Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի համատեքստում երկու բաղադրիչ կա: «Ուզենք, թե ոչ, քիչ թե շատ վտանգի տակ ենք դնում մի ամբողջ տարաշածրջան եւ ՀՀ քաղաքացու առողջությունը: Եթե մարդը վտանգվում է, ուրեմն արդյունքից պետք է օգտվի հենց ինքը: Օրինակ՝ մենք վտանգված ենք, որովհետեւ ունենք ատոմակայան: Վերջինիս էլեկտրաէներգիայից օգտվում ենք մենք, տարբերությունը հասկանալի է, չէ՞: Ստացվում է, որ Ամուլսարի դեպքում մեր կյանքը վտանգվում է, բայց մեր ոսկին մեկ ուրիշը հանելու է՝ տանի: Եթե ժողովուրդը վտանգելու է կյանքը, այդ ոսկին ՀՀ սեփականությունը պետք է դառնա»,-«Առավոտ»ի» հետ զրույցում դիրքորոշումն այսպես բացատրեց Հովհաննես Մարգարյանը:
«Դա հաշվի առնելով՝ հանքի շահագործումն անթույլատրելի է,- շեշտեց նա, ապա նշեց,-ՀՀ-ում ոսկու երկու հանք է աշխատում, մինչդեռ ՀՀ գանձարանում մի գրամ ոսկի չկա»: Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ երկրորդ բաղադրիչն այն է, որ ընդերքի հարստության տերը ժողովուրդն է. «Ես դեմ եմ հանքի շահագործմանը, որովհետեւ ժողովուրդը չի ուզում: Հարցը միայն Ջերմուկին չի վերաբերում, այլ ազգին առհասարակ: Ժողովուրդը պետք է որոշիչ դերակատարում ունենա: Ժողովուրդը չի ուզում, ժողովուրդն առողջարանային քաղաքն է նախընտրում: Կարծում եմ, որ փորձաքննության համար 400 հազար դոլար տալն անիմաստ էր, մարդիկ չեն ուզում եւ վերջ»:
Հովհաննես Մարգարյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Ամուլսարի հարցի հանրաքվեով լուծում օրենսդրությունը չի նախատեսում: Ըստ նրա՝ դա հնարավոր է «Տեղական հանրաքվեների մասին» օրենքով, ըստ որի՝ կարելի է տեղական հանրաքվե կազմակերպել. «Ամուլսարի տարածքը ժողովրդի սեփականությունն է: Այդ տարածքի առնչությամբ համայնքի բնակիչների նախաձեռնությամբ կարելի է անցկացնել տեղական հանրաքվե»:
Հովհաննես Մարգարյանը համոզիչ չի որակում կարծիքները, թե նշյալ դեպքում լսելի կլինի միայն տվյալ համայնքի, եւ ոչ ժողովրդի կարծիքն ամբողջությամբ. «Պատկերացրեք, Երեւանն ուզում է X գույքը շահագործել: Եթե բնակիչները հանրաքվեով ասեն, որ դեմ են դրա շահագործմանը, կառավարությունը չի կարող այն շահագործել: Համայնքային սեփականության մասին բնակիչների կարծիքը հիմք է կառավարության համար: Դա պարտադիր է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05․10․19 թ․