Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորականները 2 օբյեկտում նստած խմել են, մարդկանց հետ խնդիրներ ունեցել». Մարզպետի օգնականի հայրը մանրամասներ է պատմում

Հոկտեմբեր 03,2019 17:15

Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով կալանավորված եղբայրների Հարություն եւ Զավեն Գրիգորյանների հայրը պաշտոնյա է, նա Վայոց Ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանն է:

Արամ Գրիգորյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ ներկայացրեց որդիների մասնակցությամբ միջադեպից: Նրա պատմելով՝ իր որդիներից Հարությունը, որը նաեւ միջադեպից հետո հրաժարական տված մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր, դեպքի օրը աշխատանքից հետո՝ կեսգիշերին, տուն վերադառնալիս իրենց տան շքամուտքի մոտ տեսել է 4 զինվորականների, որոնք բարձր ձայնով խոսում էին, վիճում. «Վիճում ոչ այնքան ցենզուրայի մեջ. Հարությունը մինչ մեքենան էր շենքի բակում կանգնեցնում, իջեցրել է կողապակին, զինվորականներից մեկն անմիջապես նկատողություն է արել՝ ինչի ես նայում, ինքն էլ պատասխանել է՝ ուշ ժամ է, ինչի եք գոռգոռում, էստեղ մարդիկ են ապրում: Մինչեւ մեքենան կանգնեցրել է, դուռը բացելիս արդեն հայտնվել է զինվորականների մեջ, նրանք անմիջապես մոտեցել են իրեն: Ինքը չի հասցրել մեքենայի շարժիչն անջատել, մեքենայի դուռը փակել՝ դուրս է եկել ընկել քաշքշոցի մեջ: Ասել են տղայիս ՝ ով ես դու, մենք քո նմաններին դաստիարակում ենք, արի տեսնենք՝ ով ես դու, որ մեզ նկատողություն ես տալիս ու այդ ամենը հայհոյանքներով»:

Արամ Գրիգորյանի խոսքով, վիճաբանության մասնակիցներից ոչ մեկը ոչ մեկի չի ճանաչել: Նա նաեւ ասաց, որ կան փաստող ապացույցներ, որ զինվորականները դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ են եղել. «Կան փորձաքննության արդյունքներ, որ նրանք երկու օբյեկտում նստած խմել են, օբյեկտներում մարդկանց հետ նույնիսկ խնդիրներ են ունեցել, քեֆները լավ է եղել»:

Մեր զրուցակցի խոսքով, միջադեպի ժամանակ իր որդին քաշքոցից մի կերպ փախել է, մտել շքամուտք, զինվորականները հետեւից են վազել՝ հետապնդելով մինչեւ շենքի երրորդ հարկ, որտեղ ապրում է որդին: Վերջինս, ըստ մեր զրուցակցի, մտածել է վերեւի հարկեր բարձրանա, որ զինվորականները չիմանան՝ որն է իր տունը. «Որովհետեւ կինը տանն էր, ինքը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Զինվորականներից երկուսն ավելի ադեկվատ վիճակում են եղել ու Արային եւ մյուսին համոզել են Հարությունի հետեւից վերեւ չբարձրանալ ու համոզելով՝ իջել են երրորդ հարկից ներքեւ: Հարութը հիշել է՝ մեքենայի շարժիչն անջատած չէ, բանալին վրան է, դուռը՝ չփակված: Իջել է նորից եւ առաջին հարկում ընկել նորից քաշքշոցի մեջ: Այդ քաշքշոցի մեջ Արան ընկել է, ոչ մեկի ձեռքին որեւէ զենք, քար կամ գործիք չի եղել, ու Արան, ըստ երեւույթին, ընկնելիս կպել է աստիճաններին, որոնք բավականին անհաջող են, կտրուկ բարձր են, այդպիսի վնասվածք նա այլ կերպ չէր կարող ստանալ»:

Արամ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հարությունի ընկերներն ու եղբայրը՝ Զավենը, որ նախօրեին ձերբակալվեց, Արայի ընկնելուց ու վնասվածք ստանալուց հետո են դեպքի վայր եկել: Ըստ նրա՝ հենց Հարությունն էլ շտապ օգնություն է կանչել Արայի համար:

Զինվորականների ցուցմունքները, ըստ մեր զրուցակցի, մինչեւ երկու օր առաջ իր որդիներին վերաբերող դրվագներով բավականին դրական էին, համընկնում էին որդու՝ Հարությունի ցուցմունքի հետ, բայց դրանք փոխվել են. «Ամենավատ ցուցմունք տվողը մի աղջիկ է, որը նորից զինվորական ծառայության մեջ է: Այդ աղջկան բոլոր եղեգնաձորցիներն են ճանաչում որպես ոչ ադեկվատ անձնավորություն: Նա դեպքի վայրի կողքի շենքում է ապրում: Դեպքին մասնակցած զինվորականների ցուցմունքներն ակնհայտորեն տարբերվում էին այդ աղջկա տված ցուցմունքից մինչեւ երկու օր առաջ: Բայց հիմա այդ զինվորականների ցուցմունքները կտրուկ փոխվեցին ու նմանվեցին այդ աղջկա ցուցմունքին: Իմ մեծ տղայի՝ Զավենի վրա, որը երեկ ձերբակալվեց, միայն այդ աղջիկն էր ցուցմունք տալիս»:

Արամ Գրիգորյանը կասկածներ ունի, որ ճնշումներ են եղել զինվորականների վրա: Կատարվածը մեր զրուցակիցը համարում է ողբերգություն եւ բացատրում է, որ մինչեւ հիմա իրենց չխոսելը պայմանավորված էր Արայի վիճակով: Նրա խոսքով, իրենք ամեն օր են աղոթում Արայի ապաքինման համար ու ուրախ են, որ նրա առողջական վիճակում կա դրական միտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031