Արարատի մարզի Նորաշեն համայնքի մի խումբ բնակիչներ, որոնք օրեր շարունակ իրենց գյուղում էին բողոքի ցույց անում, այսօր կառավարության շենքի մոտ էին: Ցույցի մասնակիցների պահանջն անփոփոխ է՝ վերականգնել համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները, որոնք, ըստ իրենց, անօրինական են դադարեցվել: Մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղապետի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ ասել է՝ վեց ամիս շարունակ նա ավագանու նիստ չի անցկացրել:
«Մարզպետ Գարիկ Սարգսյանը գյուղի բնակիչներին թափթփուկ անվանեց»,-ասացին բողոքի մասնակիցները:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ցույցի մասնակից «Ուժ եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Ալինա Մախսուդյանն էլ ասաց, որ ավագանու անդամներից մեկը՝ Գարիկ Սարգսյանը 2012 թվականին գերեզմանի համար պահուստային հողերը աճուրդով գնել է 400 հազար դրամով, հետո վաճառել է 20 հազար դոլարով.«Նախկին գյուղապետի օրոք է եղել այս ամենը: Գյուղացիներն ասում են՝ այս շիլա-շփոթը կազմակերպում է նախկին գյուղապետը, որը մարզպետի հոր ընկերն է»:
Ալինա Մախսուդյանը, որն ի պատասխան մեր հարցի, ասաց՝ ինքը Նորաշենի բնակիչ չէ, իսկ թե ինչը դրդեց նրան չլինելով այդ գյուղի բնակիչ, բողոքի ցույց անել Նորաշենի գյուղապետի համար, մեր այս հարցին էլ ի պատասխան, ասաց.«Իմ ընկերուհին է այնտեղ ապրում, իրենից եմ իմացել: Բացի այդ, իմ հորեղբոր աղջիկը Քաղցրաշենում հարս է, Արարատն այնքան մեծ մարզ է, որ բոլորս իրար հետ կապված ենք: Մեզ կպած գյուղն է, եթե կա անարդարություն, իմ կազմակերպությունը անաչառ լինելու է այդտեղ: Այս նույն առոգանությամբ կանգնած ենք եղել հեղափոխության առաջին շարքերում»:
Ըստ Մախսուդյանի, Նորայր Գրիգորյանը ընտրություններում նախկին գյուղապետին հաղթել է, մոտ 2000 ձայն ավել է հավաքել, ինչպես կարելի՞ է նրան մեղադրանքներ բերել, երբ 10 ստուգում է եղել, եւ ոչինչ չեն գտել: Հանել եք՝ հիմքեր ցույց տվեք»:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ են գյուղապետի համար ցույց անում թվով քիչ գյուղացիներ, եթե նա 2000-ին մոտ քվե է ստացել, Մախսուդյանը պատասխանեց.«Գյուղացին եռուզեռի մեջ է, աշխատանքի մեջ են»:
Մեր դիտարկմանը՝ մարզպետարանը հիմնավորում է, որ 6 ամիս նիստեր չեն եղել, ցույցի մասնակիցները վստահեցրին՝ գյուղապետը ավագանու նիստեր հրավիրել է, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել, քվորում չի եղել, այս մասին գյուղապետարանում արձանագրել են եւ տեղեկացրել մարզպետին:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ