Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվա՛ն Վարդանյան, ինչի՞ ես հայհոյում, դու ո՞վ ես, դու կա՞պ ունես Արփինե Հովհաննիսյանի հնչեցրածի հետ». Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 03,2019 13:19

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ տվեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին՝ երեկվանից համացանցում քննարկվող իր արտահայտության հետ կապված:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անհանգստացել է, երբ Թեւան Պողոսյանն է ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից. «Ասացի՝ Թեւան, ներողություն ինչի՞ համար ես խնդրում: Որտե՞ղ է վիրավորանքը, եթե վիրավորանք ես տեսնում իմ ասածի մեջ, մի հատ հետ գնա, տես 24news-ը ոնց է տալիս այդ հնարավորությունը, որպեսզի վարկաբեկվի իմ անձը: Ես ապրել եմ մի կյանք, որով շատերը լրագրողներից իմ տանն են եղել, գիտեն»:

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նախկինների կոռուպցիայի մասին, ասաց, որ Արփինե Հովհաննիսյանն էլ է կրում պատասխանատվություն՝ որպես ՀՀԿ-ական, Մարտի 1-ի կոծկումների համար. «Էս հիստերիան, որ բարձրացվել է, Շուշան Պետրոսյանը, ՀՀԿ-ի չգիտեմ որերորդ համարը, նախկին դաշնակ Աղվան Վարդանյանը, դրա հայհոյանքները, Աղվա՛ն Վարդանյան, ինչի՞ ես հայհոյում, դու ո՞վ ես, դու կա՞պ ունես Արփինե Հովհաննիսյանի հնչեցրածի հետ…գեղեցիկ չի: (Աղվան Վարդանյանը մի քառատող է հրապարակել իր 1987-ին գրված բանաստեղծությունից՝ նշելով, որ դա անում է ի պաշտպանություն Արփինե Հովհաննիսյանի. «Պնակալեզ պատեհապաշտ, բ-ի տղերք,/Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց, / Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝/Ձեր արածը մի օր պիտի գա ձեր դիմաց․․․».- խմբ.) Արփինե Հովհաննիսյան, որ տենց խոսում ես՝ կոռուպցիան 98-ից էս կողմ , թե էն կողմ…կոռուպցիան պետք է գլխատվի բոլոր մակարդակներում, համակարգը պետք է մաքրվի, բայց դուք ձեր հարստությունը դիզել եք միայն կոռուպցիայի շնորհիվ: Չի լինում էդպես, բիզնեսով էդպիսի հարստություն չի լինի: Եթե որեւէ մեկը վիրավորվել է, թող ինքը հանդես գա, բայց ոչ իր ֆեյքը, կամ նախկին դաշնակ Աղվան Վարդանյանը: Թող ինքը առարկայական ասի: Թող ինքը հայտարարագրի իր մեքենաները, իր տունը, ես ինչ ունեմ՝ հայտարարագրել եմ, եւ ինձ, որպես օրինակ, ինքը բարոյական իրավունք չունի բերի: Որովհետեւ ես իրենից պահանջելու եմ, որպեսզի ինքը ներողություն խնդրի՝ որպես նախկին ՀՀԿ-ն սպասարկած ինտելեկտուալ իրավական պատասխանատու, որի արդյունքում մեր երկիրն ունեցավ այսպիսի խայտառակ կոռուպցիոն համակարգ»:

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց, որ ինքն իր ասելիքից չի հրաժարվում, պատասխանել է Արփինե Հովհաննիսյանի խոսքերին, իսկ հակառակ կողմը միայն հայհոյանքներով է իրեն արձագանքել՝ ֆեյքերով. «Եթե Արփինե Հովհաննիսյանի հայտարարած ռեսուրսը դա է, ես իրեն պարզապես ցավակցում եմ»:

Հարցրեցինք՝ ներողություն չեք պատրաստվում խնդրել, բայց չե՞ք համարում, որ ձեր ասածը, այնուամենայնիվ, վիրավորանք է եղել, եթե նույնիսկ դուք վիրավորանքին եք պատասխանել, նա պատասխանեց. «Ես վիրավորանք չեմ տեսնում, նույնիսկ ես չեմ տեսնում, որ այդ վիրավորանքը արտահայտել է Արփինե Հովհաննիսյանը կամ իր ընտանիքի որեւէ անդամ: Վիրավորանքը զգացել են իմ նախանշած մարդիկ: Եթե հայտնի կամ անհայտ հասկացությունն է վիրավորել ինչ-որ մեկին, ես պատրաստ եմ այդ հարցը քննարկել տիկին Հովհաննիսյանի հայրիկի հետ, եթե վիրավորական որեւէ բան կա, պատրաստ եմ հենց հիմա»: Ավելի ուշ նա իմացավ, որ Հովհաննիսյանի հայրը մահացած է:

Դիտարկմանը, որ անձնական տիրույթ եք ներխուժել՝ հիշատակելով իր ընտանիքի անդամին՝ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը լրագրողի հարցին եմ պատասխանել: Լրագրողը հարցնում է՝ տիկին Հովհաննիսյանը ձեր մասին այսպիսի բան է ասել, ասեմ՝ լա՞վ է արել տիկին Հովհաննիսյանը, գենդերային հավասարությո՞ւն է, էս ի՞նչ եք ասում: Տիկին Հովհաննիսյանը առաջին հերթին քաղաքական գործիչ է, սովորական կին չի, ինքը ՀՀԿ երրորդ համարն է, կրում է պատասխանատվություն նաեւ իր քաղաքական հայտարարությունների համար, ես ընդամենը պատասխանել եմ»:

Ըստ նրա, քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի թե՛ հարվածներ ստանա, թե՛ հարվածներ կրի:

Aravot.am-ի հարցին՝ ձեզ քննադատում են, որ եթե Արփինե Հովհաննիսյանը հայտարարություններ է արել, դուք այդ հարթության մեջ պիտի պատասխանեիք, անձնական տիրույթ չմտնեիք, մայրիկ ու հայրիկ չհիշեիք, դուք այդ սահմանը, կարմիր գիծն եք անցել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարող է ինքը որպես օրինակ հայտարարագրման հետ կապված հարցնի իր ընտանիքի անդամներին՝ նրանք ինչ-որ բան հայտարարագրե՞լ են, թե՞ չէ: Ինձ որպես օրինակ օգտագործելուց առաջ շատ լավ օրինակ կարող էր ունենալ, ինչի՞ Քոչարյան Անդրանիկ, Հովհաննես Իգիթյան»:

Հարցին՝ «կարմիր գիծը» չե՞ք անցել՝ նա պատասխանեց. «Ոչ, եթե անցնեմ, ես այդքան տակտ ունեմ»:

Մեր դիտարկմանը, որ ներողություն խնդրելը նվաստացուցիչ չէ, դուք պիտի լավ առումով տարբերվեիք նախորդներից՝ Քոչարյանն արձագանքեց. «Եթե ես ներողության բան տեսնեի, անպայման, չկասկածեք, ներողությունը կլիներ, բայց ես ակնկալում եմ, որ վիրավորված տիկին Հովհաննիսյանը ինչ-որ ձեւ քննարկի, թե ինչու այսպես առաջացավ, ոչ թե իր փոխարեն խոսեն այլ մարդիկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031