Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունին:
Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության և քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:
Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փըլոունի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փըլոունին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ