Բրիտանական Daily Mail պարբերականը «Ռոհանին և մի փոքր ավելի քիչ տպավորված Պուտինը» խորագրով հոդվածում անդրադարձել է Երևանում տեղի ունեցած Եվրասիան տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սելֆիին՝ Հայաստան ժամանած տարբեր երկրների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ լուսանկարը համացանցում հրապարակել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետևյալ մակագրությամբ. «Ճանապարհային սելֆի: Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»:
Հոդվածում ասվում է, որ Փաշինյանը, Ռոհանին ու Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմար Տոկաևը ժպտում են, մինչդեռ Պուտինը, որը նստած է ավտոբուսի հետևի նստատեղում մռայլ է:
Պետությունների ղեկավարների լուսանկարը դարձել է տարատեսակ մեմերի, մեկնաբանությունների թեմա սոցիալական ցանցերում, որոնց մի մասը վերաբերում է Պուտինի դեմքի արտահայտությանը՝ գրում է հոդվածագիրը:
Կարդացեք նաև
«Գնում ենք, գնում ենք հարևան գյուղ՝ դիսկոտեկի»,-մեկնաբանել է օգտատերերից մեկը լուսանկարը:
Մեկ այլ օգտատեր գրել է. «Տպավորություն է, որ Պուտինին պատժել են և հրահանգել են չշարժվել՝ մինչև տեղ հասնելը»:
«Դուք համաշխարհային մակարդակի առաջնորդ եք, մնացե՛ք ազնիվ և հավատարիմ հայ ժողովրդին»,-գրել է հայ օգտատերերից մեկը:
«Գրազ կգամ, որ այս առաջնորդներից ոչ մեկը, մասնավորապես Ռոհանին և Պուտինը, մտածել անգամ չէր կարող, որ սելֆի կանի Հայաստանի վարչապետի հետ: Իսկ Պուտինի դեմքի արտահայտությունը անգին է: Հիանալի է, պարոն Փաշինյան»,-մեկնաբանել է լուսանկարը համացանցի օգտատերերից մեկը:
Daily Mail-ն անդրադարձել է նաև Երևանում Հասան Ռոհանիի ելույթին, Պուտին-Ռոհանի հանդիպմանը:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ