«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել ԱԼԴԵ խմբի անունից, որում անդրադարձել է «մոխրագույն գոտիներում»՝ չճանաչված դե ֆակտո երկրներում, օմբուդսմենի ինստիտուտի մուտքի և մարդու իրավունքների պաշտպանության թեմային։
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթը
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Կարդացեք նաև
ALDE խմբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակ Լորդ Ռիչարդ Բալֆին իր արժեքավոր աշխատանքի համար և ներկայացնել, որոշ դիտարկումներ: Որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան, չեմ կարող չընդգծել նման մեխանիզմների կարևորությունը, որոնք ուղղված են օմբուդսմենի ինստիտուտների հզորացմանն ու պաշտպանությանը:
Իրական ժողովրդավարության պայմաններում շատ կարևոր է, որ կառավարությունները հաշվետու լինեն իրենց գործողությունների համար: Բայց ո՞ւմ պետք է դիմի անձը, եթե իշխանությունները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները կամ եթե իշխանությունները պարզապես պատշաճ կերպով չեն իրականացնում իրենց վրա դրված պարտականությունները: Ակնհայտ է, որ ամենադյուրին լուծումը կարող է լինել օմբուդսմենին դիմելը, քանի որ այն առավել հասանելի և մատչելի է հասարակության համար: Ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում գործունեություն ծավալող օմբուդսմեններ գործում են աշխարհի ավելի քան 140 երկրներում։ Եվ շատ կարևոր է երաշխավորել օմբուդսմենների ինչպես ֆիզիկական սպառնալիքների կանխարգելումը, այնպես էլ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ անկախության ապահովման համար:
«Մարդու իրավունքների պաշտպանի դերը և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտները» թեմայով Եվրոպական ֆորումում իր ելույթում օմբուդսմենը և միջազգային օմբուդսմենի ինստիտուտի (IOI) նախագահ Փիթեր Թինդալը անդրադարձել է ամբողջ աշխարհում օմբուդսմենի դեմ ուղղված մի շարք սպառնալիքների, մասնավորապես, նա նշել է, որ «Անցյալ տարի Լեսոտոյի օմբուդսմեն, փաստաբան Լեսլե Թոահելենը ոստիկանության կողմից հրապարակային հետախուզման էր ենթարկվել այն սենյակում, որտեղ նա անցկացնում էր լսումներ՝ քաղաքացիների և լրագրողների ներկայությամբ: Վերջերս Սլովակիայի Ազգային խորհուրդը հրաժարվեց քննարկել Սլովակիայի ՄԻՊ-ի դոկտոր Յանա Դուբովկովիչի զեկույցը` մտավոր զարգացման խնդիրներ չունեցող գնչու երեխաներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դպրոցներում տեղաբաշխելու վերաբերյալ: Դոկտոր Ադամ Բոդնարը, Լեհաստանի օմբուդսմենի խիստ ուղղախոս լինելու արդյունքում, Կառավարությունը փորձեց կտրուկ կրճատել վերջինիս բյուջեն: Վերջերս նա խոսեց ատելության խոսքի մասին Գդանսկի քաղաքապետի սպանությունից հետո: Այդ ժամանակ նրա դեմ որպես անհատի դատական հայց է ներկայացրել Պետական հեռուստաընկերությունը:
Սրանք միայն մի քանի օրինակներ են, երբ օրենսդրությունը և օրինական մեխանիզմներն օգտագործվել են օմբուդսմենների նկատմամբ ճնշումներ գործադրելու և նրանց անկախությունը սահմանափակելու համար: Մինչդեռ պետք է մշակվեն նոր և արդյունավետ միջոցներ, որոնք միտված կլինեն Եվրոպայում այդպիսի պրակտիկայի կանխարգելմանը:
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որպեսզի ապահովվի օմբուդսմենների հասանելիությունը գորշ գոտիներում, անկախ այն բանից թե արդյոք երկրագնդի այդ հատվածը ճանաչված է, թե ոչ, կարևորն այն է, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղ գտնել ցանկացած վայրում և օմբուդսմենը պետք է անսահմանափակ հասանելիության մանդատ ունենա իրավիճակի մշտադիտարկման և անհրաժեշտ աջակցության տրամադրման նպատակով՝ աշխարհի ցանկացած վայրում։
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն ինստիտուտի կարևորությունը, ALDE խմբի անունից ցանկանում եմ ընդգծել, որ առկա է համընդհանուր չափորոշիչների ներդրման անհրաժեշտությունը օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ անցանկալի ազդեցության բացառման և պաշտպանության համար։
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար