Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «…Միմյանց ոչնչացնելու մարմաջը կարող է ավելի խորանալ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2019 11:43

Հարցազրույց լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ   

– Տիկին Դիլբարյան, վերջին մեկուկես տարում բանավոր եւ գրավոր խոսքի մշակույթում որակական ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Համացանցը լի է հայհոյանքներով, ատելության եւ ծաղրի խոսքերով։ Ինչպես ու ե՞րբ սիրո եւ համերաշխության մթնոլորտը փոխակերպվեց ատելության խոսքի։

– Նախ ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունը թավշյա, ոչ բռնի եւ խաղաղ էր միայն քաղաքացիական անհնազանդությունների մեջ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների մասնակցության բացակայությամբ։

Անկեղծ լինենք՝ հեղափոխության ընթացքում հակադիր ճամբարների հանդեպ որդեգրվեցին թշնամական կամ ոսոխին վերաբերող գործիքակազմեր։ Հիշում եք՝ ինչպիսի նկարներ եւ ինչ խոսքեր էին գրվում ամենուրեք՝ պատերին, ճանապարհների վրա. դրանք անձնական վիրավորանքի մակարդակի եւ կոպիտ, հայհոյախառն բառապաշարի դրսեւորումներ էին։ Հետեւաբար, պետք է արձանագրել, որ ոչ թե վերջին շրջանում է կոպտաբանությունը մեզանում դարձել համատարած, այլ պայքարի թատերաբեմում այդ գործիքը ծնվեց հանկարծակի, որովհետեւ հայերենն ի սկզբանե հարուստ չի եղել լուտանքներին բնորոշ խոսքերով, մենք դրանք մեծիմասամբ փոխառել ենք։

Բայցեւայնպես, տեղի ունեցավ այդ երեւույթը, եւ ես ՚կարծում եմ՝ դա ոչ այնքան լեզվաբանական, որքան հոգելեզվաբանական երեւույթ է։ Պետք է ընդունել, որ նախորդ իշխանությունների բռնությունը չափազանց երկար տեւեց, եւ շատերի համբերության բաժակը լցվել էր։ Որքան համբերությունը սկսում է հատնել, այնքան գործողություները դառնում են նյարդային, կոպիտ, հախուռն եւ քաոսային։ Մենք կարողացանք ազատվել հին համակարգի անձերից, սակայն, եկեք ընդունենք, որ հին համակարգը՝ արդեն նոր անձերով, դեռեւս շարունակում է գոյատեւել, ուստի այդ գոյատեւումն առաջ է բերում նորից նույն ոսոխի դեմ ուղղված գործելակերպի, իսկ ոսոխին ուղղված արտահայտությունները լինում են կոպիտ, վիրավորական։

Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ չլուծված խնդիրներն են պատճառը, որ այդ կոպտությունը, միմյանց վիրավորելը՝ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ դրանցից դուրս, կարող են իրենց թույլ տալ նաեւ պատկառելի տարիքի եւ պաշտոնի մարդիկ։ Մենք այսօր ունենք 2 բարիկադներ եւ 2 կողմից դժգոհ մարդիկ, որոնք դժգոհ են փոփոխությունների կատարման դինամիկայից, կամ էլ նրանց սպասումների շեմն է բարձր եղել։ Ազատության բացակայությունն է հանգեցնում այդ կոպտաբանություններին, լուտանքներին՝ ու չգիտես ինչու, բոլորն ուզում են հիշել անցյալը, օրինակ՝ անցյալում փնտրել, որ նրանց ծնողները սրիկա էին, ու ինչ-որ կապեր գտնել։ Համընդհանուր նյարդախտի մթնոլորտը շարունակում է թեւածել, եւ հասարակական շատ անառողջ զարգացումներ են առաջանում։

Ցավոք, ես չունեմ ուրիշ սպեղանի առաջարկելու, բացի համակարգային փոփոխություններից. Եթե Հայաստանում իրապես չփոխվի կառավարման համակարգը, եւ մենք չձերբազատվենք հին գործիքակազմից, ապա միմյանց ոչնչացնելու մարմաջը կարող է ավելի խորանալ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031