Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Եթե հանրության որոշակի մասը համերգն ընկալում է որպես սատանիստական քարոզչություն, ես դա պետք է հաշվի առնեմ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2019 13:26

Երեւանի պետական տիկնիկային թատրոնում լեհական Vader խմբի հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգը չեղարկվել Է։ Բանն այն է, որ հայ հանրություն շրջանում դժգոհություններ ծագեցին առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ Է տալու Երեւանում»։ Եվ չնայած համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի այն պարզաբանմանը, թե սատանիզմը երաժիշտների համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է եւ չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ, համերգն, այնուամենայնիվ, տիկնիկային թատրոնում չի կայանա։ Իսկ թե, ի վերջո, որտեղ այն տեղի կունենա, դեո չի նշվում։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել Է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ։

–Պարոն Բաբայան, Ձեր թատրոնը մշտապես հանդիսացել Է ազատ հարթակ ստեղծագործողների համար։ Այս անգամ Ձեզ ի՞նչը կաշկանդեց։ Համերգի չեղարկման մասին խոսքով՝ նշել եք, որ հայ հանրության շրջանում խավարամտությունը գլուխ Է բարձրացնում։ Ի՞նչ նկատի ունեք։

–Ես կարծում եմ, որ խավարամիտ են բոլոր նրանք, ովքեր չեն ուզում իրար լսել։ Քաղաքակիրթ, ժամանակակից աշխարհում մարդիկ իրար լսում են, ամեն մեկը հասկանում է, որ դիմացինը տարբեր է։ Իսկ մենք այն կարծիքին ենք, որ բոլոր նրանք, ովքեր մեր կարծիքը չեն կիսում, ընդհանրապես գոյություն ունենալու կամ կարծիք արտահայտելու իրավունք չունեն։ Մարդկությունը եկել է իրար հասկանալու կարեւոր գաղափարին։

–Որոշ ժամանակ առաջ Կոնսերվատորիայում մեծ աղմուկ բարձրացավ։ Այնտեղ անցկացվող ուսանողական միջոցառումը դադարեցվել էր սատանիստական լինելու կասկածների պատճառով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ սատանիզմի թեման վերջին շրջանում պարբերաբար օրակարգ է բերվում։

-Կոնսերվատորիայի դեպքի հետ կապված աղմուկը, իմ տեղեկությամբ, իզուր էր, փաստերի խեղաթյուրում է եղել, ոչ մի սատանիստական միջոցառում էլ չի եղել։ Ինչ վերաբերում է համերգին, ես ծանր մետալի սիրահար չեմ, բայց ռոք արվեստին մշտապես տվել եմ մեծ տեղ, եւ մեր թատրոնի բեմից ռոք պարբերաբար հնչել է թե՛ հրավիրված, թե՛ հայկական խմբերի կողմից։ Vader խումբը շուրջ 30 տարվա պատմություն ունի, սատանայական ատրիբուտիկան ավելի շատ բողոք է արտահայտում, էպատաժ եւ այլն։ Կարծում եմ, Հայաստանում, առհասարակ, լուսավորչական մեծ աշխատանք է պետք տանել։ Երեւի թե համերգի կազմակերպիչները նախապատրաստական աշխատանքներ չտարան, գուցե դրա կարիքը կար։ Բոլոր դեպքերում ես պետք է հաշվի նստեմ հասարակական կարծիքի հետ։ Եթե հանրության որոշակի մասը համերգն ընկալում է որպես սատանիստական քարոզչություն, ես դա պետք է հաշվի առնեմ։ Ղեկավար լինելու առաջին օրվանից դեմ եմ եղել ցանկացած քարոզչության՝ լինի կուսակցական, թե կրոնական։ Երբեւիցե մեր թատրոնի բեմում նման միջոցառում չի անցկացվել։ Հիմա ես չգիտեմ՝ այդ համերգը քարոզչական բնույթ կրում է, թե ոչ, բայց ես չեմ ուզում թատրոնն ընկալվի քարոզչություն իրականացող կառույց։ Կարող է իրականում դա քարոզչություն չէ, բայց որոշակի հատվածի կողմից այդպես է ընկալվում։

 ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031