ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի արտահայտությանը՝ ուղղված արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին: Արփինե Հովհաննիսյանը, որպես ԱԺ նախագահ, Միրզոյանի արձագանքին էր սպասում:
Նա պատասխանեց. «Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձեւակերպումը, բայց ես դա տեսնում եմ ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի դեպքում: Մենք տեսնում ենք վերջին ամիսներին Հայաստանում իսկապես այդ բանավեճի կամ քննադատության մեջ, անկախ որ կողմից, անկախ որ անձից կամ որ անձի նկատմամբ ոչ վայելուչ ձեւակերպումներ, որոնք, իհարկե, անցանկալի են: Կարիք չկա դրանց, կարելի է մշտապես բովանդակային խոսել: Ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները եւ հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Ինձ թվում է, Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին հիվանդ անվանելը, արդարադատության նախարարին անուղեղ անվանելը եւ այլ որակավորումները հիմք չեն տալիս մի ուրիշ մարդու կամ նույնիսկ թիրախ հանդիսացող մարդուն նույն բառապաշարով ու նույն ոճով պատասխանելու: Կարծում եմ, որ տգեղ է»: (Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արփինե Հովհաննիսյանը զանգել ու ներողություն էր խնդրել այդ արտահայտության համար.- խմբ.):
Հարցին՝ չե՞ք պատրաստվում էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ, լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չէր ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ, իմ խորին համոզմամբ, շատ տգեղ, ոչ կոռեկտ եւ անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից»:
Դիտարկմանը, որ մերժվել է այդ արժեհամակարգը, դրա համար իրենք այլեւս իշխանություն չեն, հիմա խոսքը հեղափոխական իշխանության մասին է՝ Միրզոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովն, այնուամենայնիվ, չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում, ես սա էլ եմ համարում լուրջ դեպք: Եթե այս գործիքը սկսվի չարաշահվել, այն կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամավորների քաղաքական դիրքորոշումն այս կամ այն ձեւով հայտնելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ