Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն խնդրել ԲՀԿ խմբակցությունից՝ անհարգալից վերաբերմունք է ԱԺ մյուս ուժերի նկատմամբ». Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանին

Հոկտեմբեր 04,2019 13:21

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով փակ գաղտնի քվեարկությունն էր այսօր ԱԺ-ում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցին՝ եթե ՍԴ-ն մերժի, 6 դատավոր կողմ չքվեարկեն, ի՞նչ է լինելու ձեր հաջորդ քայլը՝ պատասխանեց. «Եթե մերժեն, ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց հասկանանք՝ հիմա պրոցեսն ի՞նչ պիտի լինի»:

Դիտարկմանը, որ խոսքը իրավական քայլերի մասին է, իրավական քայլեր կա՞ն՝ Միրզոյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես որեւէ բան, որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում ենք անում, բացառվում է դրանից դուրս որեւէ քայլ»:

Միրզոյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանին ԱԺ հրավիրելու հարցին: Հիշեցնենք, որ հրապարակվել էր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի գրությունը, որով սեպտեմբերի 24-ի փոխարեն Հրայր Թովմասյանին ԱԺ էին հրավիրել հոկտեմբերի 24-ին, ամսաթիվը տեխնիկական վրիպում ուներ:

Միրզոյանն ասաց, որ Հրայր Թովմասյանին ԱԺ-ն պատշաճ հրավիրել է եւ այդ գրությունը միայն հանձնաժողովի նիստին մասնակցելու համար էր, երեկվա նիստին մասնակցելու համար նրան զանգել են, ինչին հաջորդել է էլեկտրոնային հրավերը: Ամեն դեպքում որեւէ իրավական պահանջ չկար հանձնաժողովի կողմից հրավիրելու Թովմասյանին. «Հրայր Թովմասյանը, ինչպես տեսաք, չի եկել ԱԺ նիստին, ընդ որում, բավականին ուշագրավ մի բան՝ ներողություն խնդրելով ԲՀԿ խմբակցությունից: Սա, ես կարծում եմ, ԱԺ-ի, որպես ինստիտուտի եւ ԱԺ-ում ներկայացված մնացած քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է եւ հերթական անգամ գալիս է ապացուցելու այն, ինչի վրա ես շեշտադրում էի կատարում՝ շատ հստակ քաղաքական մոտիվացիայի եւ քաղաքական պատճառաբանության տարրեր կան Հրայր Թովմասյանի գործողություններում պարբերաբար: Այդ շարժառիթներն իրենց արտացոլումն են գտել բոլոր այն դրվագներում, որոնցով հիմնավորվում էր ԱԺ որոշումը»:

Թովմասյանն ասել էր, որ կարծես ինքը կանգնած է դիրքերում՝ ինչպես սահմանապահը: Միրզոյանն արձագանքեց. «Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը հայն էր եւ այս նախաձեռնության հեղինակները ադրբեջանցինե՞րը, սա ի՞նչ է, սա մի հատ ուրիշ քննարկելու թեմա է, որին չեմ էլ ուզում անդրադառնամ»:

Արարատ Միրզոյանը հայտարարեց գործադիրի եւ օրենսդիրի անունից. «Իշխող քաղաքական ուժը որեւէ մտադրություն չունի եւ չի ունեցել, այսպես կոչված, իր համար անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից: Ճիշտ հակառակը, մենք միշտ հանդես ենք եկել օբյեկտիվ, արդար, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին եւ մեր մոտիվացիան մշտապես եղել է միայն դա: Եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, ամիսների ընթացքում այս կամ այն կերպ դա դրսեւորված կլիներ: Հրայր Թովմասյանն ուներ այդ շանսը եւ բաց է թողել այդ շանսը՝ որպես ՍԴ նախագահ գլխավորել անաչառ, օբյեկտիվ դատական համակարգը: Բայց Հրայր Թովմասյանն այս ընթացքում, իմ խորին համոզմամբ, արել է բաներ, որոնք պայմանավորված են եղել ոչ թե այդ անաչառ դատարանն ապահովելու ցանկությամբ, այլ՝ բոլորովին այլ, այն է՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը: Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի նեղ քաղաքական, կուսակցական, ՀՀԿ-ական կոնկրետ մոտիվացիա, նա արդար դատական համակարգի տեսանկյունից հանդես չի գալիս»:

Լրագրողները հիշեցրին, որ Վահե Գրիգորյանն էլ ունի քաղաքական ուղղվածություն, Միրզոյանը պատասխանեց, որ գուցե հանրահավաքների մասնակցել է, բայց քաղաքական ասվածը կուսակցական նկատի ունեն. «Թեեւ Վահե Գրիգորյանը չի եղել կուսակցական, բայց կարող է մեկնաբանվել, որպես… չգիտեմ, քաղաքական գործունեություն, այստեղ իրավաբանները թող ասեն: Իհարկե, օրենքը, Սահմանադրությունը չի արգելում մի մարդու, ով եղել է կուսակցական, զբաղեցնել ՍԴ անդամի, դատավորի կամ նույնիսկ նախագահի պաշտոն, բայց ի՞նչն է տարբերությունը, որ ոչ թե անցյալն է հարցը, այլ այն, որ մենք ունենք կասկած այն մասին, որ նրա հիմիկվա գործողություններում կա մոտիվացիա պաշտպանել այդ կուսակցության շահերը, ինչու մի առանձին քաղաքական ուժի շահեր եւ դա նաեւ դրսեւորվում է Հրայր Թովմասյանի՝ ԱԺ ֆրակցիաներից մեկին ուղղված հայցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031