին գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2016-ին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետո կտրուկ վատթարացել են:

– Այն, որ հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերություններն իրենց պատմության ամենալավ օրերը չեն ապրում, դա փաստ է` ապացուցված բազմաթիվ դրվագներով, քաղաքական և փորձագիտական գնահատականներով: Դրանից ես, իհարկե, հաճույք չեմ ստանում, ոչ էլ ուրախանում եմ: Եվ, չեմ կարծում, որ դրանից ինչ-որ մեկը կարող է շահել: Ուղղակի առկա խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, ինչը կօգնի արդյունավետ լուծումներ գտնել ու շտկել իրավիճակը: Իսկ եթե վարչապետ Փաշինյանը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հուսալի և դրական հունի մեջ են, ապա ինչու էր սելֆիի ձողը ձեռքին անընդհատ այդ մասին գրառումներ անում, անընդհատ փորձում ապացուցել, որ ամեն բան կարգին է: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ջանք չի խնայում, որ ապահովի իր այսրոպեական ներքաղաքական վարկանիշը, ուրիշ ոչինչ: Իսկ թե իրականում ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, ցույց կտան գազի գնի բանակցությունները, Լարսի անցակետի կուտակումներն ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Ես անկեղծորեն հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում հաջողություն եմ մաղթում վարչապետ Փաշինյանին: Տա Աստված` գոնե այս ոլորտում չխայտառակվի:

 

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031