Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է, որ աշխատանքային միգրանտներն այլ երկրներում օրենսդրորեն և իրավական առումով պաշտպանված լինեն. Միքայել Մելքումյան

Հոկտեմբեր 04,2019 14:27

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ աշխատանքային միգրացիայի թեմայով

Հարգելի գործընկերներ,

Քննարկվող թեման բավական արդիական է շատ երկրների համար նաև այն պարզ պատճառով, որ տարբեր պետություններում մարդկանց կենսամակարդակը կարող է էապես տարբերվել, որովհետև նույն որակի և քանակի աշխատանքի դիմաց վարձատրության չափն էապես տարբեր է:

Աշխատանքային միգրանտներն ունեն ԵԽԽՎ համապատասխան որոշումների և պաշտպանության կարիքը։ Նշանակում է այստեղ մենք պետք է ընդունենք կիրառական որոշումներ։

Բնականաբար, առավել զարգացած երկրներում նվազագույն և միջին աշխատավարձի մակարդակն առավել բարձր է: Սակայն միայն այդ հիմնական պատճառով չէ, որ տարբեր երկրներից դեպի առավել զարգացած տնտեսություն ունեցող երկրներ աշխատելու են մեկնում քաղաքացիներ՝ ապահովելու իրենց նվազագույն կենսապայմանները: Աշխատանքային միգրացիան առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ մայր երկրներում, որտեղից տեղափոխվում են աշխատանքի համար։ Դա պետք է հաղթահարել։ Այդ առումով Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ բոլոր երկրներում էլ այս խնդիրները խիստ արդիական են և լուծման կարիք ունեն։ Մասնավորապես գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունից հիմնականում սեզոնային աշխատանքի համար ՌԴ են մեկնում տարեկան մի քանի հարյուր հազար աշխատանքային միգրանտներ:

Այստեղ խնդիրներ կան նաև կապված աշխատանքի կատարյալ ազատ տեղաշարժի հետ, սակայն համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց լուծումները կստանան:

Որպես ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ՝ լավատեղյակ եմ այդպիսի խնդիրներին և դրանց լուծման ընթացքին:

Շատ կարևոր է նաև, որպեսզի աշխատանքային միգրանտներն այլ երկրներում իրենց աշխատանքային գործունեությունը ծավալելու ընթացքում օրենսդրորեն և իրավական առումով պաշտպանված լինեն: Դա կապված է ընդունող երկրներում ժամանակավոր կացության, աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուտների ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական կարգավորումների արդյունավետության բարձրացման հետ: Իհարկե, այս զեկույցը և դրա հիման վրա ընդունվող որոշումը կնպաստեն այդ խնդրի լուծմանը, սակայն դա ամբողջական և իրական լուծում չի լինի։

Միաժամանակ պետք է նշել, որ աշխատանքային միգրանտները մեծածավալ ֆինանսական տրանսֆերներ են ապահովում նաև սեփական երկրների համար: Սակայն ակնհայտ է, որ բոլոր երկրներն էլ ձգտում են զարգացնել իրենց տնտեսությունները, ապահովել առավել բարձր նվազագույն և միջին աշխատավարձի մակարդակ: Մեր վեհաժողովն իր որոշումներով միայն ու միայն պետք է նպաստի այդ գործընթացներին:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031