Կենդանասերների սոցցանցային խմբերում այսօր ակտիվ քննարկվում է Արարատի մարզի Այնթափ համայնքում այս գիշեր տեղի ունեցած մարդկային դաժանության հերթական դեպքը: Օգտատերերից մեկը հրապարակել է մի շան արնաշաղախ լուսանկարներ: «Սա երեխաների շունն է, եւ տեր ունի: Զանգել եմ ոստիկանություն»,-գրել է շան լուսանկարները հրապարակած Լիլիթ Նազարյանը, ապա հավելել՝ ոստիկանությունից ասել են, որ ահազանգով զբաղվում են:
Լիլիթ Նազարյանը նշել է, որ գիշերը 03:00-ից Այնթափում կրակել են. «Իմ շներից երկուսը չկան: Ուրիշ տեղեր արյան հետքեր կան: Մնացածի դիերը տարել են… Մի տղա ասեց, որ իրենց փողոցում էլ է եղել շան դի, որը տարել են»: Լիլիթ Նազարյանը դեպքի մասին ահազանգել է նաեւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Aravot.am-ը կփորձի կապ հաստատել Լիլիթ Նազարյանի հետ՝ հետագայում հանրությանը տեղյակ պահելու, թե արդյոք ոստիկանությանը հաջողվել է գտնել մեղավորներին:
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը, որը դեռ պետք է անցնի նաեւ երկրորդ ընթերցում: Նաեւ մայր օրենք է մշակվել, որը շուտով կդրվի շրջանառության մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև