ՄԻՊ-ը տարեցների խնամքի հաստատություններում խնդիրներ է վեր հանել, որոնք զարգացած երկրներում վաղուց լուծված են
Վարակիչ հիվանդություններով անձանց անհասանելի են խնամքի տրամադրումը հաստատություններում: Այսինքն` մեր երկրում անօթեւան, տարեց անձը, որը ունի կառավարության որոշմամբ հաստատված վարակիչ հիվանդությունների ցանկից որեւէ մի հիվանդություն, չի կարող խնամք ստանալ տուն-ինտերնատում կամ խնամք՝ մեկ այլ հաստատությունում:
Երեկ այս առիթով մտահոգություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Թոխյանը` «Իրավիճակը ծերանոցներում. ծերության պաշտպանությո՞ւն, թե մարդու իրավունքների ոտնահարման վտանգ» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
Տաթեւիկ Թոխյանի խոսքով, այդպիսի հիվանդություններ ունեցող անձինք ինչ-որ ժամանակ մնում են մասնագիտացված կենտրոններում, որից հետո իրենք ուղղակի հայտնվում են փողոցում, եթե անօթեւան են կամ` միայնակ: Մինչդեռ ըստ ՄԻՊ ներկայացուցչի, միջազգային փորձն այլ բան է հուշում, որ այդ մարդիկ բոլորի պես հավասարապես պետք է օգտվեն այդ ծառայություններից, հասարակությունից չմեկուսացվեն` հակառակ դեպքում այդ մոտեցումը կդիտվի խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ:
Կարդացեք նաև
Խոսքը նաեւ ՄԻԱՎ ունեցող մարդկանց մասին է:
ՄԻՊ-ի ուսումնասիրությունները տարեցների խնամքի հաստատություններում մի շարք խնդիրներ է վեր հանել: Տիկին Թոխյանը մատնանշում է նաեւ տուն-ինտերնատներում վարքագծի կանոնների բացակայությունը, ինչը հանգեցնում է խնդիրների. «Որովհետեւ, եթե չկա վարքագծի կանոն` թե ինչպես պետք է տարեցն իրեն պահի հաստատությունում, հետեւաբար չի կարող հետեւանք առաջանալ թե ինչի՞ համար կարող են խնամյալի առաջ պահանջ ներկայացնել նրա վարքագծի համար` ինչպես իրեն պետք է պահի տարեցների տանը»:
Տաթեւիկ Թոխյանի դիտարկմամբ, դրա բացակայությունը բերում է անհամերաշխության, համակեցության կանոնների խախտման, միմյանց նկատմամբ բռնության:
Ըստ նրա, միջազգային փորձն ուսումնասիրելիս պարզել են, որ օրինակ` Ֆրանսիայում այդպիսի հաստատություններում արգելված է սենյակներում ծխելը:. «Այստեղ որեւէ հաստատության տնօրեն չի կարող խնամյալին արգելել, որովհետեւ չկա այդ վարքագծի կանոնը»:
ՄԻՊ-ը բարձրաձայնում է նաեւ տուն-ինտերնատների աշխատակիցների սոցիալ-տնտեսական երաշխիքների հարցը: Նա գտնում է, որ այդ աշխատակիցները, որոնք զբաղված են տարեցների խնամքով, նրանք էլ պետք է պաշտպանված լինեն. «Միայն տարեցների իրավունքների պաշտպանությամբ չենք հասնի արդյունավետության, պետք է նաեւ մտածենք նրանց մասին. կլինի աշխատավարձի բարձրացում, թե այլ պայմանների բարելավում: Նրանք էլ պետք է վերապատրաստումներ անցնեն, որպեսզի տարեց անձի հետ առնչվելու բավարար փորձ եւ հմտություն ունենան»:
ՄԻՊ մասնագետը խնդիրներից առանձնացնում է նաեւ տղամարդ աշխատակիցների դեֆիցիտը. «Խնամքի այդ հաստատություններում աշխատակիցները, որպես կանոն, իգական սեռի ներկայացուցիչներ են` կանայք: Լոգանքի կազմակերպումը ե՛ւ տղամարդկանց ե՛ւ կանանց պարագայում իրականացնում են կին աշխատակիցները: Դա անձի արժանապատվության տեսանկյունից միջազգային չափորոշիչով խնդիր է համարվում: Այս պահին նախարարության հետ քննարկում ենք, որպեսզի այդ հարցով ինչ-որ առաջընթաց գրանցենք»:
ՄԻՊ-ը տարեցների ոչ պետական հաստատություններում նույնպես ուսումնասիրություն է անցկացրել եւ պարզել, որ տարեցներին մատուցվող շատ ծառայություններ շատ ավելի վատ վիճակում են` քան պետական հաստատություններում: Նրանք մոնիտորինգի արդյունքները ուղարկել են նախարարություն եւ կոչ են արել մատուցվող ծառայությունները համապատասխանեցնել պետականին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
04.10.2019