«Տարեցները շատ պահանջկոտ են: Նրանք սիրում են, որ իրենց սիրեն, գուրգուրեն, ուշադիր լինեն իրենց նկատմամբ, տարեցները բոլորից պահանջում են: Եթե մի քիչ հիվանդ են, ով կողքը նստում է՝ նրանից պահանջում են օգնել»,-այսօր տարեցների հոգեվիճակն այսպես նկարագրեց Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Լաուրա Ղազարյանը: Նա մասնագիտությամբ մանկավարժ է եւ հանգամանքների բերումով հայտնվել է տարեցների տանը:
Տիկին Լաուրան մասնակցում էր «Իրավիճակը ծերանոցներում․ ծերության պաշտպանությո՞ւն, թե մարդու իրավունքների ոտնահարման վտանգ» թեմայով հանրային քննարկմանը: Տուն-ինտերնատի տարեցներին հրավիրել էին նրանց խնդիրների մասին լսելու: Ներկա էին նաեւ տուն-ինտերնատների տնօրեններ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներ: Լաուրա Ղազարյանը խնդրում էր ծերանոցներում տարեց մանկավարժի հաստիք ներդնել, քանի որ վստահ է՝ երկար տարիներ մանկավարժական աշխատանքով զբաղված անձն այլ վերաբերմունք ունի հիվանդների նկատմամբ. «Մանկավարժը գիտի գուրգուրել, ուշադիր լինել, ինչպես ծերի հետ խոսել, մի անգամ քաղցր է խոսում, մի անգամ շոյում է, նրանց մոտ կյանքի փորձ կա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տուն-ինտերնատի բնակիչ Մարուսյա Սարգսյանը, որն արդեն 15 տարի տարեցների տանն է ապրում չի դժգոհում կենցաղային պայմաններից ու սննդից: Ասում է՝ ինչ տվեց պետությունը այն էլ տնօրենն իրենց տալիս է. «Լավ տվեց, տնօրենը լավ բան կտա»: Հարցին՝ ի՞նչ է տալիս պետությունը, տիկին Մարուսյան պատասխանեց՝ ինչ-որ պահեստում կա՝ էն էլ տալիս է. «Հո իրա տնից տոլմա չի՞ փաթաթելու բերի՝ ասի ծերեր կերեք: Բրինձ կտա, բրինձ կեփե, կարտոլ կուտա, կարտոլ կեփե»:
ՄԻՊ Սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Թոխյանը ներկայացրեց պաշտպանի գրասենյակի ուսումնասիրության արդյունքները: Նրա խոսքով, տուն-ինտերնատներում շենքային պայմանները բարվոք չեն, տարեցները տաք ջրի խնդիր ունեն, անձնական տարածություն չունեն, գույքը հին է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ տարեցների կյանքը բարելավելու նպատակով մշակված ռազմավարությամբ առաջին տեղում մարդու՝ իր համայնքում, ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է:
Մանրամասները՝ տեսանյութում
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Մելքոնյանը իր աշխատանքային իննը տարիների փորձը վկայակոչելով, ասաց, որ իրենց շահառուները չեն խեղճանում եւ պահանջկոտ են. «Այո, խնդիրներ ունեինք բավականին հենց առաջին օրվանից: Այդ խնդիրները ես չեմ փորձել մենակ լուծել, փորձել ենք լուծել միասին, մեր շահառուների հետ, որոնք, որ գտել ենք առաջնահերթ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Միջոցառումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը եւ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն՝ «Կողքիդ եմ» տարեցների աջակցության ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ