Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը չի հերքում, որ ինքն է երաշխավորել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը այդ կառույցի ղեկավարի պաշտոնին: Այս մասին այսօր Ցոլակյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Այո, ես եմ երաշխավորել, այլեւս այս թեմայով հարցերին չեմ պատասխանելու»,-ասաց նախարարը:
Հարցին՝ թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունները, Ցոլակյանը հրաժարվեց անդրադառնալ դրանց, նշելով. «Որեւէ մեկի հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել, ես միայն իմ հայտարարություններն եմ մեկնաբանում: Ազգային անվտանգությունը, բանակը այն տեղերն են, որոնց մասին դուք էլ աշխատեք քիչ խոսել: Դրանք այն բնագավառներն են, որ ամեն մի խոսքը, անզգույշ արտահայտությունը հետեւանք է տալու»:
Իր հրաժարականի մասին էլ ասաց. «Ես հրաժարական չեմ տալու, շարունակելու եմ աշխատել: Եվ որեւէ կապ չունի որեւէ մեկի դուրս գալը կամ մտնելը սրա հետ: Խնդրում եմ, այս հարցով է՛լ ինձ չանհանգստացնել»:
Կարդացեք նաև
Փոշմանե՞լ եք, որ երաշխավորել եք Վանեցյանի համար, այս հարցին էլ ի պատասխան, Ցոլակյանն ասաց. «Գիտե՞ք դա երբ է եղել: Ինչի՞ համար, չէ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ