2017թ. հուլիսի 31-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր բնապահպան Արթուր Գրիգորյանի «Հաղորդում հանցագործության մասին» հրապարակումը, որն ընդհանուր առմամբ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մասին էր:
Հաղորդման մեջ, որն ուղղված էր գլխավոր դատախազին, ասված էր. «Գտնում եմ, որ ներկայացված փաստերի ուսումնասիրությունից առաջանում են հիմնավոր կասկածներ, որ նշված պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական գույքային եւ ոչ գույքային վնաս են պատճառել անձանց, հասարակական կազմակերպությունների, առեւտրային ընկերությունների, ինչպես նաեւ հասարակության եւ պետության իրավունքներին ու օրինական շահերին»:
Բնապահպանն անդրադարձել էր ՖԲ սոցիալական ցանցում փակ խմբում «անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջում տեղադրված անիմացիոն հոլովակին, որով, ըստ նրա, փորձ էր արվել իրեն եւ բնապահպան Ինգա Զարիֆյանին վարկաբեկել: Ըստ Ա.Գրիգորյանի, հնարավոր է՝ այդ անիմացիոն տեսահոլովակը կազմակերպած եւ ֆինանսավորած լիներ նախկին մարզպետը:
Պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին տալով հաղորդում, բնապահպանը նշել էր, թե որտեղ կարող են դրանք դրսեւորված լինել. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, դրան կից ստեղծված բարեգործական հիմնադրամում»:
Կարդացեք նաև
Վահե Հակոբյանի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Շադյանը դիմել էր դատարան, ընդդեմ Ա.Գրիգորյանի, «Առավոտ» օրաթերթի, «Անկախ լրագրողներ», «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունների, պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցադիմումում ասվում էր. «Բնապահպանը չի մասնավորեցրել եւ չի հիմնավորել, թե բարձրաստիճան պաշտոնյան, ով իր բարեխիղճ եւ պատասխանատու գործունեությամբ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, պետության բարօրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչո՞ւ պետք է հաշվեհարդար լինի հասարակական-բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ։ Միաժամանակ պատասխանողը չի նշել Վ. Հակոբյանի կողմից պետությանը եւ հասարակական կազմակերպություններին հասցված ինչ վնասի մասին է խոսքը եւ չի ապացուցել նշված փաստացի տվյալի ճշմարտացիությունը։ Ա. Գրիգորյանը չի նշել նաեւ, թե Վ. Հակոբյանը ինչ կապ ունի ԱՃԹՆ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետագա հնարավորության հետ։ Ա. Գրիգորյանը խոսում է մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններին ու հանրային գործունեությամբ զբաղվող անձանց վնաս պատճառելու մասին, չհիմնավորելով, թե ինչ վնասի մասին է խոսքը, ինչ է նշանակում «մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններ ու հանրային գործունեությամբ զբաղվող անձինք» արտահայտությունը եւ ովքեր են այդ կազմակերպությունները եւ անձինք, եթե այդպիսիք կան։ Թվարկված գործողություններն անհամատեղելի են մարզպետի պաշտոնեական լիազորությունների հետ եւ առաջացրել են հանրային սուր լարվածություն»։
Հայցվոր կողմը նշել էր, որ բնապահպանը «փորձել է հրապարակային կերպով հանրության մոտ ձեւավորել այնպիսի ներքին համոզմունք, ըստ որի՝ Վահե Հակոբյանը, որպես մի իրավախախտ քաղաքացի, փորձել է բոլոր ապօրինի միջոցներով, իր լիազորությունները շրջանցելով՝ էական գույքային եւ ոչ գույքային վնաս պատճառել անձանց, հասարակական կազմակերպություններին, առեւտրային ընկերություններին, հասարակության եւ պետության իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակական-բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատներին եւ կազմակերպություններին»։ Մինչդեռ, ըստ նրա, բոլոր փաստերը սուտ են, չեն համապատասխանում իրականությանը։ Վահե Հակոբյանի վերաբերյալ առկա չէ որեւէ քաղաքացիական կամ քրեական գործ, օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ, որով թեկուզ ակնարկվեր, որ վերջինս անձամբ որեւէ կապ է ունեցել Ա. Գրիգորյանի կողմից նշված հակաօրինական արարքներին։
Կողմը դատարանից խնդրել էր՝ պարտավորեցնել Արթուր Գրիգորյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքել «տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։ Պարտավորեցնել Արթուր Գրիգորյանին, որպես զրպարտության արդյունքում պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Վահե Հակոբյանին վճարել 2.000.000 ՀՀ դրամ:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա ապրիլի 18-ին վճռով մերժել է հայցվորի պահանջը: Օգոստոսի 29-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն էր մերժել բողոքը, եւ Վահե Հակոբյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան, որի մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ:
Դատարանի գնահատմամբ, այդ հաղորդման մեջ առկա է հանրային շահ. «Հաղորդման մեջ տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ «Մարզպետ Հակոբյանը «Սյունիքի զարզացման եւ ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին նշել է, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաեւ «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով (կից ներկայացվում են տեսագրությունները ամբողջական եւ կրճատ տարբերակներով)», «Հակոբյանը, ով մինչեւ մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն եւ նույն ընկերության զլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնադրամին», «ինչ հետեւանքներ են առաջացել երկու հիմնադրամների միջեւ ոչ բանկային ֆինանսական փոխանցումներ կատարելու համար, կամ ինչ իրավական հիմքերով են իրականացվել մարզպետի նշած զործարքները եւ ինչ չափի հնարավոր գույքային վնաս է պատճառվել պետությանը կամ կազմակերպություններին դրա հետեւանքով», «անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք մարզպետ Հակոբյանը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցները անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար օգտագործելու նպատակով», «2017թ. ապրիլի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ ԱՃԹՆ) գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել Բազմաշահառու խմբի (այսուհետ ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության նիստ, որի ընթացքում «հասարակության ձայն» (Civil Voisce) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է փաստաթղթերի պատճեններ, որոնց համաձայն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը մոտ 200 միլիոն դրամ է փոխանցել Կապան քաղաքում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների՝ իր գործունեության համար հանրային աջակցություն ապահովելու նպատակով (կից ներկայացվում է նիստի արձանագրության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները)», «Ներկայացված փաստաթղթերից մեկում նշված է 81 միլիոն դրամի փոխանցման մասին, որի մասին նշված է նաեւ 2016թ. նոյեմբերի 25-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում տեղադրված անիմացիոն հոլովակում: ՀՀ արդարադատության նախարարության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ 2017թ. մարտի 24-ից սկսած՝ «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանն է (կից ներկայացվում է դրա վերաբերյալ հիմնավորում)»…
Ըստ վճռաբեկ բողոքի, դատարանի որոշումը պատճառաբանված եւ հիմնավոր չէ, «Վերաքննիչ դատարանը զուտ շարադրել է ՀՀ վճռաբեկ դատարանի եւ ԵԴ մի շարք նախադեպեր, օրենքի համապատասխան հոդվածներ, սակայն չի կատարել համապատասխան վերլուծություն, որից պարզ կդառնար, թե կոնկրետ որ նորմի կիրառման արդյունքում է մերժում ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն ավելի քան հիսուն էջից բաղկացած որոշման շրջանակներում կազմում են կես էջ»:
28 էջանոց բողոքում նախկին մարզպետի ներկայացուցիչը պահանջում է բեկանել եւ փոխել վերաքննիչ դատարանի որոշումը, ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը, ամբողջությամբ բեկանելով դատական ակտը, եւ կամ՝ բեկանված մասով գործն ուղարկել նոր դատարան, նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
04.10.2019