Փոքրիկ Առնոն (Առնո Տեր-Պողոսյան) դեռևս 1 տարեկան 9 ամսական է և արդեն գիտի 170 երկրի դրոշ՝ առկա 195-ից, աշխարհի 50 տարբեր հրաշալիքներ, 20 հայ և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորներ. յուրաքանչյուր կոմպոզիտորից մեկ կամ մի քանի ստեղծագործություն կռահում է ընդամենը մի քանի նոտայից։ Փոքրիկ Առնոն անընդհատ ավելացնում է իր իմացությունը, ուսումնասիրում է թվեր, կենդանիներ, թռչուններ, մասնագիտություններ, տրանսպորտային միջոցների տեսակներ, գործիքներ, հագուստ, մարմնի մասեր և այլ։
Փոքրիկը հազիվ է կարողանում խոսել, բայց առանձնանում է անընդհատ նոր գիտելիք ձեռք բերելու յուրովի ցանկությամբ։
«Ամեն ինչ սկսվեց մի գնդակի պատմությունից… Առնոյի խաղալիքների ընտրությունն ինձ համար միշտ շատ կարևոր խնդիր է եղել։ 1 տարեկան 5 ամսական էր, երբ առաջին անգամ նրա համար գնդակ գնեցի, որի վրա դրոշներ էին պատկերված (շուրջ 30 դրոշ), և բավականին կարճ ժամանակահատվածում նա գիտեր արդեն բոլորը։ Ավելի զարմացա, երբ սկսեցինք ուսումնասիրել հայ և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորներին ու լսել նրանց ստեղծագործությունները․ նա կարողանում էր ճանաչել ոչ միայն կոմպոզիտորներին նկարներով, այլև յուրաքանչյուր կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն՝ ընդամենը մի քանի նոտայից: Ինձ հաճախ են ասում, որ տաղանդավոր բալիկ ունեմ, մինչդեռ ես կարծում եմ, որ բոլոր բալիկներն էլ տաղանդավոր են, ուղղակի պետք է բացահայտել այդ տաղանդը և նրանց թևեր տալ թռչելու», – ասել է Ռուզաննան, փոքրիկ Առնոյի մայրը։
Մամուլի հաղորդագրություն