Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ինստիտուցիոնալ լուծում

Հոկտեմբեր 04,2019 10:00

Սահմանադրական դատարանն իր ստեղծման օրվանից մինչեւ օրս երբեք հասարակական հեղինակություն չի ունեցել: Այդ մարմինը մշտապես՝ 1996 թվականից սկսած սկզբունքային հարցերում ընդունում էր իշխանահաճո որոշումներ՝ հանդիսանալով օրվա իշխանության խամաճիկը: Դա լուրջ խնդիր է, որն, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ լուծում է պահանջում: Պարզապես ՍԴ այսօրվա նախագահի հետեւից ընկնելը նման լուծում չէ. դա ուղղակի երկարաձգելու է այդ պետական կառույցի ներկա աննախանձելի վիճակը եւ հիմքեր է ստեղծելու հետագա ճգնաժամերի համար:

Բարեբախտաբար, ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», որոշակի կասկածներ ու վերապահումներ ունի Հրայր Թովմասյանի հետ կապված «օպերացիայի» վերաբերյալ: «Իմ քայլի» պատգամավորներն ասում են՝ այս հարցում ԲՀԿ-ի դիրքորոշումն անհասկանալի է եւ քաղաքական (ի դեպ, ԱԺ-ն, կարծես թե, քաղաքական դիրքորոշումներ հայտնելու տեղ է): Իսկ ինձ համար այնքան էլ հասկանալի չէ խորհրդարանական մեծամասնության տեսակետը՝ ի՞նչ է, նրանք ցանկանում են, որ բոլոր որոշումները միաձա՞յն ընդունվեն:

Գագիկ Ծառուկյանն ասում է, որ, իր կարծիքով, Թովմասյանին պաշտոնանկ անելու հիմքերը թույլ են: Տվյալ դեպքում համաձայն եմ ԲՀԿ ղեկավարի հետ: Նախ՝ քավոր-սանիկային կենցաղային խոսակցություններն ընդհանրապես հարիր չեն բարձրագույն օրենսդիր մարմնին: Երկրորդ՝ ՍԴ-ում Քոչարյանի հարցով որոշում ընդունելիս շահերի բախում, ինձ թվում է, կար, եւ ճիշտ կլիներ, որ ՍԴ նախագահը չմասնակցեր այդ հարցի քննարկմանը: Այս խնդրին, ցանկալի է, որ անդրադառնա Սահմանադրական դատարանը եւ գուցե իր նախագահին նկատողություն հայտնի:

Բայց այդ հիմքով պաշտոնանկ անել ՍԴ նախագահին՝ դա հենց զուտ քաղաքական մոտեցում է, որով այսօրվա մեծամասնությունը դանդաղ գործողության ռումբ է դնում իր նախընտրելի թեկնածու Վահե Գրիգորյանի տակ (չեմ կասկածում, որ նրան ի վերջո կդարձնեն ՍԴ նախագահ): Այո, այսօրվա իշխանության հետ նա ճիշտ նույն «ներդաշնակության» մեջ կհայտնվի, որի մեջ էին Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը նախորդ իշխանությունների հետ: Իսկ ի՞նչ կլինի 5 տարի հետո: Կլինի, ըստ ամենայնի, նոր քաղաքական մեծամասնություն եւ նոր վարչապետ, որը, հնարավոր է, կասի, որ ՍԴ-ն Վահե Գրիգորյանի «անձնական բուդկան» է, իսկ խորհրդարանը կսկսի իրավական սողանցքներ գտնել եւ «կեղտ բռնել» Վահեի եւ նրա հարազատների վրա:

Ինչո՞ւ են մեր քաղաքական գործիչները ու մանավանդ իշխանության շուրջը հավաքվածները կարծում, որ նրանք հավերժ են: Ո՞վ է հիմա հիշում ՀՀՇ-ին, «Հանրապետություն» կամ «Միասնություն» դաշինքները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031