Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն մերժել է Իրազեկ քաղաքացիների միավորման առաջարկը. Դանիել Իոաննիսյանը քննադատում է

Հոկտեմբեր 04,2019 12:51

«ՀՀ-ում պետք է ստեղծել կուսակցությունների ինստիտուտ, որովհետեւ Հայաստանում այդ ինստիտուտը, ըստ էության, չկա: Այն, որ «Իմ քայլը» հավաքել է 70 տոկոս ձայն,  չի նշանակում, որ ՔՊ-ն ունի այդքան հեղինակություն: Դա նշանակում է, որ կոնկրետ անձը` Նիկոլ Փաշինյանը կամ նրա որոշ թիմակիցներ, հավաքել են այդքան ձայն»,- այս տեսակետն այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության շուրջ ընթացող աշխատանքներին:

Հիշեցնենք, խորհրդարանում աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը զբաղվում է օրենքում փոփոխություններ կատարելու աշխատանքով:

Դաշտի կարգավորման տեսանկյունից, Դանիել Իոաննիսյանը կարեւորում է կուսակցությունների ֆինանսավորման հարցը: Ասում է` արեւմտյան տարբերակով այժմ գնալ չենք կարող`դա հանրային նվիրատվությունների մեխանիզմն է: Ուստի, շատ կարեւորում է կուսակցությունների հանրային ֆինանսավորման կամ բյուջեից ֆինանսավորման մեխանիզմը: Հիմա կա այդ մեխանիզմը, որն, իր կարծիքով, թերի է: Գործող օրենքով այսպես է`ընտրություններում 3 տոկոսից ավելի ձայն ստացած կուսակցություններին ամեն քվեի համար 40 դրամ է տրվում բյուջեից` մինչեւ հաջորդ ընտրություններ: Բանախոսի համոզմամբ, դա չի խթանում նոր կուսակցությունների ստեղծումը, որը պետք է բերի քաղաքական դաշտի կայացման. «Սա համ շատ քիչ է, համ փակ ցիկլ է`շատ քվե ստացածները շատ փող են ստանում եւ շատ փող են ունենում`հաջորդ ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու համար»: Մինչդեռ նոր կուսակցությունների ստեղծումը օրախնդիր հարց է եւ եթե ֆինանսավորման տրամաբանությունը նույնը մնա` հարցը չի լուծվելու:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» առաջարկ ունի եւ դրան որոշ կուսակցություններ էլ միացել են, սակայն, իշխող ուժը`«Քաղաքացիական պայմանագիրը» չի կիսում իրենց մոտեցումը: Առաջարկը հետեւյալն է`հնարավորություն տալ քաղաքացիներին, գնալ հարկային մարմին եւ ասել, թե ուզում է, որ իր վճարած հարկի ասենք x տոկոսը գնա այսինչ կուսակցությանը:

Ըստ բանախոսի, այսպես երեք խնդիր է լուծվում. կուսակցությունները հնարավորություն են ստանում քաղաքացիների վստահությունը շահելով ֆինանսավորվել պերմանենտ: Երկրորդ` մենք իմանում ենք թե ո՞ր կուսակցությունն ինչքա՞ն համակիր ունի եւ հետագայում չնչին վստահություն ունեցող կուսակցություններն անգամ կարելի է փակել: Եվ երրորդ խնդիրը` այսպիսով քաղաքական գործընթացներում քաղաքացիների անմիջական մասնակցությունն է ավելանում:

Իրենց առաջարկը բանախոսը համարում է ժողովրդավարության ինստիտուցիոնալացման խնդիրներից մեկը:

Դանիել Իոաննիսյանի կարծիքով վերոնշյալ հարցերը քննարկվում են, բայց ընդհանուր ընկալու դրանց վերաբերյալ չկա. «Տպավորություն է, որ սա օրենք է որոշ կուսակցությունների ազդեցությունը թուլացնելու համար: Օրենքները չպետք է լինեն կոնկրետ ինչ-որ մեկի հախից գալու համար: Չի կարելի օրենք մշակել` որեւիցե քաղաքական խնդիր լուծելու համար: Հետեւելով նրան, թե ինչպես են ընթանում գործընթացները, ինձ մոտ տպավորություն է, որ ԱԺ-ում իշխող խմբակցությունից որոշ մարդիկ հասկանում են, որ օպոնենտ կուսակցությունների հետ խնդիր ունեն եւ այդ կուսակցություններին թուլացնելու համար ինչ-որ կարգավորումներ են բերում: Այդ կարգավորումներն, իհարկե, ժողովրդավարացում են բերում, բայց հիմնական խնդիրը`Հայաստանում ստեղծել կուսակցությունների ինստիտուտ, չեն լուծում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031