Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նա չկա, ու դուք գնալու եք նրա հետեւից». Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանին

Հոկտեմբեր 03,2019 16:02

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել խորհրդարանի նկատմամբ`առանձնացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցի քննարկման ժամանակ:

Ալեն Սիմոնյանը բացասական գնահատեց, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցում հարցի քննարկմանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը: «Լուսավոր Հայաստանը» կիսում է «Իմ քայլի» մոտեցումները:

Երեկ տված հարցազրույցում Հրայր Թովմասյանն ասել էր, որ իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է, որի մեկ նպատակն է` «քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ, մի մարմին, որը կարող է քաղաքական որոշումներին ասել՝ ստոպ, որովհետեւ այն հակասում է Սահմանադրությանը»։

«Պարոն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը մեկ անդամն եք այդ դատարանի, մի վերագրեք ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան, մի փորձեք դրանով «հանցակից» սարքել մնացած անդամներին, դատավորներին»,- Հրայր Թովմասյանին հակադարձեց Ալեն Սիմոնյանը` հավելելով. «Ասում եք՝ քաղաքական որոշում։ Մեկ հարցի շուրջ է այս օրերին քննարկում եղել, որի հետ կապված մի որոշում եք հրապարակել, որով հետաքրքրված կողմերն ընկել են, ժողովրդական լեզվով ասած, կոֆեի բաժակ նայողի դռները, որ հասկանան՝ ինչ եք գրել: Ի՞նչ քաղաքական որոշման մասին է խոսքը»: Ալեն Սիմոնյանը նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն է բերում։ Հանրությունը չի վստահում եւ չի վստահելու ձեր որոշումներին: Ասում եք՝ նա չկա, ով ինձ նշանակել է: Այո, նա չկա, ձեզ նա չի նշանակել, ձեզ ԱԺ-ն է նշանակում: Նա չկա, ու դուք գնալու եք նրա հետեւից։ Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին: Դուք եղել ենք նրանց պրոյեկտներն իրականացնողները: Իրավական ձեւակերպում տալու համար ձեզ վարձահատույց են եղել: Դուք վստահություն չեք վայելում, պարոն Թովմասյան»:

Այնուհետ ելույթ ունեցած «Իմ քայլի» բոլոր պատգամավորները սլաքներն ուղղեցին դեպի ԲՀԿ-ն: Վիկտոր Ենգիբարյանի համար «անհասկանալի, որոշ դեպքերում նաեւ կասկածելի» է թվում ԲՀԿ-ի մոտեցումը, Նազելի Բաղդասարյանն էլ ասաց`չի կասկածում ԲՀԿ-ական պատգամավորների, առավել ևս Գագիկ Ծառուկյանի իրավական գիտելիքների վրա` հեգնելով այն, որ ԲՀԿ-ն հարցի քվեարկությանը չի մասնակցում, քանի որ «Իմ քայլի» ներկայացրած իրավական հիմքերը թույլ են:

ԲՀԿ-ականների ուղղված նախատինքներին պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նկատեց, որ երեկվանից հուզական, ազգային ազատագրական, ռազմահայրենասիրական ոգով գնահատականներ են հնչում իրենց դիրքորոշման վերաբերյալ. «Մեր գնահատականը բացառապես իրավական է` իրավական առումով խոցելի է ներկայացված նախագիծը եւ այդ է պատճառը, որ չենք մասնակցում քվեարկությանը»: Դիմելով Նազելի Բաղդասարյանին էլ ասաց` մեր պատրաստած մի քանի էջանոց տեղեկանքը բավական ուսանելի կլինի, եթե կցանկանաք ընթերցել այն: Տեղեկանքն էլ հիմնավորում է «Իմ քայլի» ներկայացրած փաստարկների թույլ լինելը`սկսած նրանից, որ «Իմ քայլի» նախագծում իբրեւ աղբյուր Վիկիպեդիան է նշվել»:

«Հրայր Թովմասյանը ԲՀԿ-ից որեւէ մեկի կուռքը չէ, որեւէ մեկը նրա ֆան ակումբի անդամը չէ, դա է պատճառը, որ 2018-ին դեմ ենք եղել նրա թեկնածությանը: Ձեր ներկայացրած նախագիծը իրավական առումով թերի է»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը` հավելելով`եթե այդքան կարեւոր էր ԲՀԿ-ի մոտեցումը, կարելի էր նախագիծը մինչ ներկայացնելը քննարկել:

Ավելի ուշ իր ելույթում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ Արման Աբովյանի հետ ինքը քննարկել է: Արման Աբովյանն էլ հակադարձեց`ընկերական զրույցում Լիլիթ Մակունցն իրեն ասել է փաստաթղթի մասին. պաշտոնական ներկայացում, առավել ևս քննարկում`չի եղել: Իվետա Տոնոյանը եւ Արման Աբովյանը վստահեցրին`ԲՀԿ-ն որեւէ կերպ կաշկանդված չէ եւ եթե իրավական առումով փաստարկները լինեն հիմնավորված, իրենք որեւէ խնդիր չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031