Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի ծեր ու անվտանգ տրանսպորտը

Հոկտեմբեր 04,2019 14:30

Եվս 5 րոպե, եւ 2 համարի տրոլեյբուսը Չարբախի վերջնականգառից կշարժվի դեպի «Էրեբունի» թանգարան: Իսկ մշտական ուղեւոր Սամվել Գրիգորյանը լավ գիտի, թե 2 համարի տրոլեյբուսը ինչ հաճախականությամբ է ճանապարհ ընկնում, ուստի չի ուշանում: Ասում է՝ տրոլեյբուսը էժան է եւ հարմարավետ:

-Տրոլեյբուսների աշխատանքից գոհ եմ, բայց որ ավելի նորերը բերեին, լավ կլիներ: Իսկ որ ասում են, թե թանկացնելու են, շատ սխալ են անում. թոշակառուների համար այս գինը շատ հարմար է,-ասում է Սամվել Գրիգորյանը:

Ձախից՝ Սամվել Գրիգորյանը

Ուղեւորները հիմնականում նույն պատճառով են օգտվում տրոլեյբուսներից. մեծ է, հարմարավետ ու էժան: 2 համարի տրոլեյբուսի որոշ ուղեւորներ նաեւ 11 տարիների վարորդ Սարգիս Մանուկյանին են ճանաչում:

Սարգիս Մանուկյանը

-Ուղեւորները մեզ ճանաչում են, մեր անուններն էլ գիտեն, հատկապես նրանք, ովքեր միշտ «կանեցից» են նստում: Ու սխալ են ասում, որ տրոլեյբուսից մենակ թոշակառուներն են օգտվում, երիտասարդներն էլ են շատ օգտվում:

Սարգիս Մանուկյանն ասում է նաեւ, որ տրոլեյբուս վարելը ավտոբուս վարելուց անհամեմատ ավելի դժվար է.

-Հոսանքի հետ պիտի կարողանաս աշխատես: Պիտի ուշադրությունդ եւ՛ ճանապարհի վրա լինի, եւ՛ լարերի, որ հանկարծ պաժառ չընկնի: Տրոլեյբուսի վարորդ դառնալու համար պիտի հատուկ կուրս անցնես, սովորես: Իր վարած տրոլեյբուսի անցած կյանքին էլ է ծանոթ:

-Մի անգամ մի տղա բարձրացավ, ասաց՝ ես էս նույն տրոլեյբուսը Լիոնում էլ եմ նստել:

Պարզվում է՝ 1980-ական թվականներին արտադրված «Ռենո» մակնիշի մի քանի տրոլեյբուս Հայաստանը նվիրատվություն է ստացել Ֆրանսիայից:

Ներկայումս Երեւան քաղաքում շահագործվում է միջինում 50 տրոլեյբուս: Ամենահին տրոլեյբուսները արտադրվել են 80-ական թվականներին, «Ռենո» մակնիշի են, սակայն Երեւանում շահագործվում են 2005 թվականից: Վերջին անգամ Երեւանի քաղաքապետարանը տրոլեյբուսներ է ստացել 2007-2008 թվականներին:

«Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանն ասում է, որ ներկայումս 79 տրոլեյբուս կա Երեւանում (9 հատ «Ռենո», 34 «Շկոդա» եւ 36 «ԼԻԱԶ»), որոնցից մոտ 30-ը անսարք վիճակում է, իսկ վերանորոգման համար մեծ աշխատանք եւ ծախսեր են պահանջվում:

-80-ական թվականների վերջին Երեւանում աշխատում էր 220 տրոլեյբուս, հիմա քանակը մոտ 8 անգամ կրճատվել է: 90-ական թվականների սկզբից մինչեւ 2000-ականների  վերջ, ընդամենը 34 տրոլեյբուս է Երեւան բերվել: Նախկին իշխանությունները սխալ, անլուրջ քաղաքականություն են վարել այս առումով. Էլեկտրատրանսպորտը էկոլոգիակապես ամենաանվտանգ տրանսպորտն է:

Ասքանազ Պետրոսյանը նշում է, որ տրոլեյբուսները ամենօրյա տեխնիկական զննություն են անցնում, այնպես ենք անում, որ հանկարծ փորձանք չպատահի:

-Իսկ ինչքանով են անվտանգ հին տրոլեյբուսները, որ մոտավորապես 30 տարի է՝ շահագործվում են :

-Նոր սերնդի տրոլեյբուսների շահագործման ժամկետը 8 տարի է, նախկինում՝ մինչեւ 1991 թվականը՝ 14 տարի էր: Այսինքն՝ 2007-2008 թվականների արտադրության տրոլեյբուսներն էլ են շահագործման ժամկետից դուրս եկել,11-12 տարի է՝ շահագործվում են: Բնականաբար, այս դեպքում վտանգը ավելի է մեծանում, տրոլեյբուսի վրա տարվող աշխատանքը ավելի է մեծանում:Եթե նոր տրոլեյբուսներ լինեն, այս բոլորը կարելի է նորով փոխարինել:

-Ինչ վիճակում են գտնվում տրոլեյբուսի լարերը:

-2007 թվականից սկսած այդ լարերի մոտ 70 տոկոսը փոխել ենք, քիչ-քիչ, մնացած 30 տոկոսն էլ ենք փոխելու:Չեմ կարող ասել, որ իդեալական վիճակում են գտնվում, բայց աշխատանքներ տարվում են:

Ասքանազ Պետրոսյանը Հայաստանում տրոլեյբուսներ արտադրելը իրատեսական է համարում եւ խնդրի լուծումը այդպես է պատկերացնում.

-Կարելի է բերել տրոլեյբուսի պահեստամասերը, փորձ ունեցող մասնագետներ հրավիրել, մենք բազաներ ունենք, համապատասխան տարածքներ ունենք, կարող ենք տեղում տրոլեյբուսներ հավաքել, շատ պետություններ հենց այդպես են անում, եւ հետո՝ մենք ավելի սրտացավ այդ գործը կանենք: Սա ամենաիրատեսական եւ ամենաօգտակար տարբերակն է,-ասում է Ասքանազ Պետրոսյանը:

Այնուամենայնիվ, ծրագրվում է, որ 2 տարուց կգործի Երեւանի տրանսպորտի նոր երթուղային ցանցը, եւ տրոլեյբուսները շահագործումից դուրս կգան նոր երթուղային ցանցի ներդրմանը զուգահեռ:

Նանե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Ասքանազ Պետրոսյանը

«Առավոտ» օրաթերթ
03.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031