ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը և Սեվինժ Ֆաթալիևան արցախյան հակամարտությանը վերաբերող իրենց ելույթներում մեղադրանքներ հնչեցրեցին Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Նրանց սադրիչ ելույթներին կոշտ արձագանքեց ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հարգելի գործընկերներ,
Պետք է հաստատեմ մեր կազմակերպության մշակույթի, չափորոշիչների և գործելաձևի համար անընդունելի մի բան: Լսե՛ք, ուրեմն: Ռաֆիկ Հուսեյնովը և տիկին Ֆաթալիևան պրովոկացիոն ելույթներ են ունենում: Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում, և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում: Դրա ապացույցը եկեղեցիներն են, հուշարձանները, բազում այլ ապացույցներ, որ կարող եք գտնել այնտեղ:
Կարդացեք նաև
Այժմ, ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծման հարցում մեր կառավարության դիրքորոշմանը, նախ և առաջ Հայաստանի կառավարությունը և բնակչությունը միշտ էլ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են եղել:
Այնուհետև, արդեն 30 տարի է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները արցախյան խնդրի կարգավորման գործառույթները պատվիրակել են Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Ուրեմն էլ ի՞նչ եք ցանկանում:
Ինչո՞ւ չեք համաձայնում շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ:
Եվ, ի վերջո, ի՞նչ կասեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին, որում ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարին՝ «Պարոն նախարար, մենք պետք է հանդիպենք ռազմի դաշտում»:
Ահա Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ խիստ սադրիչ և ամենևին անընդունելի»:
Միքայել Մելքումյանի գրասենյակ