Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Բաբայանը այնպես չէր, որ տանը նստած նարդի էր խաղում, Լենա Նազարյանն ասաց՝ էդ նարդին թող, արի գործ եմ տալիս»

Հոկտեմբեր 05,2019 13:30

«Իմ քայլականներն» արդարանում են՝ իրենց մերձավոր շրջապատին գործի չեն տեղավորում, բայց երրորդ պորտում հայտնվում են բարեկամներ:

Իշխանությունների հասցեին քննադատություն կա, որ նախկինների նույն գործելաոճն են շարունակում,  իրենց ծանոթ-բարեկամներին նորից տեղավորում են աշխատանքի, պաշտոններ են տալիս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անունն է շրջանառվում, որը քրոջ տագրին է տեղավորել նախարարությունում, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, որի ամուսինը պետգույքի կառավարման վարչության պետ է նշանակվել, շրջանառվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, որի եղբայրը ավագանու անդամ է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում եւ էլի որոշ անուններ:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը, որ այս իշխանություններն էլ քավոր-սանիկական, բարեկամական հարաբերություններով են առաջնորդվում՝ պատասխանեց. «Միանշանակ, չեմ ընդունում: Ես զարմանում եմ, օրինակ են բերում  Լենա Նազարյանի ամուսնուն: Ներողություն, նրանք երկուսով հավասարապես աշխատել են, ստեղծել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նարեկ Բաբայանը այնպես չէր, որ տանը նստած նարդի էր խաղում, Լենա Նազարյանը դարձավ ԱԺ փոխնախագահ, ասաց՝ էդ նարդին թող, արի գործ եմ տալիս: Նարեկ Բաբայանը հավասար աշխատանք է արել այս ընթացքում: Ինչ վերաբերում է Ծովինար Վարդանյանին, նրա քույրը՝ Նուարդ Վարդանյանը շատ ավելի վաղուց է ընտրվել Երեւանի ավագանու անդամ, քան իր քույրը դարձել է պատգամավոր: Չի կարելի, էլի, միանշանակ այդ գործելաոճը չկա: Համենայնդեպս, որեւէ մեկը այնպես չի, որ իր տեղում չի: Կներեք, բացառում եմ, որ ինչ-որ մեկին վերցնեն եւ զուտ որպես քավոր-սանիկ նշանակեն պաշտոնի»:

Դիտարկմանը՝ դուք չեք սիրում, որ ՀՀԿ-ի հետ ձեզ համեմատում են, բայց սովորաբար ՀՀԿ-ականներն էլ այդպես էին արդարացնում իրենց աներձագներին գործի տեղավորելը, նմանատիպ հարցերին պատասխանում էին, որ շատ արժանի, շնորհքով բարեկամներ ունեն, որ իրենք պրոֆեսիոնալ են, բոլորն իրենց տեղում են: Հրաչա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ՀՀԿ-ն ինչեր էր ասում, բայց տեսել ենք, թե ովքեր են եղել էդ մարդիկ, ովքեր են նշանակված եղել: Իրոք, չեմ սիրում համեմատվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, որովհետեւ նրանք կարող էին իրենց մի քիչ բարձր պահեին, չիջնեին հավասարվեին էս մակարդակին: Ես կարդացել եմ Արմեն Աշոտյանի գրառումը, ներողություն, բայց էս աստիճանի արդեն իջնել փողոցային մակարդակի, քաղաքական կոռեկտությունը չպահել, դառնալ ինչ-որ փողոցային… Իրոք, ցավում եմ, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ իրենց այսպես են դրսեւորում, այսպիսի լեքսիկոնով են խոսում, գրում: Կարող էին փորձեին մի քիչ բարձրանային: Հիմա իջել են, պլինտուսի մակարդակի են հասել»:

Սոցցանցերում քննադատվեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր քավորին է նշանակել Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար: Այն, որ Փաշինյանի քավորը կարող է դառնալ քաղաքապետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար պախարակելի չէ. «Պախարակելի չէ այնքանով, որ եթե որեւէ անձ ունի այդքան կարողություն, կարող է լինել ինչ-որ պաշտոնի: Ամեն անգամ երբ սրացված մոտեցում ենք ցուցաբերում, կարող է այնպիսի պոտենցիալ ունեցող մարդու մենք դուրս թողնենք զուտ նրա  համար, որ ինքը դատապարտված է լինել իմ բարեկամը, կամ իմ ծանոթը: Թերեւս ամեն կերպ  զերծ եմ մնում նման մոտեցումներից, արդյունքում տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր իմ շրջապատում իրապես պոտենցիալ ունեն, բայց այդ մարդիկ չեն հայտնվում  ինչ-որ գործունեության մեջ, որովհետեւ կարող են իմ անձի հետ կապվել: Դրա համար ես առավել հակված եմ մարդու կարողությունների ճիշտ գնահատմանը, քան իր անձնական կապերի: Վերջապես Հայաստանում իրար կապակցված մարդիկ են, եւ այնքան քիչ ենք մենք  թվով, որ մեկ էլ երրորդ պորտում հայտնվում են բարեկամներ: Ես զուտ մարդու կարողություններին ու առանձնահատկությանը, որակին եմ շեշտը դնում եւ ոչ թե ծանոթության կապերին: Եթե այդ մարդը ունի պոտենցիալ, ապա թող որ լինի խնամի կամ ծանոթ: Եթե չունի, ուղղակի գալիս է գալու համար, ապա ինքը որեւէ կերպ  չպետք է համակարգի հետ գործ կամ առնչություն ունենա»:

Սոֆյա Հովսեփյանին հարցրեցինք՝ եթե անկեղծ, չի՞ եղել, որ դուք ձեր որեւէ բարեկամին փորձեք ինչ-որ տեղ տեղավորել, կամ ասել, որ նրան լավ աչքով նայեն, այսինքն, ձեր պաշտոնական կապերն օգտագործեք՝ նա պատասխանեց. «Երբեւէ իմ գործունեության ընթացքում՝ դա կլինի հասարակական, քաղաքական գործունեության առումով, երբեւէ քայլ չեմ արել որեւէ կերպ որեւէ մեկին երաշխավորել կամ ինչ-որ կերպ առաջ տարել, նշանակել: Եղել է դեպք, օրինակ, կրթության ոլորտում զանգել են, ինձ հարցրել են տվյալ մարդու մասին կարծիք: Լինելով այդ ոլորտից՝ ես ընդամենը իմ օբյեկտիվ կարծիքն եմ ասել, որ այսպիսի մասնագետ է ինքը, մնացած որոշումը ձերն է: Երբեք չեմ վերցնում մի երաշխավորում, որտեղ կան անձնային հարաբերություններ: Կարող է լինել փայլուն մասնագետ, բայց հաղորդակցման դժվարություններ առաջանան աշխատանքային գործունեության մեջ, հետագայում ես ինքս ինձ վատ զգամ, թե ինչո՞ւ միջնորդ եղա: Դրա համար ես զերծ եմ մնում: Վերջերս մի հոդված տեսա, իբր թե իմ հորդորով քննիչ են հանել, անգամ չգիտեմ՝ ում են հանել, ում են նշանակել: Խնդրեցի՝ գոնե ասեք ո՞ւմ են բարեկամներիցս նշանակել, որովհետեւ չունեմ այդպիսի բարեկամ անգամ, մինչեւ այս պահը չիմացա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
04.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031