Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Մակունց, հիասթափված եմ». Արման Բաբաջանյան

Հոկտեմբեր 03,2019 17:41

«Տիկին Մակունց, հիասթափված եմ. այն, ինչ դուք եւ Ձեր խմբակցությունը ներկայացնում եք այս փաստաթղթում, որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք, չափազանց թույլ է: Այն չի լուծում ՍԴ-ի հարցը, անգամ չի կարող լուծել ՍԴ նախագահի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը: Այն ավելի շուտ ճգնաժամի խորացում է` ԱԺ-ի կողից ընտրված դատավորի, երկրի վարչապետի, ԱԺ նախագահի կողմից հնչեցված իրավական, քաղաքական գնահատականների թուլացում, սնանկացում, արժեզրկում է»,- այսօր խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Արման Բաբաջանյանը: Նա գտնում է, որ ՍԴ-ն դուրս է եկել Սահմանադրության ուղեծրից եւ դա միայն Հրայր Թովմասյանով չէ պայմանավորված, ուստի մանդատն օգտագործել եւ գնալ զարտուղի ճանապարհով, չի կարելի:

Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այսօր նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ`Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել`անհամատեղելիության հիմքով: ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր լինելով՝ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ անդամ եւ պաշտոնավարել`անհամատեղելիության սկզբունքով`պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում չներկայացնելով: Արման Բաբաջանյանը վստահ է, որ իրավական այդ թնջուկը կիրառվել է նրա համար, որպեսզի Հրայր Թովմասյանը հին օրենքով դառնա ՍԴ նախագահ. «Կիրառվել է նախապես մշակված հանցավոր սխեմա, իշխանության բռնազավթում»: Դրա համար նա այսօր ՀՀ դատախազություն հաղորդում է ներկայացրել:

ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար, Արման Բաբաջանյանը կարծում է, որ պետք է վեր հանվեն անցած ավելի քան երկու տասնամյակում`2003-ից սկսած, ընդդեմ ՀՀ-ի ու ժողովրդի հավաքական կամքի դեմ ՍԴ որոշումները, մասնավորաբար ընտրական վեճերը, որոնք դառնում էին հաշվեհարդարների, կալանավորումների պատճառ: Պատգամավորը պնդում է, որ 2003-ից սկսած բոլոր ընտրական վեճերին, այդ մասով ՍԴ որոշումներին զուգորդած քաղաքական իրավիճակները պետք է վեր հանվեն` ուսումնասիրվի ՍԴ անդամների վարքագիծն այդ ընթացքում, իշխանության ներկայացուցիչների հետ նրանց կապերը եւ այլն:

«ՍԴ-ի եւ ՍԴ անդամների լյուստրացիա է մեզ անհրաժեշտ»,- հայտարարեց նա` հավելելով, որ այս իրավիճակը կարգավորելու համար ԱԺ-ն նոր ՍԴ-ի ձեւավորմանը պետք է ձեռնամուխ լինի` հայտարարությամբլուծարելով ՍԴ-ն եւ դիմելով սահմանադրական մարմիններին`թեկնածություններ առաջադրելու համար: Արման Բաբաջանյանը կարծում է, որ սա պետք է արագ արվի, քանի որ ճգնաժամը խորանում է` հաշվի առնելով Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելու փաստը եւ այսօրվա տեղեկությունը, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել այդ դիմումը. «Վտանգավոր եզրին է հասնում այս ճգնաժամը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031