Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մկրտչյանը` ծնողների` ամեն բան բաժանելու, Նարեկացու եւ իր «ձախողված» ապուրի մասին

Հոկտեմբեր 03,2019 23:45

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի զրույցն անմիջական էր: Նա ասաց, որ, որպես կանոն, հրապարակային ելույթներում միշտ անկեղծ է, բաց եւ պատասխանատու: Մանկության մասին խոսելիս` ասաց, որ այն կապվում է հարաբերությունների մաքրության, ժամանակի պարզության, Արցախյան ազատամարտին հաջորդած շրջանի հետ, նշեց, որ թեեւ դժվարին տարիներ էին, բայց դրանց մեջ ջերմություն, հումոր կար, արժեքներ, որոնք գուցե պակասում են ավելի ապահով ժամանակներում:

Տիկնոջ եւ հոր հետ

Մկրտչյան գերդաստանը

Խոսելով ծնողների մասին` Վարդան Մկրտչյանը նշեց, որ նրանք իրենց զավակներին զուտ բառամթերքով չեն դաստիարակել, այլ իրենց ապրելակերպով եւ օրինակով: Ապա «փակագծերը բացելով»` ծանր տարիներից մի դրվագ պատմեց. «Մայրս (Տալիսկա Հովհաննիսյանը-Գ.Հ.), որ ռադիոյի ազգագրական խմբի մեներգչուհի էր, ստանում էր որոշակի հաստատագրված գումար: Մի անգամ նա Զատկի տոնի նախօրեին իր ամբողջ աշխատավարձով գնեց ձու, ներկեց, թխվածք պատրաստեց ու տարավ ծերանոց եւ իր օրն անցկացրեց ծերանոցում, ցանկացավ, որ այդ մարդկանց կյանքում ինչ-որ բան փոխվի, նույնն էլ հայրս էր: Նրանք ապրում են` անվերջ բաժանելով, դրանից իրենց կյանքը համարում են լիարժեք: Երկուսն էլ արվեստի մարդիկ են, եւ անընդհատ տալու նրանց այդ ֆենոմենը չեմ էլ ուզում հասկանալ, ուղղակի ընդունում եմ` ինչպես ամեն ինչը կա, քանի որ գիտեմ, որ իրենք ապրում են այսօր իրենցից դուրս, իրենց վրա չկենտրոնանալով»:

Մեր հարցին ի պատասխան, որ բավականին ժամանակ է` ընտանիքի միջոցով եւ աշխատանքի բերումով թատրոնի հետ կապ ունի անմիջականորեն, կա՞ ներկայացում, որը երեխա ժամանակ ճակատագրական նշանակություն է ունեցել եւ դիտելուց հետո է որոշել, որ հենց թատրոնն է իր ճանապարհը, մեր զրուցակիցը մեկ այլ դրվագ հիշեց. «Երբ փոքր էի, ծնողներս աշխատում էին, մեզ տատիկներն էին նայում, շատ հաճախ մենք լինում էինք կամ թատերական կուլիսներում, կամ համերգասրահի կուլիսներում…

Հերթական հյուրախաղերից մեկի ժամանակ հայրս ասաց` կուզե՞ս ներկայացումը նայել դահլիճից, ասացի` այո: Նստել էի առաջին կարգում: Մի տեսարան կար, որտեղ հորս (ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի մասին է խոսքը-Գ.Հ.) պետք է սպանեն…Ես այդ տեսարանից այնքան էի վախեցել, որ իրապես ինձ չէի տիրապետում…Կլինեի մի 5-6 տարեկան, հիշում եմ այդ ապրումները, վախը, ես հանձնվել էի այդ հեքիաթին…Հիշում եմ, որ վերջում, երբ դահլիճը դատարկվել էր, մենակության սարսափելի զգացողություն ունեցա, մտածում էի` հայրիկս չկա, ես սառած ու միայնակ կպել էի աթոռին, ու մեկ էլ, փառք Աստծո, երկրորդ հրաշքը կատարվեց, հայրս մոտեցավ ինձ …Հասկացա, որ կյանքը շարունակվում է, իր մոտեցումը արեւի շողի նման էր»:

Վարդան Մկրտչյանը թանկ մասունքներ շատ ունի, դրանցից մեկն էլ մահացած ընկերոջից մնացած գրիչն է. «Եթե թանկ նվերները կոնկրետ իրեր են, ապա դրանք կապվում են թանկ մարդկանց հետ»: Մայր թատրոնի տնօրենն իրեն լավ ընկեր է համարում, թեեւ գտնում է, որ պետք է այդ մասին հարցնել իր ընկերներից: «Կարծում եմ, ես լավ ընկեր եմ, որովհետեւ գիտեմ ինձանից դուրս ապրել, գիտեմ, որ չպետք է մտնել իմ ընկերոջ այն տարածքի մեջ, որտեղ չէի ուզի, որ ընկերս մտնի: Այս առումով, ցավոք սրտի, ես ունեցել եմ կորուստներ, որտեղ, համենայնդեպս, երբեք ու երբեք ճիշտ ու սխալ չեմ փնտրել: Եղել են ինչ-ինչ փշրումներ, բայց կան նաեւ մարդիկ, որոնց նվիրված եմ, որոնց համար 24 ժամ կամ՝ բառիս բուն իմաստով»:

Հարցրինք` երբեւէ որեւէ ուտելիք պատրաստած կա՞: Ասաց, որ որդու հետ խորոված է սիրում պատրաստել, իսկ ընդհանրապես կինն է պատրաստում, քանի որ ինքը հեռու է խոհանոցից: Մի պատմություն էլ հիշեց ԱՄՆ-ում սովորելու տարիներից, երբ մայրը skype-ով խորհուրդ էր տալիս ինչպես որեւէ ուտեստ պատրաստել ու մի անգամ իր պատրաստած ապուրն ուղղակի վերածվել էր մակարոնով փլավի, որը մի կերպ ընկերներով կերել են կոնյակով:

Եթե կա մի գիրք, որ միշտ իր սեղանին է, դա, Վարդան Մկրտչյանի հավաստմամբ, Նարեկացին է. «Կան հեղինակներ, որոնցից ես չեմ հագենում…Նարեկի հետ ես ինձ ապահով եմ զգում, տիեզերական անսահմանության մեջ ինձ կոնկրետ դիրքում եւ շատ պաշտպանված եմ զգում…Չգիտեմ` արդյոք հնարավո՞ր է ամբողջությամբ հասկանալ Նարեկացի…Բայց եթե ես իմ կյանքի ընթացքում գոնե որոշակի տոկոս հասկանամ, երջանիկ կզգամ»:

Վարդան Մկրտչյանն ասում է, որ ցանկացած ձեռքբերումից, դրական, առողջ երեւույթից կարող է ոգեւորվել: «Կարող է ուղղակի պառկեմ խոտերի վրա, նայեմ ծառերին ու ոգեւորվեմ»,-ասում է նա: Իրեն հաջողակ մարդ է համարում, որովհետեւ ասում է` ունի լավ ընտանիք, զբաղվում է սիրած գործով, ունի լավ ընկերներ, նպատակ եւ փիլիսոփայություն, ինչի համար շնորհակալ է Աստծուն:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

 Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Վարդան Մկրտչյանի արխիվից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդուհի Մկրտիչի says:

    <> սովորույթը քրիստոնյա հայ ազնվական ընտանիքներում տարածված երևույթ է եղել: Նույնիսկ ազնվականները ունեցել են իրենց վարքագծի կանոնները, նորմերը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/10/03/1069906/

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031