Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեռ 1998-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Արկադի Ղուկասյանը, եւ բոլորը նրան դիմում էին՝ պարոն նախագահ»

Հոկտեմբեր 04,2019 15:00

Խոսրով Հարությունյանը շատ էական է համարում Արկադի Ղուկասյանի ելույթից ընդամենը քսան տարի հետո ԵԽԽՎ-ում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական խոսքն ու ելույթը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում «Արդյոք մարդու իրավունքները համընդհանո՞ւր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով միջոցառմանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ելույթը Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում համարեց ողջունելի փաստ: Նա նշեց. «Ընդհանուր առմամբ միջազգային հարթակներում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկացած ներկայություն ու մասնակցություն պետք է ողջունել»:

Նշենք, որ «Արդյոք մարդու իրավունքները համընդհանո՞ւր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով միջոցառումը Եվրոպայի խորհրդում իրականացվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնությամբ: Խոսրով Հարությունյանը նաեւ ընդգծեց ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչության, դեսպանի դերակատարությունը՝ նշելով, որ առանց նման անմիջական ջանքերի գործադրման այսպիսի հանդիպումներ ու հնարավորություններ դժվար կընձեռնվեին: Այս առիթով Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ դեռ 1998-ին, երբ ինքը ՀՀ ԱԺ նախագահն էր, իրենք գտնում էին եւ հետեւողական ջանքեր գործադրում, որպեսզի Արցախը որպես չճանաչված պետական կազմավորում, այդուհանդերձ  հնարավորություն ունենա միջազգային հարթակներում, ամենատարբեր հեղինակավոր կառույցներում ներկայացված լինել կամ մասնակցություն ունենալ: Նա պատմեց. «Մենք այն ժամանակ համոզված էինք, որ դա է Արցախի միջազգային հեղինակությունը բարձրացնելու հիմնական ճանապարհը: Մյուս կողմից դա էապես նպաստելու էր Արցախում ժողովրդավարական համակարգերի զարգացմանը, ավանդույթների ձեւավորմանը, եվրոպական քաղաքական ստանդարտների ներդրմանը»:

Խոսրով Հարությունյանը փաստեց, որ դեռ 1998-ին առաջին անգամ նորանկախ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության պատմության մեջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում, որը ղեկավարում էր այդ ժամանակ ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսոնը, ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը. «Դա եղել է 1998-ի դեկտեմբերի 15-ին՝ Փարիզում: Արկադի Ղուկասյանն այդ նիստում ներկայացրեց Արցախյան շարժման, արցախյան պատերազմի հետեւանքները, ԱՀ-ի առջեւ կանգնած, մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման տեսանկյունից իրենց տեսլականը: Ինքս մասնակցել եմ այդ նիստին. ամենաէականն այն էր, որ բոլորն այդ քննարկման ժամանակ Արկադի Ղուկասյանին դիմում էին՝ պարոն նախագահ: Սա ըստ էության էական նշանակություն պետք է ունենար հետագա Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ եվրոպական, միջազգային կառույցների փոխհարաբերությունները զարգացնելու, Արցախի եւ այլ միջազգային կառույցների հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու համար»:

Խոսրով Հարությունյանը ցավով նշեց, որ այս նախաձեռնությունը հետագայում իր հաջորդների կողմից չգիտակցվեց եւ անհրաժեշտ զարգացում չստացավ: Մեր հարցին՝ հիմա այդ գիտակցումը տեսնո՞ւմ է, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ընդամենը քսան տարի հետո մենք տեսնում ենք Արցախի պաշտոնյայի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական խոսքն ու ելույթը ԵԽԽՎ շրջանակներում:

Սա շատ էական է, ես ողջունում եմ բոլորիս այս առումով, բայց համոզված եմ՝ այն, ինչ մենք սկսեցինք 1998 թվականից, այդ նախաձեռնությունները պետք է ունենան հետեւողական, սկզբունքային շարունակություն: Դա պահանջում է քաղաքական իմաստավորում, գիտակցում եւ միաժամանակ լուրջ ջանքերի ներդրում, հատկապես խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր օգտակարության տեսանկյունից»:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ 1999-ին, երբ ինքը ՀՀ ԱԺ նախագահն էր, Ստրասբուրգում մարտի 16-ին տեւական բանակցություններից հետո ստորագրվեց հուշագիր՝ տարածաշրջանում միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ, որը ստորագրեցին ՀՀ-ի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԺ նախագահները եւ հուշագրի տակ դրվեց լորդ Ռասել Ջոնսոնի ստորագրությունը:

Հարցին՝  ինչպե՞ս կգնահատի խորհրդարանական դիվանագիտության ներկայիս փուլը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ունենք ակտիվ պատվիրակություն ԵԽԽՎ-ում: Իհարկե, մենք պետք է արձանագրենք, որ մեր պատվիրակության մասնակցությունն ու դերակատարությունը շատ ակտիվացել է այսօր: Մենք ուղղակի  անմիջական մասնակցություն ենք ունենում եվրոպական քաղաքական օրակարգին առնչվող քննարկումներին: Այն ժամանակ էլ խնդիրը հենց այդպես էլ դրել էինք, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները մեզ դիտարկեն իրենց օրակարգով եւ խնդիրներով ապրող, կառուցվածքային մոտեցում ունեցող պատվիրակություն: Հետեւաբար ԵԽԽՎ-ի հնարավորությունը որպես հարթակ թե՛ սեփական խնդիրները ներկայացնելու, թե՚ անմիջական մասնակցություն ունենալու եվրոպական օրակարգի հարցերում, շատ կարեւոր եմ համարում: Դա ավելի արդյունավետ կարելի է անել, եթե մենք օգտագործենք խորհրդարանական դիվանագիտության հարուստ զինանոցը»:

Մեր հիշեցմանը՝ լուրեր կան, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը հնարավոր է լքի պատվիրակությունը եւ հարցին՝ պատվիրակությունը շա՞տ կտուժի նրա բացակայությունից, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Թույլ  տվեք այդ հարցին չպատասխանել, քանի որ կարող եմ լինել սուբյեկտիվ: Մեր պատվիրակության ձեւավորման խնդիրը բացառապես մեր պետության, մեր ԱԺ-ի խնդիրն է: Իհարկե, ԱԺ նախագահը պատվիրակության կազմը հաստատելիս կամ ձեւավորելիս առավելագույնս շրջահայաց պետք է լինի, որ մեր պատվիրակության մասնակցությունը կամ ներկայությունը արհեստածին խնդիրներ չստեղծի, բայց բոլոր պարագայում մենք ենք որոշողը. որեւէ մեկն իրավունք չունի մեզ ցուցումներ տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031