Հոկտեմբերի 2-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Արգոնավորդները» ներառական պարային ներկայացման պրեմիերան, որը միավորել էր հաշմանդամություն ունեցող և չունեցող, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ արտիստների Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Միացյալ Թագավորությունից:
Ներկայացումը բեմադրվել էր Միացյալ Թագավորության «Քենդուկո» ներառական պարային խմբի, «Լոսթ Դոգ», պարարվեստի թատրոնի և Բրիտանական խորհրդի համագործակցությամբ և ամփոփում էր «Պար` առանց սահմանների» նախագծի չորսամյա գործունեությունը տարածաշրջանի երկրներում:
20 րոպե տևողությամբ բեմադրությունը առասպելական հայտնի պատմության վերարտադրումն է՝ խոսքի, պարի և շարժումների միջոցով: Ներկայացումը հայ հանդիսատեսին ցուցադրվեց «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում։
«Այս ներկայացումը հայացք է, թե ինչպես ենք պատմությունները պատմելու և վերապատմելու միջոցով կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը: Դա ներկայացում է առասպելականի և աշխարհիկի մասին, և թե ինչպես դրանք իրականում շատ ավելի մոտ են, քան կարծում ենք», ներկայացման մասին նշեց «Լոսթ Դոգ» պարարվեստի թատրոն գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկը:
Կարդացեք նաև
«Անչափ ուրախ ենք «Հայֆեստ» փառատոնի շրջանակում հյուրընկալելու «Քենդուկո» պարային խմբին, որին հայ հանդիսատեսը ծանոթ դեռևս 2013 թ–ից, երբ նրանց և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում ստեղծվեց առաջին ներառական պարային խումբը: Խումբը մինչ օրս գործում է Երևանի Փոքր Թատրոնին կից և պարբերաբար ներկայացումներ է բեմադրում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բեմահարթակներում: Այս հիանալի նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում հաշմանդամություն ունեցող արտիստներին արվեստի միջոցով բացահայտել իրենց ներուժը, ինչպես նաև կոտրել արվեստի և հաշմանդամության մասին առկա կարծրատիպերը», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական խորհրդի հանրային կապերի թիմ