Հարցազրույց Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանի հետ:
-Ի՞նչ կտա վերջերս ստացած բրիտանական դրամաշնորհը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային եւ Հայաստանին ընդհանրապես, ի՞նչ է արվելու դրանով:
-Այս դրամաշնորհը գրվել է կրթական եւ ուսումնական նկատառումներով: Արդյունքում ձեռք կբերենք երկու գերմանիումի դետեկտոր, որոշ էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հիմնականում մեր ուսանողները եւ գիտնականները կանցնեն մասնագիտական ուսուցում ցիկլոտրոնի շահագործման եւ այդ բնագավառում հետազոտություններ կատարելու ուղղությամբ: Նոր IBA Cyclone-18 ցիկլոտրոնը այս դրամաշնորհի կիզակետն է: Դրամաշնորհում Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի հիմնական գործընկերներն են` Բիրմինգեմի եւ Սուրեյի համալսարանները Միացյալ Թագավորությունից: Հայաստանից կհամագործակցեն Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Երկուսն էլ ունեն միջազգային ճանաչում միջուկային ֆիզիկայի ոլորտում: Բիրմինգեմի համալսարանում գործում է մի քանի ցիկլոտրոն` իզոտոպների արտադրության եւ ֆունդամենտալ հետազոտությունների համար: Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում են երկշաբաթյա դասախոսություններ, որոնք կկարդան անգլիացի վեց պրոֆեսոր, պրակտիկ ուսուցում, եւ լավագույն փորձի փոխանցում ճառագայթային մոնիթորինգի եւ անվտանգության ոլորտում:
-Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու այն ուսանողները, որոնք պատրաստվելու են որպես միջուկային գիտության մասնագետներ:
Կարդացեք նաև
-Տվյալ պահին մենք ունենք 20 տեղ եւ ուզում ենք ընդգրկել միջուկային ֆիզիկայով հետաքրքրված բոլոր ուսանողներին, ինչպես նաեւ այն գիտնականներին, որոնք կցանկանան վերապատրաստվել կամ որակավորում ստանալ նոր ոլորտում:
-Ի՞նչ հեռանկարներ կան՝ Հայաստանը միջուկային գիտության քարտեզին ինտեգրելու առումով:
– Ինչպես հայտնի է, ցածր էներգիաների միջուկային գիտությունն ունի կիրառությունների լայն տիրույթ, որոնք հնարավոր են դարձնում բազմաթիվ տեխնոլոգիական նորարարություններ: Օրինակ, պրոտոնների փնջի օգտագործումը հնարավորություն է տալիս մշակութային օբյեկտների ուսումնասիրություն պրոտոններով հարուցված ռենտգենային ճառագայթման միջոցով` վերջիններիս բաղադրությունը պարզելու նպատակով: Պրոտոնների փունջը կարելի է նաեւ կիրառել էլեկտրոնային սարքերի թեստավորման, նանո-մատերիալների եւ նոր դետեկտորների մշակման համար: Մեր յուրաքանչյուր գաղափար այսօր ստիպված ենք տանել այլ երկրներ՝ արագացուցիչների վրա փորձարկելու համար: Փնջերն անշուշտ կարող են օգտագործվել նոր եւ արդեն լավ հայտնի բժշկական իզոտոպներ արտադրելու համար: Պրոտոններով եւ նեյտրոններով ճառագայթումը կարող է օգտագործվել նյութերի ուսումնասիրության համար: Ճառագայթումր փոխում է նյութի կառուցվածքը` դարձնելով այն ավելի առաձգական կամ փխրուն: Իհարկե, ամենակարեւոր ասպեկտը բժշկությունն է, քանի որ այս տեխնիկան թույլ կտա արտադրել ախտորոշիչ, ինչպես նաեւ բուժական իզոտոպներ: Հիմնարար միջուկային գիտությունը նաեւ կարող է օգտակար լինել հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի աղտոտվածությունը կառավարելու, կլիմայական փոփոխությունները ուսումնասիրելու համար: Այն շատ այլ հնարավորություններ կբացի նաեւ միջուկային աստղաֆիզիկայի ոլորտում: PET-CT եւ SPECT սկանավորման մեթոդները թույլ կտան հայ բժիշկներին եւ գիտնականներին կատարել խորը հետազոտություններ, ինչը այժմ հնարավոր չէ, օրինակ` ուղեղի կամ դեղերի ազդեցության ուսումնասիրություններ: Արյան եւ ուղեղի պատնեշի ուսումնասիրություններն առանցքային են դեղերի եւ դեղամիջոցների արտադրության համար: Հայաստանը միջուկային էներգիայի երկիր է, հետեւաբար միջուկային գիտության մեթոդների տիրապետումը եւ զարգացումը էական են Հայաստանի համար:
-Ինչի՞ կարիք ունի Հայաստանում գիտությունը եւ ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած:
-Բոլոր երկրները պիտի որոշեն, թե ինչպես զարգացնեն իրենց տնտեսությունը: Հայաստանում այդ ոլորտներն են գյուղատնտեսությունը եւ ՏՏ-ն: Հայաստանն ունի բնակչության բարձր կրթվածության մակարդակ, սակայն փակ սահմաններ, ինչը բարդացնում է ապրանքների փոխադրումը: Գիտությունը եւ տեխնոլոգիները կարող են փոխադրվել անկախ սահմաններից: Ի հավելում, կիրառական գիտության ոլորտում յուրաքանչյուր նոր աշխատատեղ ենթադրում է մոտավորապես վեց այլ աշխատատեղ ծառայությունների եւ սպասարկման հետ կապված ոլորտում: Գիտությունը եւ տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսությունը խթանելու լավագույն միջոցներից են ամբողջ բնակչության բարեկեցության համար: Ոչ բոլորը պիտի լինեն գիտնական, սակայն գիտնականների գործունեությունը կստեղծի ենթակառուցվածքների եւ հարակից աշխատատեղերի պահանջարկ: Համաշխարհային պրակտիկայում ամենահաջողված տնտեսությունները հիմնված են գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում կատարած ներդրումների վրա: Մեր ամենամեծ մարտահրավերն է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի երիտասարդ գիտնականները մնան եւ ծավալեն իրենց գործունեությունը Հայաստանում` արտասահման մեկնելու փոխարեն:
Գիտության խթանման նպատակով մշակված ՀՀ որոշ օրենքներ` միտված երկիրը չարաշահումներից եւ ռեսուրսների սխալ օգտագործումից պաշտպանելու համար, այսօր ծառայում են ճիշտ հակառակին: Անշուշտ ունենք բարեփոխումների եւ համապատասխան դասակարգումներ անցկացնելու կարիք գիտության ոլորտում: Սակայն ԱԺ-ում վերջերս կայացած քննարկումները տվյալ ֆորմատով աննպատակ էին: Պարզապես Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի մի խումբ դժգոհ աշխատակիցներ, իրենց բազմաբնույթ շահերով դրդված, ցանկանում էին կազմակերպել հանրային դեբատներ: Անհրաժեշտ է միացյալ ուժերով քննարկել գիտությունը խրախուսելու ուղիները եւ այնպիսի օրենքներ մշակելը, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը: Ամբողջ երկրով մեկ կարիք կա լայնամասշտաբ վերակազմավորման: Լավ փոփոխությունները պետք է իրականացնենք հատուկ զգուշությամբ, որպեսզի չքանդենք առկա լավ ավանդույթները՝ վնասաբեր կամ ոչ այդքան արդյունավետ օրենքների բարեփոխման ճանապարհին:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.10.2019