Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչից եւ երբ է սկսվել Նորաշենի համայնքապետի ու ավագանու անդամների տարաձայնությունը

Հոկտեմբեր 04,2019 17:25

Այսօր ոստիկանների մասնակցությամբ բացվել են Նորաշենի գյուղապետարանի դռները, որոնք արդեն 4-5 օր է փակ էին՝ համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Նորաշենի համայնքապետարանում, խաղաղ պայմաններում, տեղի է ունեցել ընդունման հանձնման գործընթացը: Այս մասին հայտնեցին Նորաշենի ավագանու երկու անդամները, որոնք «Հայացք» ակումբում ներկայացրին, թե ինչից է սկսվել համայնքապետի շուրջ ստեղծված ողջ պատմությունը:

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ Արարատի մարզի նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր են անում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջելով վերականգնել Նորայր Գրիգորյանին համայնքապետի պաշտոնում: Գյուղում ստեղծված լարված իրավիճակի պատճառով գյուղապետարանի դռները կողպվել էին:

Ավագանու անդամներ Էդուարդ Չոբանյանի եւ Գարիկ Սարգսյանի խոսքով, ավագանիների եւ գյուղապետ Նորայր Գրիգորյանի միջեւ տարաձայնությունները սկսվել են դեռեւս նախկին իշխանության ժամանակ՝ 2017 թվականին, երբ ավագանու անդամների պահանջը՝ հաշվետվություններին ծանոթանալու, համայնքապետ Գրիգորյանն անտեսել է. «Համայնքի ղեկավարը սկսեց ոչ թափանցիկ իր աշխատանքը: Նա էլ, երբ դեռ համայնքապետ չէր, Նորաշենի ավագանու անդամ էր եւ նախկին համայնքապետից պահանջել է թափանցիկություն, օրինականություն, հաշվետվություն, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում նաեւ նախկին գյուղապետի օրոք: Ավագանին իրենց բողոքներն էր ներկայացնում մարզպետարանին, իրենց տարաձայնությունները: Այսինքն՝ Նորայր Գրիգորյանը լավ գիտեր իր լիազորությունները ավագանու ինստիտուտը: Ինքը, երբ դարձավ համայնքապետ պետք է քաջ գիտակցեր, որ հաշվետու է ավագանուն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Էդուարդ Չոբանյանի խոսքով, առաջինը համայնքապետ Նորայր Գրիգորյանն է դիմել՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու՝ պատճառաբանությամբ, թե նիստերին չեն ներկայացել, բայց գյուղի ավագանիները պնդում են, որ ոչ մի նիստ էլ տեղի չի ունեցել եւ իրենք, ոչ մի եղանակով ավագանու նիստի մասին չեն ծանուցվել:
Այդ մասին վկայող ապացույցն այն է, որ համայնքապետարանի կայքում որեւէ տեղեկություն չի եղել, որ նիստ է տեղի ունեցել: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ առնվազն յոթ օր առաջ այդ մասին ծանուցում լինի, որպեսզի համայնքի բնակիչներն էլ տեղյակ լինեն:

Միայն այս տարվա սեպտեմբերի 12-ին Նորաշենի համայնքապետարանի կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ սեպտեմբերի 6-ին գյուղապետը որոշում է կայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու:

Ավագանու անդամները իրենք են արտահերթ նիստ գումարել՝ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով եւ որոշման հիմքերը տրամադրել Մարզպետին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրանք պատճառներից մեկը նշել են ամիսներ շարունակ ավագանու նիստ չգումարելը:

 

Հարցին՝ ինչո՞ւ են Նորայր Գրիգորյանի կողմնակիցները դեմ պաշտոնակատար Արտակ Հարությունյանին, Էդուարդ Չոբանյանը պատասխանեց՝ նա այն ավագանիներից էր, որը բոլոր գյուղապետերի օրոք մշտապես ակտիվ է եղել, պայքարել է անօրինականության դեմ:

Aravot.am-ի հարցին՝ գյուղացիները պնդում են, որ պաշտոնակատարն էլ միլիոնից ավելի պարտք ունի պետությանը, Էդուարդ Չոբանյանը պատասխանեց՝ գյուղացիները միտումնավոր չափազանցված տեղեկություններ են տարածում, իրականում պարտքը այդքան չէ:

Էդուարդ Չոբանյանը հստակեցնում է, որ Արարատի մարզպետն այս ամենի հետ ոչ մի կապ չունի եւ ողջը իրավական գործընթաց է, իսկ Նորայր Գրիգորյանը խնդրին «միտումնավոր քաղաքական աստառ է տալիս»:

 

Թե ինչո՞ւ են ավագանու անդամները ավագանու նիստը ծիրանի ծառի տակ արել, ինչպես որ ներկայացնում է նախկին գյուղապետը, պարոն Չոբանյանը պատասխանեց, որ համայնքապետարանում ավագանու սենյակը զբաղեցրած են եղել, այլ սենյակում էլ թույլ չեն տվել եւ իրենք ստիպված են եղել շենքի տարածքից դուրս նիստը հրավիրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031