Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բալմանուկյանի 3 րոպեանոց համարը ցնցում է ամերիկացիներին, իսկ հայերն առայժմ «անդրդվելի» են

Հոկտեմբեր 05,2019 12:00

Երեւանում 17-րդ անգամ հոկտեմբերի 1-8-ը անցկացվող Եվրոպական փառատոների 24 լավագույնների ցանկում ընդգրկված երեւանյան «Հայֆեստ» միջազգային  թատերական փառատոնի (նախագահ՝ Արթուր Ղուկասյան) հայեցակարգը ի սկզբանե գերժամանակակից շունչ ունի՝ արտասահմանյան  եւ հայաստանյան  բոլոր բեմադրությունները «ներկայանում են» ժամանակակից ռեժիսուրայով:  Մասնագետներն ու  հանդիսատեսը դրանք ընդունում են բուռն ծափահարություններով, բացականչություններով: Սակայն մեկ բայց կա. «Առավոտի» դիտարկմամբ՝ հիշյալ փառատոնից հետո մեզանում իրականացված հիմնականում մեր երիտասարդ բեմադրիչների՝ ժամանակակից ռեժիսուրայով արված աշխատանքներն արժանանում են մեծ մասամբ արվեստաբանների կամ թատերագետների անտարբերությանը, կամ էլ հանդիսականի իրարամերժ կարծիքին:

Մինչ «Հայֆեստի» մեկնարկը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական  թատրոնում պրեմիերա էր. Արման Բալմանուկյանը ներկայացրեց իր լիբրետոյով, ժամանակակից խորեոգրաֆիայով բեմադրած հերթական աշխատանքը՝ «Gallery mood» ներկայացումը, Վիվալդիի, Մաքս Ռիխտերի, Էզիո Բոսսոյի երաժշտական երկերի համադրմամբ: Խորեոգրաֆը մինիմալիստական լուծումներով էր իրականացրել բեմադրությունը: Բեմում ցուցասրահ պատկերող կտավներին, արձաններին մարմնավորում էին բալետի արտիստները (մասնակցում էին Ազգային օպերային թատրոնի արտիստներն ու Պարարվեստի քոլեջի սաները):

Տպավորիչ էին  «շարժվող» կտավները, արձանները… Համոզված ենք՝ կարիք չկա  հատուկ ներկայացնել միջազգային մրցույթների դափնեկիր, արդեն հանդիսատեսի համակրանքին արժանացած բալետի երիտասարդ արտիստ Ռազմիկ Մարուքյանի արվեստը: Մեզ հետ զրույցում խորեոգրաֆն ասաց, որ իր լիբրետոյով արված բոլոր ներկայացումները իրական պատմություններ են. «Ձգտում եմ հանդիսատեսին փոխանցել սեփական զգացողություններս, որոնք ապրել եմ, բայց պարզապես չեմ կարողացել խոսքով ներկայացնել: Այս ներկայացման լիբրետոյի գաղափարը վաղուց էր առաջացել: Հաճախ եմ այցելում պատկերասրահներ, բայց, իմ դեպքում, հնարավոր է ժամերով չկանգնեմ հանրահայտ գեղանկարչի հայտնի մի կտավի առջեւ, այլ բոլորովին հակառակը՝ ոչ հայտնի գործը դիտեմ բառացիորեն ժամերով»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ ոգեշնչված արվեստի մի գործով, ինքը հեղինակում է իր լիբրետոն: Մանրամասնելով էլ ասաց, որ այս պահին մի նախագծի վրա է աշխատում, որն անվանել է «Բարեւ, մահ»: Ռեպլիկին, թե՝ սեփական հիասթափությունների արդյունք է դա, Արմանը պատասխանեց. «Ոչ, դա 2000-ականների սկզբներին հոլիվուդյան ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլ» ֆիլմն է, որը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց հենց թեկուզ այն պատճառով, որ գրեթե չկան տեսարաններ. տների, սենյակների սահմանները պայմանականորեն նշված են միայն տաղավարների հատակին…»:

Առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք Արման Բալմանուկյանի արվեստին, եթե չենք սխալվում, արվեստագետի առաջին աշխատանքն այսօր արդեն Արեւմուտքում ճանաչված կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի երաժշտությամբ, իր լիբրետոյով եւ ժամանակակից խորեոգրաֆիայով իրականացրած «Ինքնասպանի գրառումները» աշխատանքն էր: Հիշարժան է մեկ բեմադրություն եւս. Գյումրիում հայորդաց տան երեխաների եւ բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանի մասնակցությամբ արվեստագետն իրականացրեց «Հայրենիքս» բեմադրությունը:

Մենք մտաբերեցինք Բալմանուկյանի աշխատանքներից մեկը եւս՝ «Գիշերվա մարդը»: Ինչպես նախկինները, այս աշխատանքն էլ առանձնանում էր յուրօրինակությամբ: Լիբրետոյի եւ բեմադրության հեղինակը՝ ինքը՝ Արմանը, այդ ներկայացման առիթով ասել էր. «Այս աշխատանքը նվիրում եմ այն մարդկանց, որոնք գիտեն՝ ինչ է գիշերը…»: Հետո էլ «բացատրելով» լիբրետոն, ասել էր. «Գիշերները մենք գտնում ենք մեր դեմքերը իսկական…»:

Հարցրինք՝ չի՞ պատրաստվում որեւէ նախագիծ իրականացնել Ազգային օպերային թատրոնում: Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու ասաց. «Թատրոնին հարիր նախագիծ ունեմ Գերշվինի երաժշտությամբ»: Դիտարկմանն էլ՝ չի՞ նեղվում, որ մասնագետները բուռն չեն արձագանքում իր խորեոգրաֆիային, Բալմանուկյանի պատասխանը լռությունն էր:

Գուցե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչու է Բալմանուկյանի աշխատանքներում մշտապես ներկա թեկուզեւ բարձրակարգ արտիստ Ռազմիկ Մարուքյանը: Պատասխանը մենք գիտենք՝ Ռազմիկը, եթե չենք սխալվում, շուրջ երեք տարի առաջ Մոսկվայում կայացած Յուրի Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթում Բալմանուկյանի կոմիտասյան «Ամեն հայ սուրբը» ստեղծագործության հիման վրա արված ժամանակակից ռեժիսուրայով ընդամենը երեք րոպեանոց համարով ցնցել էր ժյուրիի անդամներին եւ նույն Ռազմիկը, դարձյալ Արմանի բեմադրությամբ, կոմիտասյան «Ծիրանի ծառ»-ով հուզել էր Միսիսիպի նահանգի Գեքսըն քաղաքում ավանդաբար  անցկացվող մրցույթի ժյուրիին:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Gallery mood» նռրկայացումից

«Առավոտ»
04.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031