Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը եկավ, Փաշինյանին հրավիրեց Ռուսաստան

Հոկտեմբեր 04,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր», Պուտինի շռայլ գովեստի խոսքը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների եւ տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երեւանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են եւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, եւ, որ ավելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջեւ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաեւ շնորհակալություն հայտնել»,- սա էր Վլադիմիր Պուտինի երեւանյան պաշտոնական ուղերձը՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում բոլորի ուշադրությունն, անշուշտ, սեւեռված էր հենց Փաշինյան-Պուտին հանդիպմանը: ՀՀ կառավարության եւ Կրեմլի տարածած հաղորդագրություններից տեղեկանում էինք, որ նրանք քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Փաշինյանը նշել էր. «Մեզ համար շատ կարեւոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է եւ մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»: Ասվում էր, որ առանձնազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի: Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է ՌԴ:

Պաշտոնական բանակցություններից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց. «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»: Ուշագրավ էր, որ նույնը ուշ գիշերին կայացել էր եւս մեկ հանդիպում՝ արդեն «Զվարթնոց» օդանավակայանում: «Եվս մեկ՝ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Թե ինչ մանրամասներ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը, թերեւս, առաջիկայում կլինեն տեղեկատվական արտահոսքեր: Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ-ական երեւանյան հավաքը հաջողվեց, եւ Պուտինը հատուկ ընդգծեց դրանում Փաշինյանի գործադրած ջանքերը:

ՀՀ-ն մտադիր է առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում

Գալով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, նշենք, որ Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւին, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը մտադիր է առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ։ Նա հատուկ շեշտեց, որ կրկնակի հաճելի է փաստը, որ մասնակցում են Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները:

Հիշեցնենք, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում, մասնավորապես անդրադարձել էր այն հարցերին, որոնց լուծումը, ըստ նրա՝ կարեւոր է համագործակցության հետագա խթանման եւ դրա արդյունավետության բարձրացման համար: «Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձեւավորմանը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձեւաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, եւ անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել: Ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի եւ աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը»:

Փաշինյանը անհրաժեշտ համարեց ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, եւ, հետեւաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում: Այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը: Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձեւավորման ուղղությամբ, ինչպես նաեւ նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման եւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»: Իր խոսքում Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, հիշեցրեց, որ արդեն այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի եւ Չինաստանի հետ համաձայնագրերը, եւ որ դրանց հետագա իրականացումը մեզ համար առաջնային է` երրորդ երկրների հետ առեւտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում: «Մենք նպատակ ունենք արդյունավետ ավարտին հասցնել նաեւ Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ բանակցությունները, ինչն առավելություններ կընձեռի մեր միավորմանը, այդ թվում՝ դարձնելով այն նաեւ ներդրումների ներգրավման կենտրոն»,- ասել էր նա:

Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ  Պետերբուրգում:

ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվեցին երկու համաձայնագրեր

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել են 2 համաձայնագրեր՝ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը եւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստն իր բնույթով առանձնահատուկ, աննախադեպ որակեց: Միության նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում, որը նորամուծություն էր կազմակերպության համար: Ֆորումը նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժին, քննարկվել են տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացման եւ տարածաշրջանի թվային միջանցքների ակտուալ հարցեր: Այդ հանդիպումը նշանավորվել էր մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք, ըստ Փաշինյանի՝ առեւտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած եւ առաջատար տնտեսություններից մեկի՝ Սինգապուրի հետ:

Հիշեցնենք, այս ամիս ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Պաշտոնական Երեւանը շեշտում է, որ շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ու ԵԱՏՄ-ի եւ մեր հարեւանի՝ բարեկամ Իրանի միջեւ համագործակցության զարգացմամբ:

Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկել են օրակարգի կարեւոր կետ` վերջնական որոշում կայացնելով ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ, հաստատել են Եվրասիական տնտեսական միության 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի 2020 թ. բյուջեն, քննարկել են Միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը, քննարկել են բնական գազի փոխադրման եւ մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարելավմանը, համաշխարհային շուկայում Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրման եւ մրցունակության մակարդակի բարձրացմանը»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Հրավիրված մամուլի ասուլիսից անմիջապես հետո ստորագրված 5 երկկողմ համաձայնագրերից առաջինը՝ Հայաստանի հետ: Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների ներկայությամբ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագիր։

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Իրանի, Մոլդովայի նախագահները եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն այցելել էին Երեւանի Թումո կենտրոն, որտեղ անց էր կացվել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։ Այստեղ Փաշինյանն ընթերցել էր այն հռչակագրի տեքստը, որն ընդունվել է համաժողովի արդյունքների հիման վրա: Այնուհետեւ բարձրաստիճան հյուրերը ծանոթացել էին Թումո ստեղծարար կենտրոնի գործունեությանը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031