ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1978թ., 2018թ. հոկտեմբեր ամսին Երևան քաղաքում գործող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում ծանոթացել է Գյումրի քաղաքում հաշվառված 22-ամյա երիտասարդի հետ, ում հետ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ վերջինս առաջարկել է գնել համացանցում իրենից նյութական արժեք ներկայացնող և համապատասխան «կրիպտոբորսայում» վաճառելու հնարավորությամբ օժտված «մայնինգ» կատարող սարքեր, որոնց արդյունավետությունը հավաստելու համար հայտնել է, որ ինքն անձամբ զբաղվում է նշված գործունեությամբ՝ ցուցադրելով իր բջջային հեռախոսի համապատասխան բաժնում ֆիքսված բանկային հաշիվների գումարները:
Համաձայնելով գնել «Z9 mini» տեսակի «մայնինգ» կոչվող սարք, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի ավտոկայանատեղիին հարակից հատվածում 41-ամյա տղամարդը 22-ամյա երիտասարդին կանխիկ փոխանցել է համապատասխան գումարը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով սարքը մոտ 40 օրվա ընթացքում ձեռք բերելու և իրեն փոխանցելու վերաբերյալ: Այնուհետև վերջինս դեռևս համապատասխան տարածք չունենալու հետ կապված՝ 22-ամյա երիտասարդի առաջարկով համաձայնել է սարքը թողնել նրա տնօրինմանը, ով հայտնել է, որ սարքը կտեղադրի Գյումրի քաղաքում գտնվող, հորը պատկանող կաթի գործարանի տարածքում՝ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերելով, որ հիշյալ սարքը գործարկելու դիմաց ամեն ամիս իր հաշվեհամարին որոշակի գումար է փոխանցվելու:
Մինչև 2019թ. փետրվարի կեսերը, ընդառաջ գնալով երիտասարդի՝ ավելի բարձր արդյունավետությամբ և ավելի բարձր պարամետրերով սարքեր գնելու հետ կապված հորդորներին, Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ ՀՀ դրամի տեսքով: Այդ ողջ ընթացքում 22-ամյա երիտասարդը իր հաշվեհամարին է փոխանցել 10.000.000 ՀՀ դրամ գումար:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, պատվիրված սարքերի տեղադրման և գործունեության ծավալման նպատակով 41-ամյա տղամարդը հիմնադրել է «Մայնինգ» անունով ՍՊԸ, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում 22-ամյա երիտասարդը դադարեցրել է նրա հաշվեհամարին գումարների փոխանցումը, պատվիրված սարքերը, տարբեր պատճառաբանություններ հորինելով, չի փոխանցել նրան, շարունակ խուսափել է հեռախոսազանգերին պատասխանելուց ու հանդիպումներից՝ խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով վերջինիս կողմից փոխանցված գումարները:
Դեպքի առթիվ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, այնուհետև՝ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 22-ամյա երիտասարդի նույնատիպ գործողություններից տուժել են նաև 41-ամյա տղամարդու եղբայրը և ընկերը, ովքեր վերջինիս միջոցով ծանոթացել էին երիտասարդի հետ:
Ըստ նախնական տվյալների՝ տուժողներին պատճառվել է ընդհանուր` 1.046.000 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացվել՝ 22-ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որն իրականացնելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մայնինգ» սարքեր ձեռք բերելու պատրվակով 22-ամյա երիտասարդի գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց խնդրում ենք դիմել ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ զանգահարել 010 39 17 23 հեռախոսահամարով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին