Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո՛թ, ամո՛թ. ժողովրդավարությունը ոչ թե պատերազմ հաղթելն է, այլ խաղաղություն տարածելը. քննադատություններ ՌԴ հասցեին՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 04,2019 14:49

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստին «ՌԴ-ում խաղաղ ցուցարարների ժողովրդավարական իրավունքների ոտնահարումն ու ճնշումները Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրությունների ֆոնին» թեմայով քննարկմանը հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ եվրոպացի պատվիրակները քննադատեցին ՌԴ-ում խաղաղ ցուցարարների իրավունքների ոտնահարումը: Իսկ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամները՝ գրեթե բոլորը, ելույթ ունեցան և հայտարարեցին, որ այս հարցն, ընդհանուր առմամբ, արհեստական է բարձրացվել:

Սլովակիան ներկայացնող պատվիրակ Մարտին Պոլիաչիկը հայտարարեց, թե Ռուսաստանը ԵԽԽՎ է վերադարձել այսպես ասած՝ «տնային հանձնարարությունը» դեռ ամբողջությամբ չկատարած: Նա նշեց, որ դեռ շարունակում է չլուծված մնալ քաղաքական բանտարկյալների հարցը: Նա, խոսելով Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի մասին, հայտարարեց. «Ես ողջունում եմ այն, որ Օլեգ Սենցովն ազատության մեջ  է և ազատորեն շրջում է այս շենքի ներսում, բայց միևնույն ժամանակ մենք պետք է մտածենք այլ քաղաքական բանտարկյալների մասին, որոնք դեռ բանտերում են»:

Անդրադառնալով Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններին՝ Մարտին Պոլիաչիկն ասաց. «Ընդդիմության շատ թեկնածուներ զրկված են եղել ընտրություններին մասնակցելուց: ԿԸՀ-ն պաշտոնապես հրաժարվել է նրանց գրանցելուց: Ստորագրությունների վավերականացման գործընթացը եղել է սխալներով: Թույլ չտալով այս կամ այն թեկնածուին առաջադրվել՝ այսպիսով՝ քաղաքացիները զրկվել են ընտրություն կատարելու իրենց իրավունքից: Ուստի՝ ավելի քան 20 հազար ցուցարարներ էին հավաքվել և պահանջում Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններում ընդդիմության մասնակցությունը: Տեղեկություններ կան, որ այս մարդկանցից շատերին հեռացրել են, ժամերով թույլ չեն տվել սնվել, ջուր խմել»:

Սլովակ պատվիրակը շեշտեց, քանի որ Ռուսաստանը վերադարձել է ԵԽԽՎ, պետք է իր ստանձնած պարտավորությունները կատարի:

Ֆրանսիացի պատվիրակ Բերտրանդ Բույիքսը նշեց, որ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են տեղի ունեցել Մոսկվայում նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ սեպտեմբերի 8-ին. «Ընդդիմության թեկնածուներն ազատազրկվել են այն բանից հետո, երբ նրանք կոչ են արել ցույցեր կազմակերպել: Շուրջ 2700 խաղաղ ցուցարարներ դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման»:

ԵԽԽՎ պատվիրակները մեղադրվեցին ՌԴ իշխանություններին խոսքի ազատության ոտնահարման, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն և ճնշումներ կիրառելու և այլ հարցերում: Այս ամենին հակադարձեցին ռուսական պատվիրակության անդամները: Սակայն, երբ ելույթ ունեցավ ռուս պատվիրակ Պյոտր Տոլստոյը, նիստերի դահլիճի վերին հարկից հնչեց «ամոթ, ամոթ» արտահայտությունը: ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն դուրս հրավիրեց այդ անձին դահլիճից: Նշենք, որ ԵԽԽՎ շենքի նախասրահում տասնյակ անձինք բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ ռուսական պատվիրակության:

Պյոտր Տոլստոյը, արձագանքելով քննադատութուններին՝ ասաց. «Մենք այստեղ չենք տնային աշխատանք կատարելու, այլ փաստեր ներկայացնելու համար»:

Մեկ այլ ռուս պատվիրակ՝ Լեոնիդ Սլուտսկին ասաց, որ Մոսկվայի քաղաքային ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակն արհեստական է: Նա օրինակ բերեց ԱՄՆ ոստիկանությանը՝ նշելով, թե այնտեղ ոստիկանությունը կրակում է ցուցարարների վրա:

Լիտվացի պատվիրակ Էգիդիջուս Վարեսկիսը վստահեցրեց, որ ԽՍՀՄ հոգին դեռ թևածում է Ռուսաստանում. «Դուք այստեղ էլ հայտարարում եք՝ մենք պատերազմ ենք հաղթել… բայց ժողովրդավարությունը ոչ թե պատերազմ հաղթելն է, այլ  խաղաղություն տարածելը: Խաղաղությունն է ժողովրդավարության ճանապարհը»

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031