Լրահոս
Օրվա լրահոսը

Կին դատապարտյալին վարչակազմն ասում է՝ պայմանական վաղաժամկետ ազատելը նպատակահարմար է, դատարանը չճանաչելով՝ մերժում է

Հոկտեմբեր 04,2019 14:00

Ագրարային համալսարանի նախկին դասախոս Լաուրա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով ԵՊՀ դասախոս, Երեւանի Ծ. Աղբյուր 55/5 հասցեում կառուցվող դասախոսներին հատկացվելիք համալսարանական շենքում բնակարանների հերթագրման ցուցակում ընդգրկելու եւ բնակարան տրամադրելու պատրվակով, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, 2011թ. փետրվարից մինչեւ 2012թ. վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ խարդախությամբ հափշտակել:

Նրա քաղ. հայցը կազմել է 2.299.500 ՀՀ դրամ, որը մուծվել է:

Տասնմեկ տարվա ազատազրկման դատապարտված Լ. Խաչատրյանը պատիժը կրում է ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ դատարան ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, պատժի կրման ընթացքում ստացված խրախուսանքները, կարգապահական տույժերը բաժնում նշված է, որ տույժ չունի, 2017թ. մարտի 7-ին ստացել է խրախուսանք լրացուցիչ կարճատեւ տեսակցության տեսքով` հիմնարկում իրականացվող չվարձատրվող աշխատանքներին եւ միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Մասնակցել է կրթական ծրագրերին, մարզական, մշակութային միջոցառումներին, դատապարտյալների ինքնագործ միավորումներին` 2016-2017 ուստարում սովորել է Աբովյանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանի համակարգչային բաժնում: 2017թ. մարտից ինքնագործ միավորման անդամ է, մասնակցում է հիմնարկում իրականացվող մշակութային, ուսումնական եւ կրոնական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:

Պատժի կրման ընթացքում` 2016թ. օգոստոսի 12-ից աշխատում է որպես գրադարանավարուհի, ըստ էության, այս դատապարտյալը, մյուս շատերի նման, մասնակցել է հիմնարկում իրականացվող չվարձատրվող աշխատանքներին:

Լ. Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Գայանե Գրիգորյանն «Առավոտին» տեղեկացրել էր, որ 27.07.2018թ. թիվ 02186166 կատարողական վարույթի համաձայն կայացրած որոշման հիման վրա իր պաշտպանյալի աշխատավարձից մինչ այսօր բռնագանձվել է 96.950 ՀՀ դրամ, իրականում ավելի գումար, որի մասին ներկայացվել է դատարան: Այս դատապարտյալի համար վարչակազմը հայտնել էր, որ «Քրեական ենթամշակույթի նկատմամբ վերաբերմունք չի պահպանում, հնարավոր կախվածություններ, նախասիրություններ չունի»:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից վերջինիս վերաբերյալ տրվել է դրական բնութագիր եւ գտել են, որ դատապարտյալ Լաուրա Խաչատրյանի պատիժը կրելու պայմանական վաղաժամկետ ազատելը իրականում նպատակահարմար է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով դատապարտյալ Լաուրա Խաչատրյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին հարցը, այս տարվա հունիսի 6-ին որոշել էր նրան պայմանական վաղաժամկետ ազատել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 5 տարի 4 ամիս 9 օր ազատազրկումը կրելուց: Դատապարտյալի նկատմամբ սահմանվել էր փորձաշրջան` պատժի չկրած մասի չափով, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:

Այդ ժամանակահատվածում Խաչատրյանը պարտավոր էր չփոխել մշտական բնակության վայրը, ինչպես նաեւ, մինչեւ փորձաշրջանի ավարտը պետք է հատուցեր ներկայացված քաղաքացիական հայցով տուժողին պատճառված վնասը:

Լ Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Գայանե Գրիգորյանն «Առավոտին» տեղեկացրել էր, որ դատախազ Ա. Խաչատրյանը, ԱՆ «Աբովյան» ՔԿ հիմնարկի ներկայացուցիչ Ն. Հակոբյանը, ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային բաժնի ներկայացուցիչ Զ. Ղազարյանը եւ տուժողները դատական ակտը չեն բողոքարկել: Սակայն հետագայում, «վերջին պահին» դատական ակտը բողոքարկվել է միայն տուժող ճանաչված անձ՝ Կ. Ալեքսանյանի կողմից, որի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, որով դատապարտյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը խնդրել էր՝ տուժող Կ. Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր տուժող Կ. Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, դատապարտյալ Խաչատրյանին պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 06.06.2019թ. որոշումը բեկանել եւ պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:

Լ. Խաչատրյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան. «Վերաքննիչ դատարանը չպատճառաբանված որոշմամբ նշել է, թե կոնկրետ դեպքում, դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր չէ: Թե ինչ հանգամանքների հիման վրա է դատարանը եկել նման եզրահանգման, հայտնի չէ, քանի որ վերջինիս դատական ակտը պատճառաբանված չէ: Դատարանը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ օրենքի պահանջների ճշգրիտ եւ անշեղ կատարմամբ ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրականացումը, այն է՝ պատժի ենթարկված անձին ուղղելը, սոցիալական արդարության վերականգնումը, ինչպես նաեւ հանցագործությունների կանխումը»:

Պաշտպանը պահանջում է դատական ստուգման ենթարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, բեկանել նշված դատական ակտը եւ կայացնել նոր դատական ակտ, համաձայն որի՝ բավարարել ՔԿՀ-ի կողմից ներկայացված միջնորդությունը Լաուրա Խաչատրյանին պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ բեկանել վերը նշված դատական ակտը եւ գործը ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալները, կամ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված վերը նշված դատական ակտը եւ օրինական ուժի մեջ թողնել սույն գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031