Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրիկը պետք է բացատրի երեխային, թե ինչու է սովորականից ավելի երկար մնալու մանկապարտեզում»

Հոկտեմբեր 04,2019 13:00

Ինչպես գիտենք, քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ սեպտեմբերի 1-ից Երեւանի մանկապարտեզներում գործի երկարօրյա ծառայություն:  Զրուցեցինք ծնողների եւ դաստիարակների հետ եւ պարզ դարձավ, որ այդ որոշման վերաբերյալ կան եւ համաձայնություններ, եւ տարաձայնություններ: «Ես չունեմ ավելի գումար, որ վճարեմ մանկապարտեզին երկարօրյայի համար»,- մեզ հետ զրույցում ասաց 4 տարեկան Լիլիթի մայրը, որն ունի եւս 2 դպրոցահասակ երեխա եւ աշխատում է: Մեկ այլ ծնողի հետ զրույցից հասկացանք, որ նրա համար շատ հարմար են պայմանները. «Ես շատ ուրախ եմ, որ նման որոշում ընդունվեց, հիմա ես հանգիստ գնում եմ գործի եւ գալիս եմ երեխայի հետեւից, գումարի չափն էլ է շատ հարմար»:

Զրուցեցինք նաեւ դաստիարակներից մի քանիսի հետ: Ըստ դաստիարակ Ա. Պողոսյանի` «գաղափարը շատ լավն է, սակայն խնդիրն այն է, որ խմբում 2 ծնող է նախաձեռնությամբ հանդես եկել, մինչդեռ երկարօրյան հնարավոր կլինի իրականացնել այն դեպքում, եթե գոնե 5 երեխա լինի խմբում»:

Դաստիարակներից մեկն էլ ասաց. «Ես այդքան էլ չեմ ընդունում երկարօրյա ասվածը, չէ՞ որ երբ երեխան դեռ փոքր է, ծնողը պետք է օրվա մեծ մասն անցկացնի երեխայի հետ»:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք հոգեբան Տիգրանուհի Աճեմյանի հետ, թե հոգեբանական ինչ բարդություններ կարող են առաջ գալ երեխայի մոտ, երբ օրվա զգալի մասն անցկացնի օտար միջավայրում: «Առօրյա կենսակերպի փոփոխությունը, հարազատներից բաժանումը սթրես է ցանկացած տարիքում: Մանկապարտեզ հաճախող երեխաների մոտ կարող է ի հայտ գալ տխրություն, սրտնեղություն, տագնապ, վախ, բարկություն, ճանաչողական գործունեության նվազեցում, խոսքի վատթարացում, ակտիվության իջեցում, վատ  ախորժակ, վատ քուն եւ այլն»,-ասաց նա:

Ըստ հոգեբանի` մայրիկը պետք է նախօրոք բացատրի երեխային, թե ինչու է նա սովորականից ավելի երկար մնալու մանկապարտեզում, հակառակ դեպքում՝ երեխային կարող է թվալ, որ նրան մոռացել են մանկապարտեզում, եւ կարող է իրեն զգալ լքված ու չսիրված` ծնողների կողմից: «Գոյություն ունի մի ֆենոմեն. երեխան այն դեպքում է ավելի հեշտությամբ բաժանվում իր ծնողներից, եթե վստահ է, որ մայրիկն ու հայրիկը սիրում են իրեն եւ երբեք չեն լքի»,- եզրափակեց Տիգրանուհի Աճեմյանը:

Զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի հետ, պարզելու ծնողներին եւ դաստիարակներին հուզող հարցը` հնարավո՞ր է արդյոք, որ վերանայվի երկարօրյա մնալու համար առնվազն 5 երեխա լինելու որոշումը, նա պատասխանեց. «Քանի որ այս գործընթացը սկսել է սեպտեմբերի 1-ից, մենք պետք է ամփոփենք այս կիսամյակի արդյունքները, որից հետո հնարավոր են որոշ փոփոխություններ, կախված` քանի մանկապարտեզում չի հավաքվել 5 երեխա եւ այլն:  Պետք է նախնական արդյունքներ ունենալ հասկանալու համար՝ կարիք կա՞ փոփոխությունների, թե՞ ոչ»: Իսկ այն հարցին, թե որքան հավելյալ գումար կստանան դաստիարակները, Կուբատյանը պատասխանեց. «Դաստիարակներին տրվող գումարը կախված է մի քանի հանգամանքներից, օրինակ, թե քանի երեխա է մնալու երկարօրյայի եւ այլն, այդ իսկ պատճառով հստակ գումար չեմ կարող նշել, բայց միանշանակ ավել գումար ստանալու են իրենց աշխատանքի համար»:  Նա նաեւ հավելեց, որ  մոտավորապես 1000 երեխա արդեն օգտվում է երկարօրյայի ծառայությունից:

 Զվարթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031