ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ Զավեն Գրիգորյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպան մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ են՝ եղբայրներ Հարություն և Զավեն Գրիգորյանները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Մեղադրանք է առաջադրվել նաև Զավեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին