«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը՝ իր լիազորությունների դադարեցման հարցով գործընթացի առնչությամբ: Նա ասաց. «Ես համաձայն չեմ իր հետ, այս պրոցեսն ամբողջությամբ իրավական է: Ինքը իրավունք ունի մասնակցելու այդ նիստին, այդ իրավունքից ինքը կարող է օգտվել, կարող է չօգտվել այդ իրավունքից: Ավելի կողմ կլինեի, որ պրոցեսը լիներ քաղաքական, պրոցեսը քաղաքական չի, զուտ իրավական է: Ձևակերպումներն էլ որոշման մեջ, որոնք լրամշակվել են, ուղղվել են ամբողջությամբ լինելու իրավական: 4 իրավական հիմքեր կան»:
Նիկոլ Բաղդասարյանն ասաց, որ Թովմասյանը զուտ իր անձնական տեսակետն է հայտնել՝ գործընթացը քաղաքական որակելով, լրագրողները հիշեցրին, որ ԲՀԿ-ն նույնպես դա քաղաքական էր գնահատել: Բաղդասարյանն ասաց. «Եթե ինքնաբացարկ ներկայացնեմ որեւէ դատավորին, ասենք՝ դուք իրավունք չունեք մասնակցել, դատավորը կարող է ասել՝ ունի…այստեղ հիմնավորված եւ անհիմն լինելու հարցը որոշելու է ՍԴ-ն, այսինքն՝ իր կոլեգաները: Հրայր Թովմասյանը պետք է մի փոքր զսպվածություն դրսեւորի եւ գնահատականները կարող են հետեւանք առաջացնել հենց իր կոլեգաների նկատմամբ: ԱԺ-ն չի որոշում՝ դա հիմնավոր է, թե չէ»:
Լրագրողներն ասացին՝ Հրայր Թովմասյանը շեշտեց, որ իրավական գնահատականներ չի տալիս, որպեսզի հետագայում դրանք ճնշում եւ ուղղորդում չորակվեն՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե մարդը ասում է՝ քաղաքական է խնդիրը, իրավական չի, դրանից ավել ի՞նչ պիտի ասեր: Չի ասում՝ թող քննարկեն եւ դատարանը որոշի: Ավել ի՞նչ պիտի ասեր, որ այդ մարդկանց վրա ճնշում առաջացներ, եթե մարդը ասում է՝ այստեղ հիմա չկա իրավական, սաղ քաղաքական է: Ինքը զուսպ պետք է մնա, եթե ինքը ասում է՝ սա քաղաքական է, մեսիջ է ուղարկում մնացած դատավորներին, որ հիմնավոր չեն այս հիմքերը: Նման կերպ չպետք է ՍԴ նախագահը վարվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ