Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ Դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կատարած արդյունավետ աշխատանքի համար: Հենց վերջինս էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ԵԱՏՄ մեդալ է հանձնել պարգևատրվածներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ